Summer Fest-ին Newmag֊ը կներկայացնի Անդրե Աղասիի «Անկեղծորեն» ինքնակենսագրականը (թրեյլեր)
06/17/2026
Թենիսի լեգենդի ամենաանկեղծ խոստովանությունը՝ հայ ընթերցողին։ Հեղինակը բացահայտում է, թե ինչ գին կարող է ունենալ հաջողությունը, երբ այն կառուցվում է սեփական ցանկություններից հրաժարվելու հաշվին։
Newmag-ն ու ROQ Capital-ը ներկայացնում են ամերիկահայ լեգենդար թենիսիստ Անդրե Աղասիի աշխարհահռչակ ինքնակենսագրականը՝ «Անկեղծորեն» գիրքը։ Սպորտային հուշագրության դասական համարվող այս գիրքը պատմում է ոչ միայն հաղթանակների ու ռեկորդների, այլև այն մարդու մասին, որը տարիներ շարունակ պայքարել է սեփական ընտրած չլինող կյանքի, ճնշումների և ներքին հակասությունների դեմ։
Անդրե Աղասին համաշխարհային թենիսի ամենավառ դեմքերից է։ Իր քսանամյա կարիերայի ընթացքում դարձել է աշխարհի առաջին ռակետը, նվաճել օլիմպիական ոսկե մեդալ և հաղթել «Մեծ սաղավարտի» ութ մրցաշարերում։ Սակայն «Անկեղծորենը» մարզական նվաճումների տարեգրություն չէ։
Գրքում Աղասին պատմում է մանկության մասին, որը ձևավորվել է խիստ կարգապահության և հոր անզիջում պահանջների պայմաններում։ Թենիսը նրա համար վաղ տարիքից դարձել էր ոչ թե ընտրություն, այլ պարտավորություն։
Աղասին առաջին մեծ մարզիկներից էր, որ հրապարակավ խոսեց պրոֆեսիոնալ սպորտի ստվերային կողմերի մասին։ Անկեղծորեն պատմում է հոգեբանական ճնշումների, անձնական ճգնաժամերի, հանրային կերպարի և իրական ինքնության միջև հակասությունների, ինչպես նաև կյանքի այն շրջադարձերի մասին, որոնք ստիպել են վերաիմաստավորել սեփական ճանապարհը։
«Անկեղծորենը» լույս տեսնելուց հետո անմիջապես դարձավ բեսթսելեր և արժանացավ հեղինակավոր լրատվամիջոցների բարձր գնահատականներին։ The New York Times-ը գիրքն անվանել է բացառիկ կենդանի ու խորապես մարդկային հուշագրություն, իսկ The Wall Street Journal-ը նշել է դրա աննախադեպ անկեղծությունն ու գրական ուժը։
«Անկեղծորեն» գրքի հայերեն թարգմանությունը կատարել է Լուսինե Կոշեցյանը։ Հուշագրության գլխավոր գործընկերը ROQ Capital-ն է։
Շնորհանդեսը տեղի կունենա Newmag Summer Fest2026-ին, Գլխավոր բեմին՝ 19:30, մոդերատոր՝ Աննա Սալոմե։
Անդրե Աղասի
6800 ֏
Նկարագրություն
Անկեղծ է, քան ամենաբարձր մակարդակի պրոֆեսիոնալ թենիսի մասին հրաշալի հուշապատում։ «Անկեղծորենը» արտասովոր կյանքի տպավորիչ պատմություն է։ Անդրե Աղասիի կյանքը կանխորոշված էր դեռ օրորոցից։ Նրան վիճակված էր դառնալ թենիսի չեմպիոն իր տրամադրության մարդ և շատ պահանջկոտ հոր ջանքերով։ Աղասին հաղթել է 8 ամենանշանակալի մրցամարտերը և հարստության, հռչակի և բարձրագույն պարգևների արժանացել մինչև 22 տարեկան հասակը։ Բայց ինչպես այս պրպտուն ինքնակենսագրականն է բացահայտում, կորտից դուրս նա հաճախ դժբախտ ու շփոթահար է եղել և չի բավարարվել կորտում իր խոշոր ձեռքբերումներով։ Նա կյանքից վիրավորված է եղել։ Աղասին անկեղծորեն պատմում է իր առաջին հաջողությունների, Բրուք Շիլդսի հետ ամուսնության, մարդասիրության նկատմամբ աճող հետաքրքրության մասին։ Նա կետ առ կետ նկարագրում է իր փայլուն կարիերայի թռիչքներն ու անկումները։
Կարդա նաև
Ինչու է Ֆինլանդիան արդեն 9-րդ տարին համարվում աշխարհի ամենաերջանիկ երկիրը
Newmag-ն Արմենիա Հ/Ը «Բարի լույսում» ներկայացրել է պատանիների, դեռահասների ու ամենափոքրիկների համար չորս նոր գիրք (տեսանյութ)
Տեղի ունեցավ Նոյել Ջենիս-Նորթոնի «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Տեղի ունեցավ «Երբ ծաղկում է ծիրանենին» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)