Վարդան Մինասյանի հարցազրույցի 5 գլխավոր կետերը

April 17, 2018

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինայսանն առաջին մեծ հարցազրույցն է տվել պաշտոնում նշանակվելուց հետո: newmag-ը 5 կետով ներկայացնում է, թե որոնք էին մարզչի հարցազրույցի գլխավոր առանցքները:

Գլխավոր առաջադրանքը


Մարզիչը ՀՖՖ նախագահից հստակ առաջադրանք է ստացել. հաղթահարել Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլն ու դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Իհարկե, հավաքականը գլխավորած յուրանքանչյուր մարզչի, այդ թվում` Մինասյանի, գլխավոր նպատակը եղել է Եվրոյի կամ Մունդիալի եզրափակիչ փուլ դուրս գալը: Դա կարող է լինել Ազգերի լիգայում հաջողության հասնելու շնորհիվ, իսկ եթե չստացվի, ապա պետք է փորձել հաղթահարել ընտրական փուլը:

Մարզիչ-ՀՖՖ նախագահ կապ


Մինասյանը նախկինում մերժել էր հավաքական վերադառնալու` ՀՖՖ նախագահի առաջարկները: Այս անգամ էլ վերադարձել է հենց Ռուբեն Հայրապետյանի առաջարկով: Մարզիչը վստահ է` որոշումները կայացնելու է ինքը եւ իր մարզչական շտաբը: Սա վերաբերում է եւ’ կազմի, եւ’ ֆուտբոլիստների ընտրությանը: Ռուբեն Հայրապետյանը միշտ հսկողություն է ցուցաբերել հավաքականի մարզիչների եւ ֆուտբոլիստների նկատմամբ: Նրան որոշմամբ բազմաթիվ ֆուտբոլիստներ այլեւս չեն խաղում ազգային հավաքականում: Թե որքանով է Մինասյանը իրավասու ռադիկալ որոշումներ կայացնել հավաքականում, ցույց կտան առաջիկա խաղերը: Ռուսական Տոսնոյի դարպասպահ Դավիթ Յուրչենկոյի` հավաքական հրավիրվելու հարցը Ռուբեն Հայրապետյանի անմիջական հսկողության տակ է:

Հին դեմքերի վերադարձը


Յուրա Մովսիսյան, Ռոբերտ Արզումանյան, Գեւորգ Կասպարով, Եդիգարյան եղբայրներ. որպես հավաքականի ֆուտբոլիստ մոռացված դեմքերը կարող են կրկին հագնել թիմի մարզաշապիկը: Մինասյանի տեսանկյունից, նրանք պոտենցիալ նորեկներ են, եւ մարզչական շտաբը հետեւելու է բոլորին:
Ուրախալի է, որ Յուրան եկել է Շվեդիա: Մենք հետեւելու ենք իրեն եւ եթե ցուցադրի նույն որակները, որոնք մենք գիտենք` հրավիրվելու է հավաքական:
Արդյոք հին դեմքերի վերադարձը իրատեսակա՞ն է, թե սրանք պարզապես օդում կախված խոսքեր են: Ռուբեն Հայրապետյանն իր հարցազրույցներում բազմից նշել է` քանի ինքը ղեկավարում է ՀՖՖ–ն, Յուրա Մովսիսյանը չի հրավիրվելու հավաքական:


Կարդացեք նաև.



Նոր մարզչական շտաբ


Հավաքական է վերադառնում Ռոման Բերեզովսկին: Թիմի լեգենդար դարպասապահն աշխատելու է Մինասյանի շտաբում` որպես դարպասապահների մարզիչ: Մինասյանին օգնելու են նաեւ Արտակ Օսեյանն ու Արթուր Մկրտչյանը, որոնք աշխատում են Երևանի «Արարատ-Մոսվայում»: Մինասյանն ընտրելու է նաեւ ֆիզպատրաստության մարզիչ:

Ռեսուրսների մոբիլիզացում


Համաշխարհային ֆուտբոլում սա հաջողության հասնելու լավագույն տարբերակն է: Երբ մարզիչն ունի ընտրության լայն հնարավորություն, կա ռոտացիա, արդյունքն ավելի լավ է լինում: Վարդան Մինասյանը ցանկանում է համախմբել ուժերը` հրավիրել ֆուտբոլիստներ սփյուռքից եւ հետեւել ներքին առաջնությունում հանդես եկող հեռանկարային խաղացողներին: Ունենք երկու նորեկ. Ժոա Ժորդի Մոնրո Արարատը եւ Նորբերտո Բրիասկո-Բալեկյան: Նրանք կարող են օգուտ տալ հավաքականին, քանի որ ունեն միջազգային փորձ, որպես ֆուտբոլիստ ձեւավորվել են լատինաամերիկյան երկրներում: Սա կարող է օգուտ տալ, եթե ՀՖՖ-ն շարունակի ակտիվ փնտրտուքները ինչպես արտասահմանում, այնպես էլ Հայաստանի առաջնությունում:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։