Ռազմահայրենիասիրական ողբերգություն կամ շքեղ, կոկիկ ու հիմնավորված ամոթալին

November 11, 2015

«Կենսատու բժիշկ ես, հանճարեղ վարպետ,
Զարգացրիր ուսում, արհեստ իրար հետ.
Ժողովուրդդ ազատ, ուրախ, գրագետ,
Հզորներից հզոր՝ …. …»


Ի՞նչ եք կարծում, հանգով ի՞նչ ավարտ է սազում այս ոտանավորին, ո՞ր երկու բառը կոկիկ կնստեին այս ռազմահայրենասիրական քառատողի վերջաբանում: Պարոն վարչապե՞տ: Գուցե: Հանգով լավ էլ սազում է, ի դեպ: Բայց, չէ՛, բանաստեղծության վերջին երկու բառերն են՝ ընկեր Ստալի՛ն:
Քառատողը մեջբերել եմ 1949 թ. տպագրված «Ստալինը սովետահայ բանահյուսության մեջ» աշխատությունից: Այն ժամանակների համար բավական շքեղ գիրք է: Չեմ կարող ասել, թե այդ տողերն ում են պատկանում, չեմ կարող ասել նաև, թե ովքեր են «երախտապարտ հայ ժողովրդի» անունից պաթետիկ ոճով գրված առաջնորդողի ու հարյուրից ավելի մյուս բանաստեղծությունների հեղինակները: Ստորագրություններն ուղղակի բացակայում են:
Գիտեմ միայն, որ սա Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի նվերն է «Ժողովուրդների Մեծ Առաջնորդ Իոսիֆ Վիսսարիոնովիչ Ստալինին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ»: Գուցե հեղինակների անունների բացակայությունը միտումնավոր քայլ է՝ շեշտելու համար, թե որքան միահամուռ է հայ ժողովուրդն իր նվիրումի մեջ: Հնարավոր է նաև, որ ակադեմիան, կենտկոմից հրահանգ ստանալով, որևէ հմուտ հանգաստեղծի հանձնարարել է մի երկու ամսում գրել այդ հարյուրից ավելի ձոները՝ հավաքածուն ներկայացնելով որպես հայ ժողովրդի բանահյուսություն:
Ոչ ոք չի իմանա, թե ով է վերը մեջբերված քառատողի հեղինակը՝ ինքնուս հորինող, թե պրիմիտիվիզմը հմտորեն կեղծող ԳԱ թղթակից անդամ: Ու երևի պետք էլ չէ ճշտել. անցյալն անցյալ է: Նրա որդին գուցե կառուցել է ԲԱՄ-ը, իսկ թոռը` կռվել արցախյան պատերազմում: Բայց անցյալը վերարժևորումով է անցյալ, երբ երեք քառորդ դար անց քեզ ուղղակի չես կարողանում նույնականացնել սպառված իրականության հետ, քանի որ այդ ժամանակահատվածի հիմնական կռիվդ հենց այդ իրականությունից պոկվելուն, այն գրողի ծոցն ուղարկելուն է նվիրված եղել:
Հենց այդ վերարժևորման արդյունքում է, որ անհնար է թվում պատկերացնել այն օրը, երբ անկախ Հայաստանի դպրոցի պատանի աշակերտը, խեղելով մի տաղանդավոր պոետի բանաստեղծություն, «իսկական մարդուն է վայել» արտահայտության փոխարեն կարտասանի, օրինակ` «մեր վարչապետին է վայել»: Եվ սա կհնչի այնպես, ինչպես «ընկեր Ստալինին է վայել»: Ու վա՜յ նրանց, ովքեր սա կլսեն ու չեն սարսռա: Ու վա՜յ նրանց, ովքեր չեն ձաղկի այդ մատղաշ բերանում նման դառը լեզու դրած մեծահասակին, լինի ծնող, ուսուցիչ, թե տնօրեն: Որովհետև անցյալը կգա, կնստի շեմիդ ու դուռդ կթակի օրենքի ամբողջ խստությամբ:
Գրքում մի քանի անուններ, այնուամենայնիվ, կան՝ պատասխանատու խմբագրի, ֆորզացի ու շմուց-տիտուլների նկարչի, կոնտրոլ-սրբագրիչի՝ ամենավերջում, մանր տառերով: Առաջին բացվածքի վրա էլ երկու անուն կա ձեռագրով. «Հ. Հարությունյանից` նվեր իր ընկեր Ս. Թևոսյանին, 16/II/50 թ.»: Չեմ ճանաչել Հ. Հարությունյանին, բայց Ս. Թևոսյանը պապս էր՝ քիմիկոս, պատերազմի վետերան, մայոր, կոմունիստ ու հետագայում ինչ-որ լուրջ գիտաարտադրական հիմնարկի տնօրեն Սամվել Սարգսի Թևոսյանը:
Ես չեմ ուզում քննարկել, թե նա ինչու էր այս գիրքը պահել իր գրադարանում, գուցե նույնիսկ հպարտությամբ էր դա արել: Ի՛ր գործն է: Բայց հաստատ գիտեմ, թե ե՛ս ինչու եմ այն մեծ խնամքով պահում և ինչու եմ այն դարձրել իմ սեղանի գրքերից մեկը: Այն ինձ միշտ հիշեցնում է, թե որքան շքեղ, կոկիկ ու հիմնավորված կարող է ներկայացվել ամոթալին, ու թե որքան ուշացած ենք մենք գիտակցում դրա ողբերգականությունը: