Ապագայի նախարարը, որ դարձավ հիշողությունների տիրակալ. Վատիկանի գլխավոր գրադարանավարի ու արխիվավարի մոնոլոգը

June 2, 2017

Մի ժամանակ, երբ իմ պատասխանատվության տակ էին Վատիկանի կրթական հաստատությունները, այնտեղ հաճախող երեխաների ծնողներին ներկայանում էի՝ որպես ապագայի նախարար: Հետո, երբ Բենեդիկտոս 16-րդն ինձ նշանակեց արխիվների և գրադարանի պատասխանատու, ես դարձա հիշողության նախարար:

Կա՞ արդյոք անմիջական կապ ապագայի և անցյալի հիշողության միջև:

Քրիստոնեությունն այն կրոնն է, որը խարսխված է իրական պատկերի վրա: Եվ մենք մեզ միշտ հարց ենք տալիս՝ ինչպե՞ս հասնել մեր եկեղեցու հիմնադրին: Դրա համար եկեղեցին գործադրում է հիշողության չորս միջոցները:
Առաջինը ես կոչում եմ «տեղի՝ վայրի հիշողություն»: Մենք գնում ենք այն վայրերը, որտեղ եղել է Քրիստոսը:
Մենք ուզում ենք տեսնել այն լույսը, որը տեսել է Քրիստոսը, շնչել նույն օդը, զգալ նույն համը:

Երկրորդը՝ «մոտ լինելու, զգալու» տարբերակն է: Մենք կարիք ունենք ձեռք տալու, շոշափելու,  որպեսզի զգանք: Օրինակ՝ գնում ենք ուխտագնացության, որտեղ կարող ենք զգալ սրբերին, որոնք դիպել են Քրիստոսին:  
Երրորդը՝ «Սուրբ խորհրդի հիշողության» գործառույթ: Հենց այդ խորհուրդների միջոցով  եկեղեցին մեր մեջ ապրեցնում է Քրիստոսին:
Հիշողության չորրորդ ձևը գիրն է, որի մասին ավելի երկար կխոսեմ: Այն, որ միշտ զարմացրել է պատմաբաններին, քրիստոնյաների՝ ամեն ինչ գրի առնելու ցանկությունն է: Նրանք նկարագրել են առաջին քրիստոնյա համայնքների կյանքը, գրել են առաջին եկեղեցիների մասին:
Պապերը իրենց առանձնասենյակների թաքստոցներում պահում էին բոլոր գրվածքները:

Դրա շնորհիվ այսօր մենք ունենք առաջին պատարագների տեքստերը, նահատակների պատմությունը: Այդպես մենք պահպանել ենք նաև Հռոմի պապի և թագավորների, իշխանավորների միջև դիվանագիտական ամբողջ գրագրությունը: Բայց պետք էր սպասել մինչև 1611 թվական, մինչև Հռոմի պապերից մեկը տարբեր գրադարաններից ու գրապահոցներից կհավաքեր բոլոր արխիվները ու կբերեր Վատիկան:
Պարզից էլ պարզ է՝ մարդկության ոչնչացման համար, առաջին հերթին,  մարմինն են սպանում:  Բայց երբ ուզում են ոչնչացնել նրա հոգին, արխիվներն ու գրադարաններն են վառում:

Եթե հարցնեք, թե քանի գիրք ու փաստաթուղթ կա այսօր իմ տնօրինության տակ, ես կասեմ՝ չգիտեմ: Բայց հստակ կարող եմ ասել՝ Վատիկանի գրադարակները ձգվում են 87 կմ, որից 54-ը գրադարանինն են: Եվ մի բան էլ: Ուզում եմ զայրույթս արտահայտել Դեն Բրաունի հանդեպ: Նա, որ այդքան շատ գրում է մեր արխիվների մասին, կյանքում ոտք չի դրել այնտեղ:
Հայաստան գալիս խնդրել էի ինձ համար հանեին Հայաստանին վերաբերող փաստաթղթերը: Մենք այդպիսի 15 շատ կարևոր փաստաթուղթ ունենք: Ամենահինը թվագրվում է 1080 թվականով՝ 11-րդ դարով: Ունենք նամակներ, որոնք փոխանակել են Հռոմի պապերը և որտեղ խոսվում է Հայաստանի մասին և քննարկվում է Հայկական հարցը: Մենք ունենք նաև 1351 թվականի կոնդակը՝ ուղերձ հայ կաթողիկոսին: Մեր արխիվներում են Ցեղասպանության ժամանակ Հռոմի պապի նամակները՝ ուղղված Թուրքիայի իշխանությանն ու հայերին:  
Իմ պատասխանատվության տակ գտնվող երկրորդ կարևոր հաստատությունը գրադարանն է: Երբ Բենեդիկտոս 16-րդ պապն ինձ նշանակեց այդ պաշտոնում, ասաց, որ ինքն էր ուզում լինել արխիվի և գրադարանի տնօրեն, բայց կարդինալներն այլ որոշում կայացրին: Նա ասաց՝ Ձեզ եմ տալիս մեր եկեղեցու գանձերը:
Ուշադիր եղեք, դրանք եկեղեցու մեջ են, բայց պատկանում են ամբողջ մարդկությանը:  

Ամեն տարի Վատիկանի գրադարանում 15 հազար գիտնական ենք ընդունում: Երջանիկ կլինեմ, եթե այդ 15 հազարի մեջ լինեն նաև հայ գիտնականներ: Եկե՛ք մեզ մոտ՝ Վատիկան, աշխատե՛ք հայկական ֆոնդերում: (Խոսքն ուղղում է Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներին ու պատասխանատուներին) Եթե ձեր մեջ գտնվի այդ խիզախը, որը կուզենա գալ և աշխատել մեզ մոտ, ես նրան ցույց կտամ առանձնացված գրական ֆոնդեր՝ «Բորջիանի Արմենի» և «Վատիկանի Արմենի», որտեղ դեռ ամեն ինչ չէ, որ դասակարգված է և ուսումնասիրված:
Սուրբ Աթոռի գրադարանն աշխարհի ամենահարուստ շտեմարաններից է:

Մենք հարյուր հազար ձեռագրեր ունենք: Երբեմն հարցնում են ամենահին փաստաթղթի մասին: Պետք է ասեմ, որ մեր ունեցած ամենահին փաստաթուղթը մեզ է հասել ընդամենը 10 տարի առաջ: Դա պապիրուսի վրա գրված է Ղուկասի ավետարանի վերջին մասն է և Հովհաննեսի ավետարանի սկիզբը: Այն համարվում է աշխարհի ամենահին ավետարանը: Մի ամերիկա-շվեյցարական բողոքական ընտանիք է այն մեզ փոխանցել:
Եվ վերջում իմ եզրակացությունը: Այն անձը, որը կորցրել է իր հիշողությունբը, չի կարող նույնականացնել իրեն և քայլել դեպի ապագա: Դա ճիշտ է նաև ժողովուրդների՛ համար, դա ճիշտ է նաև պետությունների՛ համար: Ով մոռանում է անցյալը, դատապարտված է այն կրկնելուն: