Պատառիկներ Կիլիկյան թագավորությունից

October 2, 2014

Լեռնային Կիլիկիայի բերդաքաղաքները մնացին սարերի և կիրճերի ետևում: Անծայրածիր մշակված դաշտեր, ճեպուղիներ, որոնցով սլանալն ուղղակի հաճույք է: Առաջնորդվում ենք քարտեզով (թեև դրա կարիքն առանձնապես չկա), որովհետև ճանապարհային նշանները հստակ ուղեկցում են: Քաղաքների մոտ հաճախ հանդիպում ենք «Վերահսկվում է ռադարով» նշանին: Մի 500 մետր անց երևում է ոստիկանական մեքենան: Այսինքն` նախապես զգուշացնում են, որ կարգավորես արագությունդ կամ էլ կապես ամրագոտիդ: Ջեհյան քաղաքի (հիշեք գազատարը) խաչմերուկի մոտ ոստիկանը կանգնեցրեց մեր միկրոավտոբուսը: Սալոնը, որտեղ երեքով էինք, վերածել էինք խառնաշփոթ գրասենյակի: Վերջին նկարահանումից հետո այնքան էլ հիմնավոր չէինք դասավորվել:
Ոստիկանը բացեց սալոնի դուռը: Բարևեցինք: Ո՞նց եք, ի՞նչ կա չկա (թուրքերեն): Ես զվարթ ներկայացրի նստածներին: Տպավորիչ էր «դոկտոր Մարտիրոսյանը»: Ոստիկանը, տեսնելով տեսախցիկի ոտնակը (շտատիվը), առանց աչք թարթելու փաստեց` «կամեռլար»:
-Կամեռլար, տելեֆոնլար, բուքլար (գրքեր),- մտքիս եկած բառերով ուրախ շարունակեցի:
Այդ ժամանակ Վահրամը բացեց հայ-թուրքերեն զրուցարանն ու հարցրեց թուրքերեն.
-Դուք խոսո՞ւմ եք թուրքերեն:
Դադար:
«Նո» պատասխանեց ոստիկանը և ժպտաց: Բոլորս հռհռացինք` «բռավո», «give me five»: Նա ձեռքով նշան արեց վարորդ Վանիկին, որ ճանապարհը շարունակի: Արևմուտքի առաջին շողերի ներքո մոտեցանք Միջերկրականին: