Որքան շքեղ, կոկիկ ու հիմնավորված կարող է ներկայացվել ամոթալին

September 30, 2014

«Կենսատու բժիշկ ես, հանճարեղ վարպետ,
Զարգացրիր ուսում, արհեստ իրար հետ.
Ժողովուրդդ ազատ, ուրախ, գրագետ,
Հզորներից հզոր՝ …»


Ի՞ նչ եք կարծում, հանգով ի՞նչ ավարտ է սազում այս ոտանավորին, ո՞ր երկու բառը կոկիկ կնստեին այս ռազմահայրենասիրական քառատողի վերջաբանում: Պարոն վարչապե՞տ: Գուցե: Հանգով լավ էլ սազում է, ի դեպ: Բայց, չէ՛, բանաստեղծության վերջին երկու բառերն են՝ ընկեր Ստալի՛ն: Քառատողը մեջբերել եմ 1949 թ. տպագրված «Ստալինը սովետահայ բանահյուսության մեջ» աշխատությունից: Այն ժամանակների համար բավական շքեղ գիրք է: Չեմ կարող ասել, թե այդ տողերն ում են պատկանում, չեմ կարող ասել նաև, թե ովքեր են «երախտապարտ հայ ժողովրդի» անունից պաթետիկ ոճով գրված առաջնորդողի ու հարյուրից ավելի մյուս բանաստեղծությունների հեղինակները: Ստորագրություններն ուղղակի բացակայում են: Գիտեմ միայն, որ սա Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի նվերն է «Ժողովուրդների Մեծ Առաջնորդ Իոսիֆ Վիսսարիոնովիչ Ստալինին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ»: Գուցե հեղինակների անունների բացակայությունը միտումնավոր քայլ է՝ շեշտելու համար, թե որքան միահամուռ է հայ ժողովուրդն իր նվիրումի մեջ: Հնարավոր է նաև, որ ակադեմիան, կենտկոմից հրահանգ ստանալով, որևէ հմուտ հանգաստեղծի հանձնարարել է մի երկու ամսում գրել այդ հարյուրից ավելի ձոները՝ հավաքածուն ներկայացնելով որպես հայ ժողովրդի բանահյուսություն: