[Զինվորի օրագիր - 25] Անհավանական, բայց իրական պատմություններ զորակոչի մասին, և բոնուս, ո՞վ է զորամասի Մարիոն

July 7, 2017

Զորակոչի առաջին «դեղնակտուցների» ոտքը խերով լինի, դիմավորել ենք: Ամեն ինչ կարգին է: Պատմում են առաջին օրվա արկածների մասին, հպարտանում մանկական խրախճանքներով, ձգտում հաստատվել, ավելի արագ, քան անհրաժեշտ է: Առաջինը չեն, վերջինն էլ, մեզնից առաջ էլ, մենք էլ, այդպես ենք ոտք դրել զորամաս:




  • Հեռու մնացեք զինակոչիկներին տեղափոխող մեքենայից:




Արցախում մեծ շուքով ճանապարհել են իրենց որդիներին, ծափահարել, նույնիսկ փայլեր շաղ տվել ավտոբուսի շուրջ, մինչև այն պահը, երբ զորակոչն իսկական ողբերգության էր վերածվել գոնե մեկ ընտանիքի համար: Որդին նստել է մեքենան, վարորդը շարժվել է ու կանգնածներից մի քանիսը մեքենայի մուտքը փակելու համար տղաներից մեկի մորը հրել էին, գցել ավտոբուսի առաջ: Նա էլ մեքենայի տակն էր ընկել, տեղում մահացել: Վարորդը չէր էլ հասցրել հասկանալ` ինչ է կատարվել:


Հարուցվել էր քրեական գործ, դատաքննությամբ վարորդին արդարացրել էին, պատմությունն էլ անցել-գնացել էր, մինչդեռ այդ օրն էլ, երկամյա ծառայությունն էլ իսկական աղետ էր դարձել զավակի համար. մեկնել էր ծառայության` տեսնելով ծնողի մահը: Սա, իհարկե, դժբախտ պատահար է ու սպանություն առանց դիտավորության և անփութության: Այս ամենի մեղավորը մենք ենք, բոլորս, որ գրկում ենք, համբուրում զինակոչիկին, նստեցնում ավտոբուս, հետո էլի առաջ ընկնում ձեռքով անելու համար: Երբեմն անդառնալի է այդ ավելորդ հրաժեշտը:





Զինվորի օրագրից.





  • Մի' հարվածեք մեքենաներին հավկիթներով:




Անցած տարիներին մի դեպք էր գրանցվել, ձվով հարվածել էին, ավտոբուսի երկու դիմապակին փշրել, ամբողջ անձնակազմը նստած, ամեն ինչ պատրաստ, գործընթացը կանգ էր առել: Ապակու կտորներն էլ թափվել էր վարորդի վրա, գլուխն ու ձեռքերը վնասել: Մեղավորները, որ գնացողներից մեկի ընկերներն էին, անհետացել էին, մյուսներն իրար փնովելով սպասել, մինչև հաջորդ ուղևորափոխադրողը ժամանի: Երկու ժամ անց միայն տղաներին ճանապարհել էին. այդ ժամանակ արդեն առանց աղմուկի ու չարաճճիության:


Ոստիկանությունը գործը բացահայտեց, մեղավորները վարչական պատասխանատվություն կրեցին, ամեն ինչ մոռացվեց, բայց դեպքն այսօր վարորդներն են հիշեցնում: Անվտանգության երաշխիքներ ստեղծելու համար ամեն անգամ իջնում են բոլոր ջահելներին հավաքում, պատմում, զգուշացնում: Միևնույնն է, խախտողներ ամեն տեղ էլ գտնվում են:


Մեքենաներին հավկիթով, ձեռքով հարվածելը, երբեմն նաև տեխնիկան վնասելը, որևէ մեկի օգտին չէ, առավել ևս զինակոչիկի, ընդ որում ձու կոտրում են, երբ մեքենան նոր են գնում, այդպես աչքալուսանք են տալիս: Այս դեպքում մեքենան նոր չէ, ոչ էլ բովանդակությունն է նոր:


Եվ, իհարկե, գլխավորը: Եթե ուշադիր լինեք, որևէ զինակոչիկի ծնող, եղբայր, բարեկամ այդ քայլին չի գնա: Հստակ վիճակագրություն կա. 18 տարեկան զինվորի անչափահաս ընկերներն են համը հանում: Երբ որևէ զինակոչիկի ճանապարհեք, պարտադիր զննեք մեքենան, նախորդների հետքերը պարտադիր կլինեն, ավտոբուսների վրա փոսեր, խազեր կան, որտեղ էլ չկա, կլինի, մի քանի րոպե սպասեք:




  • Մեքենաներով մի' ուղեկցեք ավտոբուսին մինչև հավաքակայան:




Եթե չեմ սխալվում, 2016 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում, ավտոբուսը սառույցի վրայով մի կերպ շարժվել էր, առաջ ընկել: Վայրկյանների ընթացքում նրան շրջապատել էին ջիպերը, «գոլդ» համարներով տղերքն ու իրենց ընկերոջը կանաչ ճանապարհ էին մաղթել՝ փակելով ճանապարհը: Ապակիներից դուրս գալով, մի կերպ ավտոբուսից կառչելով, իրենց մտերիմի ձեռքն օդում սեղմելով, ազդանշաններով, մագնիտոֆոնը զլած` չծառայած տղերքն այդպես էին իրենց զորակցությունը հայտնում սափրագլուխներին:


Այդ ժամանակ էլ պատահմամբ մեկն ընկել էր մեքենայից, գլուխը հարվածել սառած ասֆալտին, բարեբախտաբար ողջ էր մնացել: Փոխարենը մյուս վարորդներն էին խուճապահար միմյանց հարվածել, ջարդուփշուր եղել: «Անդավաճան» հեղինակություններն այդպես ոչ թե մեղմացրին զինակոչիկ ընկերոջ լարվածությունն, այլ կրկնապատկեցին, եռապատկեցին մյուսների պարտքերը:


Հաճախ են եղել դեպքեր, երբ մայրուղին փակած տղաները կանգնեցրել են ավտոբուսը, որ «վերջին» անգամ գրկեն հերոսին ու շարունակեն հարամել օրը: Առաջին փորձից հետո այս ամենը վերածվել էր մրցակցության, վերջում էլ ավտոբուսի վարորդի հետ վեճի, քաշքշուկի ու մի կաթիլ մեղրի պես դարձել ողբերգության սկիզբ:


Մեքենաներով ավտոբուսին շրջապատելն ու խցիկից դուրս կախվելն իր հետևանքներն ունի, ամենից մեղմը՝ ճանապարհային ոստիկանության տեղադրած տեսախցիկների արձանագրած խախտումն է. 5000 դրամ խցիկից դուրս մարդ տեղափոխելու համար: Ծայրահեղ դեպքում՝ վթարը, մահը, մեղքի զգացումը:


Այս ամենը տրամաբանորեն շարունակում է հավաքակայանից զորամաս ուղևորությունը: Հատկապես գիշերով և երևանցիների համար անծանոթ ճանապարհներով: Ընդ որում, այդ ուղեկցումն էլ ավելորդ ու ապարդյուն է, երբ զինվորին տանում են զորամաս և նրան տեսնելն իսկապես անհնար է, վտանգներն ավելի իրատեսական են: Զգույշ եղեք նաև նորակոչիկի երդման արարողությանը շտապելիս ու նաև տունդարձին: Բացասական հիշատակումներ շատ կան, մի ավելացրեք դրանք ևս մեկով:


Եվ, ինչպես խոստացել էի: Այս անգամ կպատմեմ մի կերպարի մասին շատ ընդհանուր գծով: Սովորաբար բարձրաստիճան սպաների մասին լռում են: Պարզապես մեկ շնչով կպատմեմ նրա մասին: Այսպես կարող եք ճանաչել մեր հրամանատարներից շատերին, գուցե մի քանիսին, բայց վստահ եղեք, որ նրանք անպարտելի են ու աչալուրջ միշտ:





Զինվորի օրագրից.





  • Ես հավատում եմ Մարիոյի գոյությանը:




90-ականների ամենահայտնի խաղի հերոսի մասին խոսում են նաև զորքերում, հատկապես առաջնագծում: Ընկերս ֆիզիկապես գրեթե անգերազանցելի, հաղթանդամ տղա է, տարիներ առաջ ծառայում էր Արցախի հյուսիսում՝ Մատաղիսում: Հրամանատարի վարորդն էր: Վարեց ընդամենը մի քանի ամիս: Թե ինչու՝ շուտով կիմանաք: Կբացահայտեմ նաև, թե ինչու են հետխորհրդային ամենապոպուլյար խաղի բեղավոր հերոսին հիշում մինչև այսօր:


Նա չի քնում, հաստատ չի քնում, շաբաթը մեկ, երկու ժամ աչքերը գուցե փակի ու վերջ:


Պետոյի ծառայությունը բաժանվում է երեք մասի, մինչև վարորդ լինելը, հրամանատարի մեքենայի ղեկը ձեռքը վերցնելն ու դրանից հետո: Ծառայությունից երբեք ու այսօր էլ չի բողոքում: Զինակիցների համար՝ ֆիզպատրաստությունը երբեմն հոգնեցնող էր, իր համար չբավարարող: Վերադասին խնդրում էր, լրացուցիչ մարզվում, մարմինը կոփում: Մի քանի ամիս անց հրամանատարը տեսել էր, իմացել, որ Պետոն մեքենայի վարպետ է, սարքում է ու վարժ վարում: Վարորդ էր նշանակել ու գոհ մնացել: Առաջին ամիսներին ամեն ինչ փոխադարձ էր, Պետոն ժպիտը դեմքին վարում էր, նորոգում, հետևում տեխնիկային: Վիլիսի արտաքին տեսքը գուցե հենց այդ պատճառով չխամրեց, գործարանային փայլը տեղն էր, միայն թե փայլից Պետոն էր ընկել:




  • Հրամանատարը շատ ուժեղ մարդ էր, ամբողջ օրը շրջում էր դիրքերում, ցուցումներ տալիս, վերադառնում էինք, մինչև բենզին էի լցնում, կանչում էր ու նոր ուղղություն վերցնում:




Սա գուցե ներքին տեղեկություն է, մինչդեռ այդ ամենի շնորհիվ էր, որ առաջին գծում միջադեպեր չկային, խնդիրներ նույնպես, բոլորն իրենց տեղում էին, առաջին հերթին հակառակորդը՝ այս հատվածում զգույշ և վախեցած: Շուրջօրյա ստուգումների ու հանձնարարություններից ամրանում էին դիրքերը, հյուծվում էր ընկերս՝ Պետոն:




  • Պիտի Մարիոյի պես լինես, որ անընդհատ սունկ գտնես, ուտես, կյանք հավաքես, դիմանաս: Հրամանատարի էներգիան չի սպառվում: Թվում էր, ինքս անպարտելի եմ, երբեմն աչքերս դադարում էին ենթարկվել, ինքը թարմ տեսք ուներ նույնիսկ օրվա վերջում, ավելի ստույգ հաջորդ օրվա առավոտյան:




Ծառայության կեսին՝ մոտեցել, հրամանատարին խնդրել է փոխարինող գտնել: Գիշերային սովորական դարձած երթևեկից տեսողությունը թուլացել էր, վախեցել էր վտանգել վերադասի կյանքը: Գնդապետը չէր մերժել, ուղարկել էր զորքի հետ ծառայության:


Երբ առաջին անգամ պատմեց, ծիծաղեցինք, եթե Պետոն էր հոգնում, մենք ղեկին նույնիսկ նստել  չէինք կարողանա: Առաջին անգամ ու այդպես լսեցի հրամանատարի անունը: Շփոթվեցի, նրան խնդրեցի անունը կրկնել, հետո ինքս արտասանեցի: Գնդապետի անունը Ջալալ է, Հարությունյան: Տարիներ առաջ Մատաղիսի հրամանատարն էր, այսօր արդեն ավելի բարձր պաշտոնի է՝ Արցախի հարավային միավորման հրամանատարն է: Նրա մասին տեղեկությունները քիչ են, սխրանքները շատ: Ջալալ Հարությունյանի մասին ավելի հաճախ հակառակորդն է գրում, խուսափում նրա ենթակայության տակ գտնվող ուղղություններից: Նրա մասին կարճ գրելը ճիշտ չէ, երկար գրելու դեպքում էլ էջերը չեն բավարարի, բայց դրա անհրաժեշտությունը պետք չէ և հետո վստահ եղեք, նրա մասին դեռ կլսեք, պատրաստված հրամանատար է, չնահանջող ու չերկնչող: