Մարկ Մենսոն․ Ինչո՞ւ պետք է որոշ երազանքներ  այդպես էլ անկատար մնան

June 2, 2020

Հասարակությունը մեզ միշտ խրախուսում է հետևողականորեն գնալ մեր երազանքների հետևից և համոզում, որ քանի դրանք չեն իրականացել, մենք չենք կարող լիարժեք երջանիկ լինել: Մեր ներկայում միշտ որևէ բան պակասում է, որպեսզի երջանիկ լինենք և մենք այդ երջանկությունն ինչ-որ անորոշ պատկերացումներում ենք փնտրում:

Այս մտածելակերպը հատուկ է բոլորին, անկախ տարիքից, ազգությունից ու սեռից: Մեզ երջանկության բանաձևեր են ներկայացում ու մենք էլ միամտորեն հավատում ենք, որ միայն այդ բանաձևին համապատասխանելու դեպքում կարող ենք երջանիկ լինել:

Ուսումս ավարտեմ, երջանիկ կլինեմ: Լավ գործ գտնեմ, հաստատ երջանիկ կլինեմ: Ամուսնանալուց հետո կգտնեմ երջանկությունս: Եվ ամբողջ կյաքում փնտրում ենք երջանկությունն ու անտեսում ներկա իրողությունները:

Ժամանակի ընթացքում բոլոր երազանքներին հասնելու ցանկությունը մոլուցք է դառնում ու եթե չենք հասնում դրանցից մեկին, ուրեմն անհաջողակի մեկն ենք ու ձախողել ենք ամեն ինչ:

Երբեմն ինչ-որ բան ցանկանալն ավելի լավ է, քան այն ունենալը

Հնարավոր է, որ ձեզնից ինչ-որ մեկն ամբողջ կյանքում երազել է երաժիշտ դառնալ, մեծ բեմերում ելույթ ունենալ, բայց միշտ որևէ բան խանգարել է, որպեսզի ձեզ նվիրեք այդ երազանքին: Հասարակությունը կմտածի, որ դուք բավականաչափ խիզախ չեք եղել այդ երազանքին հասնելու համար: Ընկերները կարող են մտածել, թե չհավատացիք ձեր ուժերին: Դուք էլ երևի կմտածեք, որ իսկական ձախողակ եք: Մեղավորներ փնտրելու փոխարեն պետք է ընդունեք, որ իրականում դուք դա չեք ուզել:

Ձեզ ոգևորել է արդյունքների մասին միտքը՝ լինել մեծ բեմում, լսել հանդիսատեսի ծափերը, բայց ոչ դրան հասնելու ընթացքը:

Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ մարդկանց հաջողությունը կամ անհաջողությունը չափում են արդյունքով, բայց դուք երջանիկ կլինեք միայն մի դեպքում, եթե սիրահարված եք գործընթացին: Արդյունքը մի պահ է տևում, հետո նոր գործընթաց է սկսվում: Ու այդպես մի ամբողջ կյանք: Եվ եթե ապրեք միայն արդյունքների համար ու տանջվեք ընթացքում, ապա այդպես էլ ամբողջ կյանքում կվազեք երջանկության հետևից, բայց չեք հասնի:

Մենք կարծում ենք, թե մեր երազանքների իրականացումը կլուծի մեր բոլոր խնդիրները: Ու չենք հասկանում, որ դրանք էլ այլ խնդիրներ կառաջացնեն: Ու դա նորմալ է: Ցավն ու դժվարությունները կյանքի մի մաս են: Պետք է ոչ թե պայքարել դրանց դեմ, այլ սովորել ապրել դրանց հետ:

markmanson.net