Վիմ Վենդերս. Ես ինձ սովորական ճամփորդ եմ համարում, և դա ինձ դուր է գալիս

December 10, 2014

Գերմանացի հայտնի ռեժիսոր, սցենարիստ, լուսանկարիչ և պրոդյուսեր Վիմ Վենդերսը ծնվել է 2-րդ համաշխարհայինի ավարտից ամիսներ անց, Դյուսելդորֆում: Բժշկություն և փիլիսոփայություն ուսանելուց հետո մեկնում է Փարիզ` արվեստի դպրոց ընդունվելու, սակայն չի ընդունվում: Փարիզում հանդիպում է ամերիկացի նկարիչ ու փորագրող Ջոննի Ֆրենդլենդրին և սկսում է փորագրությամբ զբաղվել: Փարիզում մեկ տարի ապրելով` դիտում է 1.000 ֆիլմ և որոշում է դառնալ կինոռեժիսոր: 1967-1970 թվականներին տարբեր ամսագրերում աշխատում է որպես կինոքննադատ: Կինոդպրոցում սովորելիս նախքան իր ավարտական «Ամառը քաղաքում» ֆիլմը նկարելը, մի քանի կարճամետրաժ ֆիլմ է նկարահանում:
Կինոկարիերան սկսում է «Ամառը քաղաքում» կինոյով` որպես գերմանական նոր կինոյի դեմք: Վենետիկի կինոփառատոնում «Ոսկե առյուծի» է արժանանում «Իրերի դրվածքը» ֆիլմի համար (1982թ.), Կաննի կինոփառատոնում «Ոսկե արմավենու» է արժանանում «Փարիզ, Տեխաս» ֆիլմի համար (1984թ.) և նույն փառատոնում ստանում է «Լավագույն ռեժիսոր» մրցանակը` «Ցանկության թևեր» ֆիլմի համար (1987թ.): Եվրոպական համալսարանների ու փառատոնների պատվավոր դոկտոր է, տեսահոլովակների և գրքերի հեղինակ: Համագործակցել է ավստրիացի հայտնի գրող Պիտր Հանդկեի հետ («Ցանկության թևեր»): Նա Անտոնիոնիի «ցնորված ինտելեկտուալիզմի» իսկական ժառանգորդն է և Մարտին Սկորսեգեի հիմնած «World Cinema Foundation»-ի խորհրդատուներից մեկը:
Վենդերսի ֆիլմերի մեծ մասի օպերատորը Րոբի Մյուլերն է (Դանիա): Վենդերսի լավագույն ֆիլմերն են «Ալիսը քաղաքներում», «Ցանկության թևեր», «Այնքան հեռու, այնքան մոտ», «Փարիզ, Տեխաս», «Ամպերից այն կողմ», «Բուենա Վիստա»:
նախքան կինոն բացահայտելը
Ծնվել եմ բժշկի ընտանիքում: Ինչ-որ պարտավորություն էի զգում հորս նկատմամբ և կարծում էի, որ ես նույնպես պետք է բժիշկ դառնամ: Այդ որոշումը պետք է որ նրան ուրախացներ: Մի կիսամյակ դասերին հաճախելուց հետո հասկացա, որ բժիշկ չեմ կարող լինել և հորս ասացի, որ գնում եմ Փարիզ` նկարչություն սովորելու: Կարծում էի, որ բոլոր իսկական նկարիչներն այնտեղից են սկսել: Փարիզում մեծ դժվարությունների հանդիպեցի. չկարողացա նկարչական դպրոց ընդունվել: Փոխարենը հանդիպեցի մի ամերիկացի նկարչի, որն արվեստանոց ուներ: Այնտեղ նկարչություն սովորելուց բացի, քանդակներ ու փորագրություններ էլ էի անում:
Փարիզում ապրում էի մի փոքրիկ սենյակում, որտեղ ձմեռն անտանելի ցուրտ էր. դա ինձ ստիպեց ելք փնտրել: Սինեմաթեքում կինոներ էի դիտում. տոմսը մեկ ֆրանկ էր, իսկ երեկոյի ընթացքում վեց ֆիլմ էին ցուցադրում: Ես այդքան գումար չունեի, ուստի ամեն ֆիլմի ավարտից հետո թաքնվում էի զուգարանում: Հետո պատահաբար թերթում կարդացի, որ Գերմանիայում կինոդպրոց է բացվելու: Թողեցի Փարիզն ու վերադարձա Գերմանիա: Ցանկանում էի 16-միլիմետրանոց ժապավենով կինոխցիկ գնել` կինոդպրոց ընդունվելու համար: Գրավ դրեցի իմ տասը տարվա սաքսոֆոնը, որ կարողանամ մի քանի րոպեանոց ֆիլմ նկարահանել:
Մեզ մոտ էլ, ինչպես բոլոր կինոդպրոցներում, սովորեցնում էին ամեն ինչ, բացի կինո նկարահանելուց: Սակայն չեմ կարող ասել, թե շատ վատ ժամանակներ էին: Հակառակը, բոլորս իրար շատ էինք օգնում այս կամ այն մտահղացումն իրականացնելու համար: