Ովքեր են Թրամփի վարչակազմի մարդիկ. ԱՄՆ Նախագահի կաբինետի ուղեցույց

January 23, 2017

ՌԵԿՍ ՏԻԼԼԵՐՍՈՆ. ԱՄՆ պետքարտուղար, 64 տարեկան



ԿԱՐԻԵՐԱՆ. ExxonMobil նավթային ընկերության ղեկավար է (2006–2016), 1975-ից` Exxon-ի աշխատակից: 
ԻՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ.  Տիլլերսոնը, լինելով ExxonMobil-ի ղեկավար, մեկ անգամ չէ, որ գործ է ունեցել ՌԴ հետ, և նույնիսկ դեմ է արտահայտվել ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը: Ռուսական «Բարեկամություն» շքանշանի ասպետ է: Տիլլերսոնի հետ գործ ունեցողները նրան անվանում են «առաջնակարգ կորպորատիվ դիվանագետ»: Նրա վաստակն ընդունում է նաև ամերիկյան լիբերալ մամուլը, որը հիմնականում քննադատում է Թրամփի կաբինետը:
Սենատում` պետքարտուղարի թեկնածությունը հաստատելու ժամանակ, Տիլլերսոնը Ռուսաստանի հարցում ցուցաբերեց սպասվածից ավելի խիստ վերաբերմունք: Նաև հայտարարեց, որ Ղրիմի հարցում Ռուսաստանը ոչ մի հավակնության իրավունք չունի:
«Հազիվ թե մենք ընկերներ դառնանք ՌԴ հետ: Նրանց պետք չեն մեր արժեքները»:



ՋԵՅՄՍ ՄԵՏՏԻՍ. Պաշտպանության նախարար, 66 տարեկան



ԿԱՐԻԵՐԱՆ. պաշտոնաթող գեներալ, ԱՄՆ ԶՈՒ Միացյալ հրամանատարության ղեկավար (2011–2013), Պարսից ծոցի, Աֆղանստանի, Իրաքի պատերազմների մասնակից:
ԻՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ. Մետտիսը բազմաթիվ մականուններ ունի (օրինակ`«Կատաղած գամփռ»): Ամուրի է: Նրա նմանների մասին ասում են` իր ծառայության հետ է պսակված (լինելով բրիգադի գեներալ, Մետտիսը, մարտական հերթապահության ժամանակ փոխարինել է սովորական մի մայորի, որպեսզի նա Սուրբ Ծնունդը ընտանիքի հետ նշի):
Տևական դադարից հետո նա դարձավ Պենտագոնի առաջին կադրային զինվորական-ղեկավարը, թեև ավանդաբար այդ պաշտոնին քաղաքացիականներին են նշանակում:
Մետտիսին գովում են նրա ռազմավարական մտածողության, ծառայությանը նվիրվածության ու լիդերի անհավանական հատկությունների համար: Միաժամանակ քննադատում են նրա չափազանց խստությունն ու հակառակորդի հանդեպ անխղճությունը, և նույնիսկ մեղադրում են ռազմական հանցագործությունների մեջ:
«Մենք պետք է կենտրոնանաք հետևյալի վրա. մեր բանակը մարտի դաշտում պետք է լինի այն աստիճան մահաբեր, որ նրա հետ բախումը դառնա հակառակորդի ամենասարսափելի օրը»



ՋԵՖՖ ՍԵՇՆՍ. ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ, 70 տարեկան



ԿԱՐԻԵՐԱՆ. Սենատոր Ալաբամայից (1997–2016), 1975-ից` Ալաբամայի գլխավոր դատախազ:
ԻՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ. Սեշնսը ծայրահեղ կոնսերվատիվ քաղաքական գործիչ է և անօրինական (նաև օրինական) միգրացիայի հետևողական հակառաորդ: Նրան ռասիզմի մեջ են մեղադրում. որոշ լուրերով, Սեշնսը դրական է արտահայտվել Կու- Կլուքս-Կլանի մասին, թեև դատախազը դա կտրականապես հերքում է (լինելով Ալաբամայի գլխավոր դատախազ, նա պահանջել է մահապատժի ենթարկել ԿԿԿ-ի լիդերին):
The New York Times-ը նրան անվանում է «Ալաբամայի հոգիների հնձվոր». պատճառն այն է, որ Սեշնսը հաճախ է բարձր պատիժներ պահանջել, նաև վիճահարույց դեպքերում` հոգեկան խանգարումերով անձանց դատելիս: Սեշնսը մարիհուանան լեգալացնելու և միասեռ ամուսնությունների հակառաորդ է:
«Կան մարդիկ, որ առաջարկում են արգելել մահմեդականների կրոնական խմբի մուտքը ԱՄՆ: Ես դեմ եմ»:



ՍԹԻՎ ՄՆՈՒՉԻՆ, ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ, 54 տարեկան



ԿԱՐԻԵՐԱՆ. 20 տարի Goldman Sachs բանկում է աշխատել: Ազատվելուց ի վեր` 2002-ից հետո, ֆինանսիստ է, հոլիվուդյան բազմաթիվ ֆիլմերի պրոդյուսեր: 
ԻՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ. Մնուչինը իսկական գործարար է, որի քաղաքական հայացքները փոխվում են ըստ իրավիճակի. նայած`թե այդ պահին նրա շահն ինչ կթելադրի: Քաղաքականությամբ երբեք չի զբաղվել, բայց հաճախ է աջակցել հանրապետականներին և դեմոկրատներին: 2007-8թթ. ճգնաժամի ժամանակ գնել է OneWest բանկը, որի հաշվեկշռին հսկայական հիփոթեկային վարկեր կային: Մնուչինը ղեկավարել է Թրամփի քարոզարշավի դրամահավաքը և որպես փոխհատուցում պահանջել է նախարարի աթոռը:
«ՌԴ դեմ պատժամիջոցների երկարացմանը 100 տոկոս կաջակցեմ: Ընտրված նախագահի դիրքորոշումը հստակ է` պատժամիջոցները կչեղարկի, եթե դա շահավետ լինի, և մենք դրա դիմաց ինչ-որ բան ստանանք, օրինակ` միջուկային սպառազինոթյան ոլորտում»:



ՈՒԻԼԲՈՒՐ ՌՈՍՍ, ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐ, 79 տարեկան



ԿԱՐԻԵՐԱՆ . 25 տարի` Rotschild բանկում, 2000-ից` սեփական ներդրումային հիմնադրամ ունի: 90-ականներին Ռոսսն աշխատել է ԱՄՆ-ՌԴ ներդրումային հիմնադրամում, որը հիմնել էր Բիլ Քլինթոնի վարչակազմը: 
ԻՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ. Ռոսսը հայտնի մասնագետ է` սնանկացող ընկերություններ փրկելու գործում (և հետագա վերավաճառքի հարցում): 30 տարի առաջ հենց նա է Թրամփին օգնել սնանկացման եզրին հայտնված Աթլանտիկ Սիթիի կազինոն փրկելու գործում:
Ռոսսը Թրամփի կաբինետի ամենահարուստ (և ամենատարեց) անդամն է: Նրա կարողությունը գնահատվում է 2,5 միլիարդ դոլար:
Թրամփի թիմի շատ անդամների պես, Ռոսսը երբեք պետական պաշտոններ չի զբաղեցրել: Նա ԱՄՆ գործընկերների ու հատկապես Չինաստանի հետ առևտրային համաձայնագրերը վերանայելու կողմնակից է:
«Ինձ զարմացնում է, որ մենք` ինտերնետ ստեղծողներս, այդ ահռելի շուկայում` ինտերնետը կառավարելու գործում, ձայնի իրավունք չունենք: Չգիտեմ` ինչ կարող ենք անել հիմա: Եթե որևէ լուծում կա, եթե որևէ ռեալ այլընտրանք լինի, ես կլինեմ դրանում ամենահետաքրքրվածը»:



ՋՈՆ ՔԵԼԼԻ. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ, 66 տարեկան



ԿԱՐԻԵՐԱՆ. Եվս մեկ զինվորական` Թրամփի վարչակազմում. 40-ամյա ծառայության փորձով ու երեք գործուղումերով Իրաք: ԱՄՆ հարավային հրամանատարության ղեկավար (2012–2016):
ԻՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ  ՆՐԱ  ՄԱՍԻՆ. Քելլին անթաքույց քննադատել է Օբամայի որոշումը, որը կանանց թույլ է տալիս ծառայել բանակում: 2010-ին կորցել է որդուն. 29-ամյա Ռոբերտ Քելլին Աֆղանստանում պայթել է ականի վրա: Ջոն Քելլին ԱՄՆ ամենաբաձրաստիճան զինվորականն է, որի զավակը զոհվում է ծառայության ընթացքում: 2014-ին ասում էր, որ Մեքսիկայի միգրանտները լուրջ սպառնալիք են ԱՄՆ համար: Քելլին անհիմն է համարում Գուանտանամոյի բանտի քնննադատությունը` այն անվանելով մյուս գաղութների համար լավ օրինակ: Բայց կտտանքներն էլ անարդյունավետ է համարում:
«Երբեք չպետք է գործ ունենանք մի բանի հետ, որը մեր` ամերիկացիներիս, գիտակցության մեջ հարցաքննության մեթոդներից դուրս է»:



ՄԱՅՔ ՊՈՄՊԵՈ. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ, 53 տարեկան



ԿԱՐԻԵՐԱՆ. Վեսթ-Փոինթ ակադեմիայի և Հարվարդի շրջանավարտ, Պարսից ծոցի պատերազմի մասնակից: Ծառայությունից հետո հիմնել է ռազմավիացիոն զինամթերք արտադրող ընկերություն: 2010-ից ընդգրկված է Կոնգրեսի հետախուզական ծառայության հանձնաժողովում և ԿՀՎ հարցերով ենթահանձնաժողովում:
ԻՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ. Պոմպեոն քննադատել է Իրանի միջուկային ծրագրի պատմական համաձայնագիրը, դեմ է Գուանտանամոն փակելուն: Ինտերնետում տվյալների զանգվածային կուտակման կողմնակից է, դեմ է օրենքին, որով սահմանափակվում են այդ ոլորտում հատուկ ծառայությունների իրավունքները: Պոմպեոն Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմի պաշտպանն է. այդ ժամանակ է պատրաստվել ԿՀՎ բանտերում գաղտնի կտտանքների մասին Սենատի զեկույցը:
«Այդ տղամարդիկ և կանայք հայրենասերներ են: Հարցաքննությունը բռնության գործադրմամբ վարելը համապատասխանում է և՛ օրենքին, և՛ Սահմանադրությանը»:



ՌԻԿ ՓԵՐՐԻ. ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ, 66 տարեկան



ԿԱՐԻԵՐԱՆ. Տեխասի նահանգապետ (2000-2015), մինչև 1989-ը տարբեր պաշտոններ է զբաղեցրել` լինելով Դեմոկրատական կուսակցության անդամ:
ԻՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ. 2011-ին կոչ էր անում լիկվիդացնել Էներգետիկայի նախարարությունը, ինչի համար հետո զղջում էր: Երբ Թրամփը նախկին նահանգապետին պաշտոն առաջարկեց, Փերրին կարծեց, թե խոսքը ԱՄՆ նավթագազային արդյունաբերության միջազգային ինչ-որ ներկայացուցչի մասին է. չգիտեր, որ Էներգետիկայի նախարարության լիազորություններից է առաջին հերթին ԱԷԿ-ի սպասարկումը և միջուկային պաշարների պահպանումը: Փերրիի կողմնակիցներն ասում են, որ տնտեսությամբ երկրորդ խոշոր նահանգի ղեկավարման 15 տարվա փորձը հնարավորություն կտա ավելի արագ ադապտացվել նոր պաշտոնում:
«5 տարվա հնության իմ հայտարարությունը, որ պետք է լիկվիդացնել Էներգետիկայի նախարարությունը, կապ չունի իմ այժմյան տեսակետի հետ: Երբ ինձ պատմեցին նախարարության կարևոր գործառույթների մասին, ես զղջացի, որ այն լիկվիդացնելու առաջարկ եմ արել»:



ԲԵԹՍԻ ԴԵ ՎՈՍ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ, 59 տարեկան



ԿԱՐԻԵՐԱՆ. Դե Վոսը WindQuiest ընկերության ղեկավար է, որը ներդրումներ է կատարում այլընտրանքային էներգետիկայի և բարձր տեխնոլոգիայի ոլորտներում: Նրա ընտանիքը առնչվում է Amway կորպորացիայի հետ:
ԻՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ. Դե Վոսը Հանրապետական կուսակցության առանցքային ֆիգուր է. մի ժամանակ ղեկավարում էր հանրապետականների` Միչիգանի ստորաբաժանումը: Նրա կարողությունը մեկ միլիարդ դոլարից ավելի է: Դե Վոսի քննադատները պնդում են, որ նա կրթական համակարգից գլուխ չի հանում, նաև այն պատճառով, որ սովորել է միայն հարուստների համար նախատեսված մասնավոր կրթական հաստատություններում:
ԴեՎոսի մոր հիմնադրամը ֆինանսավորում էր այն կազմակերպությունները, որոնք դեմ էին  ԼԳԲՏ ամուսնությունների ու գեյերի բուժման ֆինասավորմանը: Բեթսին այդ հիմնադրամի փոխնախագահն էր, բայց պնդում է, որ դա սխալմամաբ է տեղի ունեցել: Հանրապետականի  ներկուսակցական ընտրարշավի ժամանակ Թրամփի դեմ է ելույթ ունեցել: ԴեՎոսը կողմ է ուսումնական հաստատություններում զենք կրելուն:
«Ես հղում կանեմ սենատոր Մայք Էնզիին և Վայոմինգի դպրոցին, որը պարսպապատվել էր` արջերից պաշտպանվելու համար: Այդ դեպքերում տեղին է դպրոցում զենք կրելը»: