Նրանք ունեն անձնագրային նույն տվյալները. Տոքսին Խաչատրյան` կին և տղամարդ

September 12, 2016

Պարոն և տիկին Տոքսինները իրար երբեք չեն հանդիպել: Միմյանց գոյության մասին իմացել են վերջին մեկ տարում: 2015-ի գարնան վերջին Տոքսին պապին հայտնեցին, որ նպաստ չի ստանալու: Պատճառը իրեն պատկանող հողակտորն է, 50 հազար դրամ թոշակը: Ծերունին իրեն վերագրված ունեցվածքի մասին գաղափար անգամ չուներ: Նրան 3 ամիս նպաստ չտվեցին, մինչև պարզեցին տիկին Տոքսինի գոյության մասին ու հաստատեցին, որ հողակտորի սեփականատեր Տոքսին Գևորգի Խաչատրյանն իրականում կին է: Եվ ոչ թե ապրում է Նորք-Մարաշի 4-րդ փողոցի 26 տանը, այլ Արմավիրի մարզի Գայ գյուղում:
Դիմագծերով, բնավորությամբ ու ճակատագրերով տարբեր են, բայց ունեն նույն անունը, ազգանունը, հայրանունը: Սա քիչ է, նաև ծնվել են նույն օրը: Հայաստանում անձնագրային տվյալների նմանությամբ 111 զույգ է ապրում: 111-ից միայն այս զույգի դեպքում է, որ նույն տվյալներով քաղաքացիները տարբեր սեռի են:
 Տոքսին

Ազգանուն՝ Խաչատրյան


Հայրանուն՝ Գևորգի


Ծննդյան թիվ՝ 1937


Սեռ՝ իգական


Լանջաղբյուրցի Խաչատրյանների ընտանիքում 37-ի հոկտեմբերի 22-ին ծնված աղջիկն ամենափոքրն էր՝ 7-րդը: Միհրանը, Հայկը, Վաղինակը, Միծիկարն ու Վելմիրը մի քույր արդեն ունեին՝ Լուսինը: Տան փոքրի համար ծնողները երկար չմտածեցին. Վերցրին ոսկերչական խանութի անունը՝ Տորգսին [1]: Երեխայի ծննդականում այն դարձավ Տոքսին: Տոքսինն ամուսնացավ 17 տարեկանում: Հենց դպրոցն ավարտեց, Ռազմիկն ամուսնության առաջարկ արեց: Համատեղ կյանքի կես դարի ընթացքում զույգը 3 երեխա է մեծացրել: Ռուբենը, Շողիկն ու Արշավիրը նրանց 8 թոռ են պարգևել: Գերդաստանում արդեն 7 ծոռ է ծնվել: Նրա արտասովոր անունը հաջորդներին չի փոխանցվել: Երբ թոռնուհուն անվանակոչեցին ամուսնու քրոջ անունով՝ Մարիետա, Տոքսինը նեղսրտեց.
«Էդ ի՞նչ անուն է, մեռածի անունն ինչո՞ւ եք դնում»: Տոքսին տատն իր անունը ժառանգություն թողնելու մտքից հրաժարվեց, երբ իմացավ, թե ինչ է նշանակում իր անունը [2]:

 Տոքսին


Ազգանուն՝ Խաչատրյան


Հայրանուն՝ Գևորգի


Ծննդյան թիվ՝ 1937


Սեռ՝ արական


Թավ բեղերը 80-ամյա ծերուկին ճանաչելի չէին դարձնի, եթե չլիներ արտասովոր անունը՝ Տոքսին: Տղան հրշեջ Գևորգի ընտանիքի առաջնեկն էր: Անդրանիկ որդուն Խաչատրյաններն անվանակոչեցին հեռավոր ազգականի պատվին, որ նրա պես խոհեմ ու հարգված մարդ լինի: Տոքսին Խաչատրյանը ծնվել է Երևանում, սովորել է Գորկու անվան դպրոցում: Վաղ տարիքում հորը կորցնելուց հետո նա անցել է աշխատանքի՝ հոգ տանելով մոր, 3 եղբայրների ու 4 քույրերի մասին: Վարպետ Տոքսինի ձեռքով են նորոգվել կրթական խոշոր հաստատությունները: Ասում է՝ Աբովյան փողոցի պատմական շինությունները՝Պետական համալսարանն ու Ագրարային համալսարանը, ինքն է նորոգել:
«Անունս չի խանգարել: Հակառակը, ոչ ոք չէր շփոթում ինձ: Կինս էր միայն դժվարանում, երբեմն մոռանում էր, դժգոհում էր՝ էդ ի՜նչ անուն ա»:
Տոքսին պապն այժմ 9 թոռ ունի, 10 ծոռ: Նրանց անունները հազիվ է մտաբերում, բայց հաստատ է հիշում՝ իր անունը ոչ ոք չի կրում: Ինքն է ընդդիմացել:
___________
1 Торгсин - Торговля с иностранцами. 1930-ականներին խորհրդային առևտրային կամակերպություն, որը սպասարկում էր արտասահմանցիներին, որոնք ունեին վալյուտա, ոսկի, արծաթ, թանկ քարեր:

2 Տոքսին՝ τοξικός (toxikos), նշանակում է թունավոր նյութ, կենսաթույն: դուբլիկատ