Լրիվ swedish. Աշխարհը քննարկում է Թրամփի հայտարարությունը Շվեդիայի մասին. շվեդներն ապշած են

February 20, 2017

Փետրվարի 18-ին Ֆլորիդայում կողմնակիցների հետ հանդիպմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը դարձել է սոցցանցային ծաղրի առարկա: Նախագահը հայտարարել է. «Մենք պետք է ապահովենք մեր երկրի անվտանգությունը: Տեսեք՝ ինչ է կատարվում Գերմանիայում, տեսեք՝ ինչ տեղի ունեցավ նախօրեին երեկոյան Շվեդիայում: Ո՞վ կմտածեր, Շվեդիայում: Նրանք ընդունեցին շատ ներգաղթյալի և հիմա ունեն խնդիրներ, որոնց մասին չէին էլ մտածում»: Թրամփը հստակ չի ասել, թե որ ահաբեկչական գործողություն նկատի ունի, բայց թվարկել է երկրներ ու քաղաքներ, որտեղ վերջին շրջանում բազմաթիվ պայթյուններ են եղել՝ Բրյուսել, Փարիզ, Նիս:
Շվեդները զարմացել են: Այդ երկրում գրեթե ոչ մի բռնություն տեղի չի ունենում: Օգտատերերը փորձել են պարզել, թե ինչ է իրականում կատարվել Շվեդիայում, և ինչ է նկատի ունեցել Թրամփը: Շվեդները փաստել են, որ փետրվարի 17-ին իրենց երկրում միակ ուշագրավ իրադարձությունը եղել է երաժշտական փառատոնի հերթական փուլի մեկնարկը:
Ու սկսվել է սոցցանցային ծաղրի շքերթը: Շվեդիայի նախկին արտգործնախարար Կարլ Բիլդտը Twitter-ում գրել է. «Շվեդիայում ահաբեկչությո՞ւն, հետաքրքիր է՝ ինչ է ծխել Թրամփը»: Վաշինգտոնում Շվեդիայի դեսպանը դիմել է Սպիտակ տանը՝ պահանջելով բացատրություն, կամ առնվազն՝ տեղեկություն, թե ինչի մասին է խոսել Թրամփը:
Օգտատերերը ստեղծել են #LastNightInSweden հեշթեգը ու սկսել են մեկտեղել Թրամփին ծաղրող գրառումները: Ավելի ուշ ծաղրի է վերածվել հենց հեշթեգը #JesuisIKEA, #JesuisABBA, #saveABBA և այլն:  
Համացանցային ու միջազգային սկանդալից հետո ի վերջո պարզվել է, որ ԱՄՆ նախագահը ազդված է եղել FoxNews հեռուստաընկերության եթերում հարցազրույց տվող վավերագրական ֆիլմերի ռեժիսոր շվեդ Էմի Հորովիցի խոսքերից: Ռեժիսորը հայտարարել է, թե Շվեդիայում հանցավորության մակարդակն աճել է ներգաղթյալների պատճառով: Ու վերջ: Թրամփն ամեն ինչ, մեղմ ասած, չափազանցված է հասկացել:   
Բայց նույնիսկ այդ դեպքում շվեդները տարակուսանքի մեջ են: Հանցավորությունը երկրում ընդհանրապես չի աճել: Այն գրեթե չկա, ու արդեն 300 տարի: Դարավոր խաղաղությունից ու չփոփոխվող բարեկեցությունից սուր զգացողությունների սիրահարների համար Շվեդիայում կարող է տեղի ունենալ միայն մեկ արտառոց իրադարձություն՝ դժոխային ձանձրույթ: