Երևանյան գրքի փառատոնին Newmag-ը ներկայացրեց Շրի Շակարաչարիայի «Վիվեկա Չուդամանին»՝ Ռուբեն Ֆիլյանի մեկնությամբ (տեսանյութ, լուսանկարներ)

October 3, 2022

4 տասնամյակ առաջ հայ գրող, լրագրող Ռուբեն Ֆիլյանը մեկնում է հնդիկ հայտնի փիլիսոփա, կրոնական բարեփոխիչ Շրի Շակարաչարիայի «Վիվեկա Չուդամանի» փիլիսոփայական տրակտատը: Այս գործը թողնում է ծնողների մոտ և 1980-ականների սկզբին լքում Խորհրդային Հայաստանը: Եվրոպայով շրջագայելուց հետո հաստատվում է Հնդկաստանում՝ Գոա նահանգում, որտեղ դասավանդում է յոգա և արևելյան մարտարվեստ: Տասնամյակներ անց գիրքը հրատարակվել է և հնդկական փիլիսոփայական այս իմացության գանձարանն արդեն հասանելի է հայ ընթերցողներին:

Ռուբեն Ֆիլյանի «Վիվեկա Չուդամանիի» մեկնության աղբյուր հանդիսացել է ոչ միայն Շրի Շանկարաչարիայի 1200 տարվա վաղեմության գործը, այլև Շրի Ռամանա Մահարիշինիի աշխատանքը: Այս գործը Հնդկաստանում դարձավ ադվայտա-վեդանտա փիլիսոփայական համակարգի կրոնական գլխավոր տեքստերի ձեռնարկը, իսկ Շրի Շանկարաչարիան համարվեց հինդուիզմի առաջնորդը՝ ադին. «Կարողացավ այդ հսկայական Հնդկաստանի տարածված, մեկը մյուսին հակասող փիլիոսփայությունները համախմբել, դրանով իսկ հանդիսանում է ամենահայտնի ու կարևոր գրքերից մեկը հնդկական փիլիսոփայության մեջ: Ու հնդկական փիլիսոփայությունը, որ հայտնի է ամբողջ աշխարհում, կարելի է ասել հենց այս գրքի ու ուսուցչի շնորհիվ է»:

Վիվեկա Չուդամանի բառացի նշանակում է «իմացության գանձարան»: Այս ձեռնարկում հավաքված են աշակերտի և հոգևոր ուսուցչի երկխոսությունները: Յոգայի հայ ուսուցիչ Տաթևիկ Պետրոսյանի խոսքով, հայերենով յոգայի, հնդկական փիլիսոփայության մասին գրքերի բացը մեծ է ու հատկապես այս գործը շատ արդիական է հիմա. «Ես գիտակցում եմ, որ գիրքը ընթերցել դժվար կլինի, բայց այն մարդիկ, ովքեր փնտրում են հոգևոր արժեքներ, հոգևոր իրականությունը ընդունում են, այս գիրքը նրանց համար կարող է դառնալ ամենօրյա գիրք, սեղանի գիրք»:

Յոգայի ու արևելյան փիլիսոփայություն մեծ գիտակ Ռուբեն Ֆիլյանը 1970-ականների երևանյան բոհեմի գլխավոր դեմքերից էր։ Նրա յուօրինակ ձեռագիրը միանգամից նոր խոսք է բերում հայ գրականություն՝ ընդգծում է գրող Արամ Պաչյանը, ով և  խմբագիրել է Ֆիլյանի «Վիվեկա Չուդամանին». «Եթե դուք կարդաք 69-ին գրած իր գործերը, նա եղել ա 15-16 տարեկան, շատ խորը կապ կտեսնք Շանկարաչարիայի գործերի հետ: Ուզում եմ ասել, իր բնությունն էր դա, իր մեջ էր դա: Իր համար աշխարհիկ գրականը ի սկզբանե հոգևորն էր: Նա հավերժական հարցերին պաստասխաններ գտնելու փորձերի մեջ էր»:

«Վիվեկա Չուդամանին» հարյուրամյակների ընթացքում ունեցել է բազմաթիվ մեկնություններ: Վեդաները՝ կրոնական տեքստերը, քննարերգական երկտողեր են, որոնք ուսուցչի ձայնով ուղղված են աշակերտին՝ ճշմարտությանն ու բարձրագույն ես-ին հասնելու խորհուրդներով:

Կարդացեք նաև