[Զինվորի օրագիր – 19] Պալիգոնում «զենք-զենքի» բռնած, քրտնած, հոգնած ու հեծանիվով պապուն սպասելիս

[Զինվորի օրագիր – 19] Պալիգոնում «զենք-զենքի» բռնած, քրտնած, հոգնած ու հեծանիվով պապուն սպասելիս

Զորավարժարանների առօրյան: Զինվորները բանակը սիրում են այստեղ, զորավարժարանում և այսպես՝ լվացքով ու կրակելով, անլվա ու վաշտին ընկնող մեկ սիգարետով, ջրի՝ ընդհանուր տարայով ու արևի տակ հավասարաչափ ճռռալով:

_ Սրանք միշեններ են:

_Հա, մեր բեգուշի միշեններն են:

Խոսքը բրդոտ չորքոտանիների մասին է: Ոչխարների հոտի կողքով ենք անցնում, կատակում, շարունակում ճանապարհը, ընդ որում այս դաշտերի մասին անեկդոտները ու հատկապես ոչխարների մասին Չոբանյանն է պատմում: Ազգանունն էլ նոր կատակի սկիզբ է. Չոբանյանը՝ ոչխարների գխավերևում: Իրականում սա հատված է զորավարժարանի ճանապարհից: Չոբանյանն էլ զինվոր է, շարքային, ինձնից փոքր է 5 տարի, ինձնից երկար է ծառայել, ինձնից էլ շուտ կավարտի. 47 օր: Զորամասում 5 անգամ լողանանք ու վերջ:

Ժամկետայինները երբեմն նաև այսպես են չափում երկու տարին, 104 շաբաթ, 104 լոգանք և վերջ: Ծիծաղում ենք: Տարբեր զորամասերից ենք, երկուսիս միավորում է նույն դաշտը՝ վարժարանը, ժամանակավոր ավտոպարկն ու մարզումները: Չոբանյանը տանկիստ է, ավելի ստույգ մեխանիկ, հետևում է ծանր տեխնիկայի վիճակին, անսարքությունները նորոգում է, կարգի բերում. Իմը Տ72ն է, մեկուկես տարի է հետս է: Երկխոսությունն ընդհատվում է, երբ նրա ընկերները լսում են, հռհռում, մրոտ դեմքներին հայտնվում են պսպսղուն ու սպիտակ ատամերը:

Տանկիստները փնթի չեն, բայց փնթի մարդու տեսք ունեն, անկախ իրենցից և աշխատանքի բերումով՝ ձեռքերը, դեմքը, համազգեստը՝ տանկի շարժիչի պես են՝ անընդհատ սևացող, մաքրվող ու այդպես հավերժ: Ընդ որում տանկիստների շորերը նույնպես սև են, սև կտորից են, որ ամենօրյա հետքերը, մուրն ու յուղն աչք չծակեն: Առաջին հայացքից շատ գեղեցիկ համազգեստ է, բայց, կարծում եմ, անհարմար, հատկապես ամառը, երբ փոշոտ տարածքներում և ժամերով պետք է կրես, տանջվես, քրտնես:

_ Ասում ես մեկուկես տարի հետդ է, ամուսնացե՞լ ես, կարողա քեզանից ու տանկից երկու հատ էլ БМП ունե՞ս:

Դադայանն է միջամտում: Դադայանն էլ է շարքային, հարևան տանկի պատասխանատուն է: Իրար կծմծում են, մոռանում, հետո ինձ պատմում քաջագործությունների մասին, միասին են զորակոչվել, նույն մարզից են, հարևան քաղաքներից: Առաջին վեց ամիսներին միասին ծառայել են ուսումնական զորամասում, հետո տեղափոխվել մշտական տեղակայման մեկ այլ վայր: Մի խոսքով՝ բանակային մկրտությունը ստացել են «զենք զենքի» բռնած:

Պոլիգոններում այսպիսի երիտասարդների կհանդիպես տարին՝ 8 ամիս: Ձմռանը զորավարժարանը գրեթե դատարկ է, հատուկ նշանակության ստորաբաժանումները գուցե գան, մարզվեն, վերադառնան, մյուս ստորաբաժանումների գործնականը սկսվում է ապրիլին, ավարտվում նոյեմբերին: Հիմա պարապմունքների թեժ շրջանն է, ավելի ստույգ ամեն ինչ առջևում է, նոր է սկսվում: Սահմանված հեռավորությամբ շարված են բոլոր զորատեսակները, մաքրում են, վարում, կրակում, վրիպում ու փորձ ձեռք բերում:

Հայաստանում զորավարժարաններ շատ կան, գրեթե բոլոր մարզերում: Բոլոր զորամասերի մոտակայքում, փոքր են, նախատեսված միայն մոտակա ստորաբաժանումների ու փոքրաթիվ անձնակազմի, փոքր մասշտաբի մարզումներ անցկացնելու համար: Հանրապետությունում ամենամեծն Արմավիրում է, Բաղրամյան զորավարժարան են անվանում:

Մակերեսը չգիտեմ, մոտավոր էլ չեմ կարող ներկայացնել, ծայրերը չեն երևում, ուղիղ գծով էլ վերջը չես տեսնի: Ընդ որում այնքան է մեծությունը, որ խոշոր տրամաչափի զինատեսակներից արձակված կրակի հետքերը նույնիսկ հեռադիտակով դժվար նկատես, սպաները ֆիքսում են թիրախը, խոցումն ու շեղումը, ես՝ ոչ: Զորավարժարանում, ինչպես հիմա, մարզվում են միանգամից մի քանի զորամասեր, հարյուրավոր զինծառայողներ: Առավոտից երեկո տեխնիկայի հետ են: Զննում են, քանդում, հավաքում, գործարկում: Տեսական դասեր այստեղ գրեթե չեն անցնում, հիմնական թեմաները զորամասում են սովորել, զորավարժարանը փորձի դաշտ է, փորձադաշտ:

Ամեն կիլոմետրի վրա վրաններ կան, ժամանակավոր կացարաններ են, ներսում մահճակալներ, առաջին անհրաժեշտության իրերը, սուրճ, թեյ, սիգարետ: Զինվորներն այստեղ ավելի հանգիստ են, միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող, կարմրած դեմքով, պլոկված մաշկով, կոշտացած ձեռքերով: Պատճառն անընդհատ զբաղվածությունն է, քայլում են, կանգնում, ցրվում, հավաքվում, քնում, արթնանում, ժամանակ չկա իրար բզկտելու, հավես էլ: Տանկիստների գործն այս առումով անշարժ է, կամ զինտեխնիկայի ղեկին են, կամ նրա տակ, վարում են կամ նորոգում: Այդ ընթացքում հասցրել են բոլոր գումարտակներին հետևել, համեմատել ու ընտրել ամենատանջվող խմբերին:

_Որ սպիդոմետր դնենք իրենց վրա, սարքը չի դիմանա, կխփի, էդքան քայլում են, բատինկաները ոնց են ձգում, զարմանում ենք: Սա վերաբերում է ամենատուժածներին: Չորս կողմում հետևակի (пехота) տղաներն են, մի քանի կիլոգրամանոց զենքը գրկած, баклажка-ն (զինվորի ջրի տարա) գոտուց ամրացված, հակագազի պայուսակը ուսին գցած խաչաձև քայլում են, այս ու այն կողմ գնում, գալիս, տողան կազմում, հետո նորից քայլում տեխնիկայի հետևից, վազում, կքանստում, պարկում, մինչև ժամը լրանա, ճաշեն ու նույնը շարունակեն կեսօրից հետո:


ԶԻՆՎՈՐԻ ՕՐԱԳՐՈՒՄ` ՆԱԽՈՐԴԻՎ


Զինվորի կանգնելու դիրքից, տեսքից, քաշից ու կորությունից էլ կտարբերես, թե որ ստորաբաժանումում է ծառայում: Զորավարժարանն իսկական վայրն է, բոլորին ստուգելու համար, այստեղ էլ բոլորի բատինկաներն ահազանգում են փոխարինելու մասին, այստեղ յուրաքանչյուրի ընկերասիրությունն ու ջերմությունը երևում է միանգամից, երբ երկու վաշտերի զինվորները քայլքի ընթացքում, փոշու մեջ, մի կերպ իրար տեսնելով ջուր են ուզում ու հասցնում միմյանց զովացնել չխախտելով զինվորական կարգը, հետ չընկնել շարքից, չխմել չգրված, չբարձրաձայնված, բայց տրամաբանական ջրի չափից շատ միլին: Մի քանի կումը բավական է: Միայն այդպես տերն էլ կկարողանա մնացորդով բավարարվել, մինչև հաջորդ լիցքավորումը:

Հրամանատարները զորավարժարանում ավելի ներողամիտ են, ավելի թեթև ու մանրուքներից հեռու: Զինվորը ցանկացած պահի պետք է լինի գոտիով, բացառություն են քնելը, հանգիստը, մարզանքը: Մյուս դեպքերում պարտադիր է, մինչդեռ երբեմն սա անտեսում են, հենց սպաները, երբ շարքայինի հետ հրանոթն են մաքրում, չեն բարկանում կանոնադրությամբ սահմանված, բայց անվնաս թերությունների վրա: Սովորական ժամանակ հրամանատարի առաջ ծխելն էլ ընդունելի չէ, մանավանդ ծխարանից դուրս, բայց զորավարժարանում տղաները ծխում են, երբեմն նույնիսկ անմիջական հրամանատարից կրակ խնդրելով, նրա կողքին, իհարկե, առանց ավելորդությունների:

Լվացքը: Սա ամենահետաքրքիր դրվագներից է, երբ զինվորը լվանում, պարզաջրում, փռում է ներքնազգեստը տաք երկաթներին, այստեղ էլ ծնվում են հիմնական կատակները, այստեղ էլ սկսվում է ընկերությունը, մեկը մյուսին նայելով, ընդօրինակելով, ամաչելով ու ամոթը կորցնելով: Իրականում բանակը հենց այդ առումով է օգտակար: Ինքնուրույնության հետ, զինվորը դժվարությունները, անհարմարությունները տանում, լրացուցիչ պարտականությունները կատարում է առաջին օրերին ստիպված, նեղսրտելով, խուսափելով, հետո արդեն ինքնաառաջադրվելով, առաջ ընկնելով, մյուսից մաքուր լինելու ցանկությամբ:

Զինվորները բանակը սիրում են այստեղ, զորավարժարանում և այսպես՝ լվացքով ու կրակելով, անլվա ու վաշտին ընկնող մեկ սիգարետով, ջրի՝ ընդհանուր տարայով ու արևի տակ հավասարաչափ ճռռալով: Այստեղ էլ բոլորը բացվում են: Ինքնամփոփը դառնում է շփվող, մեծամիտը՝ թամադա, հոտը՝ համընդհանուր: Եվ ամենակարևորը, զորավարժարանում վերանում է զզվելու հատկությունը, ավելի հաճախ վախը, պարբերաբար գժտությունները: Հողերի մեջ բոլորով մեկ շշից ջուր խմելուց հետո, որևէ մեկը զզվել չի կարող, պարզապես անիմաստ է, մանավանդ, երբ գործողությունը մեկ դրվագով չի սահմանափակվում, նույնն է ամեն օր, առանց շաբաթ, կիրակի: Վախը կորում է, երբ երկու ժամը մեկ քարերի մեջ մողես ես տեսնում, ճանապարհին օձեր, վրանի շուրջբոլորը՝ կարիճներ: Եվ քիչ են կռվում, որովհետև հոգնում են, դառնում են անհավես ու ավելի շատ լիցքաթափվելու կարիք ունեն, ոչ թե վեճի, այլ զրուցելու:

Այս ամբողջ դաշտավայրում քաղաքացիական համազգեստով միայն մեկին կհանդիպես: Միակն է նաև փոխադրամիջոցի տեսակով: Շրջում է հեծանիվով, ճերմակ կեպիով, թափքին սպիտակ արկղը բեռնած: Պաղպաղակի պապիկն է: Բիզնեսի ամենաարդյունավետ եղանակը վաղուց է գտել, առևտուրը դարձրել անդադար ու շատ եկամտաբեր, մեկ պտույտը՝ մի քանի հազար: Այդպես օրը մի քանի պտույտ և արկղը դատարկ է, գրպանը լիքը: Սեփական քարտեզն ունի, ժամանակացույցը, արկղի տարողությունը, որ պաղպաղակը ոչ ավելանա, ոչ էլ չհերիքի: Չի մոտենում, չի խնդրում, չի բղավում: Անունն արդեն հանել է, իրեն էլ ոչ թե վանում են, այլ սպասում: Պատկերացրեք ամբողջ օրը անապատացած հողերի մեջ անցկացրած զինվորն ինչպես կերազի սառը ըմպելիքի կամ պաղպաղակի մասին և պապիկը, երազի նման, հեծանիվով է գալիս, խփում ուղիղ նշանակետին: Տղերքը չեն խնայում գումարը, առնում են, հագեցնում ծարավը: Հրամանատարներն էլ:

Պապուն ամենաերկարը Չոբանյանն է ճանաչում, նա էլ բերեց, պաղպաղակը չորսով ոչնչացրինք: Շարքայինը հիշեց ծննդավայրը՝ Վանաձորը, բարբառով էլ ժպտաց, կատակեց. Էնքան եմ տանկիս յուղը չափել, լցրել, փոխել, որ սպիտակն աչքիս անծանոթ գույն է թվում, չի բռնում հագածիս հետ: Զորավարժարանի ամենաակտիվ տղայի արկածները գալիս են Լոռիից, զինկոմիսարիատից, երբ քաշը չի բավարարել, որ զորակոչեն, դիտավորյալ գիրացել է 45-ից հասել 54-ի ու մինչև այսօր մեծ ոգևորությամբ է ծառայում: Ավագ երկու եղբայրները տանն են արդեն, ինքն էլ շուտով կավարտի ծառայությունը: Այնուհետև ընտանիքի կրտսեր Չոբանյանն անմիջապես կփոխարինի միջնեկին: Մինչև այդ չաստի տղերքը խոստացել են. Զորացրվելուն ընդառաջ, танкачка-ն (տանկիստի հանդերձանք) կհանեն մի դեպքում, երբ վերջին քննությունը գերազանց հանձնեն, թիրախը դիպուկ խոցեն:

Որոշել են տանկով  ազդարարել իրենց տունդարձը, որ պատկառելի զինգրքույքով ու սերժանտի կոչումով թողնեն զորավարժարանն էլ, զորամասն էլ, լոգարանն էլ:

Գրել կարծիք