[ Զինվորի օրագիր -18 ] Զենքի հետ անգույշ վարվելու կամ սպանության զոհերը ոչ թե պարզապես զինվորներն են, այլ զինակից ընկերները. ահա, թե ինչու

[ Զինվորի օրագիր -18 ] Զենքի հետ անգույշ վարվելու կամ սպանության զոհերը ոչ թե պարզապես զինվորներն են, այլ զինակից ընկերները. ահա, թե ինչու

Բանակում ինքնասպանությունների, ողբերգական ելքով վեճերի, սպանությունների մասին այն ամենը, ինչ չեք կարդա մամուլում և սոցցանցերում:

Անհայտ հանգամանքներում սպանվել է զինծառայող: Իրավապահներն արդեն քննում են միջադեպը: Կարծում եմ` լուրը ձեզ էլ է հասել` հեռուստաեթերից, մամուլից, ինտերնետից: Հետո, լրահոսը բերում է սկանդալներ, քաղաքական որոշումներ ու ուշադրությունը փոխվում է:

Բանակում զինվորի զոհվելու մասին լուրը այլ կերպ ես իմանում: Առավոտյան տողանին հրամանատարը տեղեկացնում է մահվան մասին, ներկայացնում մանրամասները: Այդ մանրամասները ինքնանպատակ չեն, դրանք անհրաժեշտ են այն չկրկնելու համար:

Բոլորին զայրացնում ու հուսահատեցնում են ներքին տարաձայնության պատճառով սպանությունները: Մոտ երկու տարիների ընթացքում մենք էլ, շարահրապարակում կանգնել, շատ ենք լսել, ինչպես են երկու արկածախնդիրներ զենքով կատակել, մրցել ու վերջում… տուժել: Ազատությունը չափելի չէ, այն էլ դիրքերում, այն էլ առանց խիստ հսկողության: Զինվորները պոստերում երբեմն շրջում են հողաթափերով, շապիկով ու անթրաշ: Ամեն ինչ այստեղից է սկսվում: Երբ հացը, ջուրը կա, հերթապահությունն իր հունով ընթանում է, հակառակորդն էլ լուռ է, սկսում են ձանձրանալ, պարապությունից, անցնում են անկանխատեսելի քայլերի:

Չար կատակ կամ դժվաբտ պատահար: Իրականում և հիմնականում այսպես են սկսվում ողբերգությունները՝ կատարվում է դիրքում, արձագանքները հնչում են ինտերնետում, իսկական ողբերգությունը շարունակվում է զոհվածի տանը: Վերջինն ամենաահավորն է: Ու հենց այդ ժամանակ ես հասկանում մի քանի պարզ ճշմարտություն:

  1. Ժամկետայինները, որ միմյանց են վնասում, կրակում, ծեծում, օրենքը խախտում են ամենաանկայուն տարիքում: Այդ շրջանում նրանք ամենաշատն են սխալվում, ավելի կարճ դատում ու միանգամից գործում: Հեռու մի գնացեք, ուշադրություն դարձրեք նրանց հասակակից ուսանողներին: Կռիվների էպիկենտրոնում հենց 18-ից 25 տարեկաններն են:
  2. Պոստերում ծառայողները հասակակիցներ են, բայց մտածողությամբ, կրթությամբ, դաստիարակությամբ ու մարդկային որակներով` տարբեր: Լարվածությունը բախումների հիմնական պատճառն է, իսկ հետևանքը կարող է դառնալ զինվորի կյանքը: Ընդ որում, բախման պատճառ կարող է դառնալ ամեն ինչ` սկսած անզգույշ բառից մինչև առաջին հայացքից սովորական անեկդոտ, օրինակ քյավառցու մասին, որը հենց Գավառից եկած երիտասարդը կարող է ցավոտ ընկալել:
  3. Որքան էլ  աբսուրդային է, բայց կռվի պատճառ դառնում են ոչ թե ուղղակի զինվորները, այլ հենց զինակից ընկերները, քանի որ անընդհատ են իրար հետ շփվում, հետևաբար սուր են ընկալում ամեն ինչ: Հետևաբար, և վեճի և զենքի հետ անզգույշ վարվելու դեպքում տուժում է հենց զինակից ընկերը:

Ինքնասպանությունները, թեև վերջին շրջանում շատ քչացել են, բայց դեռ կան: Ընդ որում ավելի ծանր է լսել արձագանքը, հատկապես ծնողի, երբ չեն հավատում իրականությանը: Որևէ ծնող չի հավատում տեղի ունեցածին, միանգամից հայտարարում են, որ գործը կոծկում են: Իրականում այդքան էլ հեշտ չէ գործը կոծկել, գոնե հիմա (այո, 90-ականներին եղել են դեպքեր, երբ գլխի երեք վնասվածքով  զինվորի գործը համարել են ինքնասպանություն, բայց դա նախկինում էր: Հիմա ամեն մի ինքնասպանության գործ մամուլի ու սոցցանցերի ուշադրության կենտրոնում է, հետևաբար աղաղակող սպանությունը չի կարող որևէ կերպ վերաորակավորվել որպես ինքնասպանություն):

Առաջինը դեպքի վայրը զննում, զինծառայողներին հարցաքննում են ռազմական ոստիկանները, նրանք են համադրում ցուցմունքները, կեղծելու դեպքում ժամկետայինների պատմություններն անխոս չեն համընկնի, մանավանդ այդ հոգեվիճակում կլինեն անորոշ ու դժվար թե հավատ ներշնչեն:

Զինվորը ինքնասպանություն գործում է մեծ մասամբ զինակցի՝ ժամկետային զինվորների, կրտսեր սպաների պարբերաբար ու չավարտվող ճնշումներից: Հետևաբար գործը չի կարող չպարզվել, որովհետև նրանք ամենակարող չեն, որ ծլկեն, ոչ էլ որևէ մեկին ունեն, որ կաշին փրկեն: Հետևաբար նրանք չեն կարող խուսափել պատասխանատվությունից:

Ընթերցողներն ու իմացողները գրեթե միշտ միանշանակ են մեկնաբանում՝ զոհվածը ճիշտ է, սպանողը՝ ոչ: Գուցե այդպես է: Երբեմն ես էլ այդ կարծիքին եմ, որ ինչ էլ լինի՝ սպանելը, ճիշտ լուծում չէ, ամենասխալն է: Բայց այս ամենը սառը մեկնաբանության կարիք ունի: Հավատացեք, դեպքից հետո երկուսն էլ նույն կարգավիճակում են հայտնվում, պարզապես մեկը բացակայում է ֆիզիկապես, մյուսը հոգեպես: Ցավալի է, երբ զոհվում է զինծառայողը, նրան այլևս չես վերադարձնի: Մյուս դեպքում՝ մեղավորը նույնպես կորած մարդ է, դատապարտվում է ազատազրկման՝ առնվազն 10 տարի ժամկետով: Կարծում եմ՝ միջադեպի մասին բոլոր զորամասերում և զինծառայողների առաջ խոսելիս բավական չէ ներկայացնել միայն պատահարի մանրամասները, զոհվածի տվյալն ու բնակության վայրը, անհրաժեշտ է նաև զորքին ներկայացնել այն հեռանկարը, որ սպասում է այդպիսի քայլից հետո, ընդ որում գործի քննության մասին պարբերաբար տեղեկացնել ծառայողներին: Շատ էական է զինվորներին տեղեկացնել նաև դատավճռի մասին. այն զգաստացնող ինֆորմացիա է, վստահ եմ:

Իմ հիշողությունից երբեք չի անհետանա 2013-ի ամենաղմկահարույց գործը, շարքային Լյուքս Ստեփանյանի սպանությունը: Մայիսի 15-ին պահակակետում տեղի ունեցած զրույցը վերածվել էր լեզվակռվի ու հետո հրազենային հրաձգության: Լյուքսը մահացավ, կրակոցն արձակած ժամկետային Դավիթը դատապարտվեց 17 տարվա ազատազրկման: Հիմա այդ օրինակն եմ պատմում ընկերներիս, թող դաս լինի բոլորին, նրանց էլ, մյուսներին էլ, ով կկարդա, կզորակոչվի ու կծառայի: Սխալի համար, ծայրահեղ դեպքում ապտակելը գուցե ներելի է ու մոռացվող:


Զինվորի օրագրի նախորդ մասերը


Զինվորների անփորձանք ծառայությունը երաշխավորելու ու նրանց վարքուբարքին հետևելու պարտականությունները դրված են անձնակազմերի անմիջական հրամանատարների վրա՝ լեյտենանտից – մայոր: Ամբողջ գնդի գլխավոր պատասխանատուն հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալն է՝ զամպալիտը: Այստեղ էլ անհանգստացնող հարցն է: Զամպալիտը պարտավոր է և պետք է ճանաչի բոլոր զինվորներին, նրանց հետ մերթընդմերթ զրուցի, ծանոթ լինի նրանց ընտանեկան դրությանը, հոգեվիճակին, խառնվածքին, մի խոսքով, պատկերացում կազմի, թե ինչպես շփվել տղայի հետ, ինչպես խուսափել անդառնալի հետևանքներից:

ԱՀՏԱ տեղակալի գործն է՝ իմանալ յուրաքանչյուրին: Օրինակ, հրամանատարները սառը մարդիկ են, ավելի մեծ մասշտաբի խնդիրներ կատարելով, զորքին կարգապահ լինելու սիմվոլ ծառայելով: Զորամասի շտաբի պետերը երկրորդ հրամանատար են, գրեթե նույն բնութագրով, քիչ են շփվում զինվորի հետ, աշխատում են սպաների միջավայրում: Հրամանատարների մարտական գծով տեղակալները սովորաբար լինում են ավելի կոպիտ, պահում են հեռավորությունը, չեն ժպտում զինվորի դեմքին, մինչդեռ զամպալիտները պետք է լինեն զինվորի ընկերը, որ կարողանան բոլոր տեղեկությունները ստանալ, մեկը մյուսի մասին պատմեն, կիսվեն, թեթևանան ու նաև տան բոլոր հարցերի պատասխանները:

Զամպալիտները անուղղակի մեղավոր են բանակում տեղի ունեցող միջադեպերի՝ սպանությունների, ինքնասպանությունների, կռիվների համար: Մյուս կողմից, գուցե տարօրինակ հնչի, սակայն նրանց մեղավորությունն էլ երբեմն արդարացված է: Եթե ծանոթ լինեք նրանց աշխատանքին, կտեսնեք, թե ինչքան զբաղված են՝ փաստաթղթեր պիտի լրացնեն, պաշտոնական բոլոր տեղեկանքները ստանան, քարտեզներ գծեն, կոորդինացնեն միջոցառումներ: Պարզ ասած, զամպալիտները զորամասի մամուլի քարտուղարներն են, զբաղվում են միավորման արտաքին կապերով, լրատվամիջոցներով, հյուրերով, մշակութային միջոցառումներն անցկացնելով: Եվ այս ամենին զուգահեռ պիտի նաև հասցնեն գլխավորը՝ զորքին հետևելը: Հավատացեք բարդ է: 24 ժամն էլ չափազանց քիչ է այս ամենը հասցնելու և անօգտակար, զորամասի բարոյահոգեբանական կայունությունը ապահովելու համար:

Ինքս նույնիսկ վիճակագրություն ունեմ, թե ինչպես է զամպալիտը քննադատությունների ենթարկվել թերանալու համար: Բանակային կորպուսները նրանց մեղադրում են անգործության մեջ, որ փաստաթղթերը թերի են լրացված, կիսատ են կազմված, որ զամպալիտը շատ է ժամանակ անցկացնում զինվորների հետ, մինչդեռ այդ ամբողջ ընթացքում որևէ դեպք զորամասում, դիրքերում չի գրանցվել: Իրականում այդ փոխգնդապետն անընդհատ շրջել է զորանոցներով, պոստերով, զրուցել, լսել երիտասարդներին ու ամեն ինչ խաղաղ է անցել, տարաձայնություններն էլ հարթվել են, վերացել: Նկատողություն ստանալուց հետո զամպալիտը վերադարձել է աշխատասենյակ, սկսել լրացնել բացը, պատրաստել բոլոր զեկույցներն ու հրամանները:

Զորքերում ևս երկու ինստիտուտ է գործում՝ միջանձնային հարաբերությունները բալանսավորելու համար: Երկուսն էլ խիստ սահմանափակ են գործում: Առաջինը գնդերեցներն են: Նրանք զորամասերում են լինում, սովորաբար բարի ու խելացի տղաներ են, պարզապես նրանք դիրքեր միշտ չէ, որ այցելում են, զորամասում էլ ժամանակը քիչ է զինվորի հետ զրուցելու համար: Զորքը ժամանակացույցով ծառայում է, ազատ ժամերին էլ տղերքը նախընտրում են անցկացնել ընկերներով, հեռախոսով խոսելով: Քչերն են, որ կիսվում են հոգևորականների հետ:

Հոգեբան – սպաների առաքելությունն իսկապես կարևոր է ու որոշիչ, մինչդեռ հոգեբանի կողքին սպա բառն արդեն վանող է: Նրանք ամեն ինչ անում են շարքայինի հետ մտերմանալու համար, սակայն զինվորի հետ ուսադիրներով զրուցելը, աստղեր կրելը թույլ չի տալիս ժամկետայինին անկեղծ լինել, բացվել մինչև վերջ: Անկեղծ ասած, զինվորները հոգեբան սպաներին համարում են հրամանատարների սուրհանդակները: Ինձ թվում է նրանց հաստիքները նպատակին կծառայեն, երբ զինվորի հետ շփվեն քաղաքացիական հագուստով, առանց համազգեստի ու սպայի կոչման, կիսվեն իրենց փորձով, ծառայությունն ավելի անցնցում անցկացնելու հուսադրող գաղափարներով, մոտիվացնելով, ժամկետայինին նոր շունչ հաղորդելով:

Սա այն ամենն էր, ինչ այս շաբաթ մտորում էի շարահրապարակում մեկ ժամ անցկացնելիս, հրամանատարի ձեռքի սվոդկան լսելիս: Իսկ այն բաղկացած էր սահմանային միջադեպերից ու զոհերից: Երբ այն կարճ է լինում, նշանակում է սահմանին խաղաղ է: Երբ հանդիպումը երկարում է` նշանակում է, նորից կրակել են կամ կրկին զոհ կա: Ու ամեն անգամ փորձում ես հասկանալ, թե ինչպես և ինչու: Ու թեև ամենահիմնավոր պատճառներին, միևնույն է, դժվար է պարզապես լսել կամ ի գիտություն ընդունել քո հասակակցի մահը:

Գրել կարծիք