Յուվալ Նոյ Հարարի. Պատմության մեջ առաջին անգամ անկանխատեսելի է, թե ուր է գնում աշխարհը

June 23, 2021

Յուվալ Նոյ Հարարիի թեզերը, փաստարկներն ու մեկնաբանությունները լայնորեն քննարկվում են ամբողջ աշխարհում։ Նա ուսումնասիրում է մարդկության պատմությունը՝ հիմքում դնելով անցյալն ու համեմատելով ներկան՝ ժամանակակից կյանքն ու տեխնելոգիաները: Ըստ նրա նոր հոդվածի, առաջին անգամ աշխարհը տարակուսել է՝ արհեստական ինտելեկտի և տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը բերել է քաոսի: Խառնաշփոթից գլուխ հանելու համար Հարարին մի քանի խորհուրդ ունի, որից մեկն այն է, որ ուսանողները պետք է գիտակցեն ամբողջ կյանքում ինքնակրթվելու անհրաժեշտությունը:

Հրեա պատմաբան և Sapiens, Homo Deus և «XXI դարի 21 դասերը»  գրքի հեղինակ Յուվալ Նոյ Հարարին մշտապես պնդում է՝ թեև քաղաքականությունն ու համաճարակները հաճախ անկանխատեսելի են,  բայց աշխատաշուկան և դրան բնորոշ առանձնահատկությունները պատմականորեն կանխատեսելի են. «Պատմության տարբեր շրջափուլերում մարդիկ միշտ իմացել կամ առնվազն պատկերացրել են, թե օրինակ 20 տարի անց ինչպիսին կլինի աշխատաշուկան և ինչ հմտություններ է պետք մրցունակ լինելու և աշխատանք գտնելու համար»:

Հարարին պնդում է, որ 21-րդ դարում և հատկապես վերջին տարիներին այս կանխատեսելիությունն այլևս գոյություն չունի։ Պատճառն, ըստ նրա. «Ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինի աշխարհը 20 կամ 30 տարի հետո։ Ոչ ոք չգիտի, թե ինչպիսի կլինի աշխատաշուկան, ինչ հմտությունների կարիք կունենան մարդիկ։ Պատմության մեջ նման մասշտաբի և տեսակի զարգացումներ առաջին անգամ են տեղի ունենում»:

Հարարին կարծում է, որ այս փոփոխություններին պետք է ուշադիր հետևեն համալսարանները։ Բարձրագույն կրթություն տրամադրողները պետք է թարմացնեն և վերանայեն առաջարկը, որ բավարարեն ամեն օր փոփոխվող պահանջարկը։ Այլ կերպ ասած՝ ուսանողներին պետք է պատրաստել 2040 թվականի աշխարհին ու նոր տասնամյակի անկանխատեսելի զարգացումներին. «Ամենակարևոր նախապայմանն այն է, որ ուսանողները գիտակցեն ամբողջ կյանքում ինքնակրթվելու անհրաժեշտությունը։ Դա նոր տասնամյակի Թեժ-5 հմտություններից է։ Համալսարաններն էլ պիտի ուսումնական ծրագիրը թարմացնեն և համապատասխանեցնեն փոփոխվող աշխատաշուկայի պահանջներին»։

Հարարին վստահ է՝ 21-րդ դարի մարտահրավերները կարելի է հաղթահարել միայն 21-րդ դարում ձևավորված կամ առնվազն վերափոխված հմտություններով։