Գարնանային բյուլետեն. Վուդի Ալենը առաջարկում է հատուկ կուրսեր իր պես ուսումը չավարտած մարդկանց համար

April 25, 2017

Իմ էլեկտրոնային փոստարկղում հայտնվող նամակները, որ ստանում եմ տարբեր քոլեջներից, հասուն մարդկանց «կարթն են գցում» կրթական  խոստումներով, ինձ հուշեցին, որ, ըստ երևույթին, հայտնվել եմ email-երի հատուկ ցանկում, որոնցում կրթությունը չավարտած մարդիկ են: Այնպես չէ, որ ես բողոքում եմ: Այդ քոլեջների ընդլայնված կուրսերում կա մի բան, որն իմ մեջ արթնացրեց կենդանի հետաքրքրություն ու գրավեց այնպես, ինչպես դա հաջողվել էր միայն պատահական ինձ մոտ հայտնված հոնկոնգյան մի կատալոգի, որը սովորեցնում էր ինչպես ավելի զվարճալի անցկացնել մեղրամիսը: Ամեն անգամ, երբ կարդում եմ այդ կուրսերի մասին, պլաններ եմ կազմում անհապաղ թողնել ամեն ինչ ու վերադառնալ ուսմանը (քոլեջից ինձ վռնդեցին շատ տարիներ առաջ. ես դարձա այդպես էլ չապացուցված մեղադրանքների զոհ): Ամեն դեպքում, ես, մինչև օրս, անկիրթ, սահմանափակ մեծահասակ եմ, որը ժամանակ առ ժամանակ մտովի թերթում է գեղեցիկ տպագրված կուրսերի բյուլետենները:

Որակավորումը բարձրացնող ամառային կուրսեր


Տնտեսագիտության տեսություն. Առաջին կիսամյակում ուսումնասիրվում են արտադրական գործակիցների ֆունկցիաները, առաջարկի ու պահանջարկի կորերը: Երկրորդ կիսամյակում սովորեցնում են, ինչպես ծախսել միջոցները, ինչպես ստանալ մանրադրամը ու խնամքով պահել դրամապանակը: Վերլուծելով դաշնային պահոցների համակարգը, առաջադիմող ուսանողներին սովորեցնում են դեպոզիտ վճարելու, բլանկ լրացնելու մեթոդները:  Ուսանողները սովորում են նաև գնաճի ու դեպրեսիայի մասին, ու ինչ հագնել դրանցից յուրաքանչյուրի դեպքում:
Եվրոպական քաղաքակրթության պատմություն. Երբ «Սիդոն» սրճարանի տղամարդկանց զուգարանում պեղումների արդյունքում գտնվեց էոգիպուս կենդանին, շատ գիտնականներ արդեն կասկածում էին, որ Եվրոպան ու Ամերիկան ժամանակին միացված են եղել պարանոցով, որը կամ ջրի տակ է անցել, կամ վերածվել է Իստ-Ռեզերֆորդին` Նյու Ջերսի նահանգում: Այս ամենը թույլ է տալիս եվրոպական հասարակության կրթությունը դիտարկել նոր լույսի ներքո, թույլ է տալիս պատմաբաններին մտքեր ունենալ, թե ինչու է եվրոպական հասարակությունը հայտնվել երկրաբանական այն հատվածում, որտեղ կարող էր լինել ավելի լավ այսօրվա Ասիան: Կուրսի ժամանակ քննարկվում են նաև պատճառները, թե ինչու Վերածննդի ժամանակ կառուցվեց հենց Իտալիան:  
Հոգեբանության տեսություն. Մարդկային պահվածքի տեսություն. ինչո՞ւ են որոշ մարդկանց կոչում «հաճելի», մինչդեռ մյուսների դեմքին ուզում ես մի լավ հարվածել: Իրականում, կա անանցանելի վիհ մարդու հոգու ու մարմնի միջև, և, իրականում, որն է ավելի լավ ունենալ (ուսանողներին, որոնց, հատկապես, հոգեբանության այս ասպեկտներն են հետարքրում, խորհուրդ է տրվում անցնել ձմեռային կիսամյակներից մեկի հետևյալ կուրսերից մեկը`«Թշնամանքը սկսնակների համար», «Անցումային թշնամանք», «Ատելության զարգացում», «Զզվանքի տեսության հիմուքներ»): Ի դեպ, ուսանողները ստանում են նաև բազմաթիվ օգտակար խորհուրդներ, ինչպես զրկվել գիտակցությունից:
Պսիխոպաթոլոգիա. Կուրսը նախատեսված է կպչուն գաղափարների ու ֆոբիաների խորը ուսումնասիրման համար, այդ թվում`վախերի, օրինակ, խեցգետնի մսից խեղդվելու վախից:  Եթե ինչ-որ մեկը վոլեյբոլի ժամանակ չի ուզում գնդակը փոխանցել, սա նույնպես կուսումնասիրվի, ուսումնասիրության առարկա կդառնան նաև մարդիկ, որոնք կանանց ներկայությամբ չեն կարողանում արտաբերել «խավոտ ծածկոց» բառակապակցությունը: Ուումնասիրվում է նաև հասարակության մեջ մորուքով տղամարդկանց պահանջը:
Փիլիսոփայություն. Ընթերցվում են Պլատոնից, մինչև Քամյու բոլոր հեղինակները, հատկապես կարևորվում են այս թեմաները.
 

  • Էթիկա. Կատեգորիկ իմպերատիվն ու վեց միջոց, որպեսզի այն աշխատի ձեր օգտին

  • Գեղագիտություն. Արդյոք, արվեստը կյանքի հայելին է, թե` ինչը

  • Մետաֆիզիկա. Մահից հետո ի՞նչ է լինում հոգին, ինչպե՞ս նա այնտեղ

  • Իմացաբանություն. նկալելի՞ է արդյոք գիտելիքը: Եթե` ոչ, որտեղի՞ց մենք դա գիտենք:

  • Աբսուրդ.  Ինչո՞ւ է կյանքը երբեմն անիմաստ թվում, հատկապես այն մարդկանց, որոնք քաշմիրից վերարկու են կրում:


XXIX դարի փիլիսոփայություն. Ծանոթություն Աստծո հետ: Հանդիպում Երկրի Արարչի հետ, ու այս ամենը ոչ պաշտոնական դասախոսությունների ու արտադրական պրակտիկայի միջոցով:  
Նոր մաթեմատիկա. Ստանդարտ մաթեմատիկան վաղուց հնացել է: Դա բացահայտվեց այն ժամանակ, երբ պարզվեց, որ 5 թիվը մենք այսքան տարիներ գրել ենք սխալ կողմից:
Ֆունդամենտալ աստղագիտություն. Տիեզերքի մանրամասն ուսումնասիրություն, ինչպես նաև դրա խնամքի միջոցները: Արևը, որը բաղկացած է գազից, կարող է պայթել ամեն րոպե: Ուսանողները սովորում են, թե այս դեպքում, ինչ պետք է անի ամեն մի շարքային քաղաքացի:  Ուսանողները սովորում են նաև երկնքում գտնել Մեծ արջ, Cygnu, Sagittarius համաստեղությունները, ու նաև այն աստղերը, որոնք ձևավորում են Lumides-ը:
Ժամանակակից կենսաբանություն. Որտե՞ղ է  գործում մարմինը, ու որտե՞ղ կարելի է այն գտնել: Արյան անալիզ է արվում: Ուսանողներն իմանում են, ինչու է արյունն ավելի լավ ու էլ ինչ կարող է հոսել դրա փոխարեն: Ուսանողները վիրահատում են գորտի, նրա աղեստամոքսային համակարգը համեմատում սեփականի հետ: Ի դեպ, այդ ընթացքում, գորտը բացատրում է, ինչու է ինքն ավելի համեղ, քան իր կաշին:
Գերարագ ընթերցանություն. Այս կուրսը հնարավորություն է տալիս ամեն օր ավելի արագացնել ընթերցանությունը: Կուրսի ավարտին ուսանողները կարող են  «Կարամազով եղբայրները» ընթերցել 15 րոպեում:  Մեթոդը ենթադրում է էջերի սքանավորում` տեսողական դաշտից բաց թողնելով բոլոր բառերը, բացի տեղանուններից: Ի վերջո, բացառվում են նաև տեղանունները:  Քիչ-քիչ բոլոր ուսանողները հայտնվում են երկրարատև քնի մեջ, գալիս է գարունը, մարդիկ ամուսնանում ու մահանում են, իսկ Պինկերտոնը դեռ չի վերադառնում:
Երաժշտագիտություն III. Ֆելյտայի բլոկ. Ուսանողները սովորում են նվագել «Յանկի-դուդլ» ֆլեյտայով, հետո շատ արագ անցնում են  «Բրանդենբուրգյան համերգներին»: Հետո, բոլորը միասին, շատ արագ նորից վերադառնում են «Յանկի-դուդլ»-ին:
Երաժշտության ընկալում. Որպեսզի երաժշտական մեծ շեդեվրները ճիշտ «լսվեն», մարդը պետք է.

  1. Իմանա կոմպոզիտորի ծննդավայրը

  2. Կարողանա տարբերակել ռոնդոն ու սկերցո. այս ունակությունը պետք է ապացուցել արարքներով:


Շատ կարևոր է նաև անձնական վերաբերմունքն այդ երաժշտության նկատմամբ: Օրինակ, լսելու ժամանակ խորհուրդ չի տրվում քմծիծաղ տալ, եթե, իհարկե, կոմպոզիտորը ձեզանից հենց դա չէր ակնկալում: Ինչպես, օրինակ, «Տիլ Ուլենշպիգել»-ի դեպքում: Պետք է ունենալ նաև չմարզված ականջ, քանի որ մեր այս օրգանն ամենաշատն է հակված մոլորության: Ստերեոբարձրախոսների որոշակի դասավորվածության դեպքում, մեր ականջն իրեն կարող է դնել քթի տեղ: Ուսումնասիրության մյուս թեմաները`«Չորստակտանի երաժշտությունն ու այն քաղաքական նպատակներով օգտագործելու միջոցները», «Գրիգորիանական երգեցողություն` վանականներից ո՞վ է ռիթմը վերցնում»:
Դրամատուրգիական վարպետություն. Ամեն մի դրամայի հիմքում կոնֆլիկտ կա: Շատ կարևոր է նաև բնավորությունների զարգացումը: Նաև այն, որ այդ ընթացքում նրանք պետք է խոսեն:  Ուսանողները կիմանան, որ երկար, ձանձրալի ելույթները լավ արդյունք չեն տալիս, մինչդեռ, կարճ, հումորային ելույթները հավանության են արժանանում:  Ուսումնասիրվում է նաև հանդիսատեսի հոգեբանությունը. ինչո՞ւ  Գրամպս ազգանունով հաճելի ծերուկի մասին պիեսը հաճախ դուր չի գալիս նրանց, ինչպես, օրինակ, դիմացը նստած մարդու փորձը` ստիպել մարդուն հետ նայել:  Ուսումնասիրվում է նաև հետաքրքրությունից զուրկ բեմական գործողությունների տեսության ասպեկտը:
Դժվար դեռահասների հետ շփման տեսություն. Այս կուրսը նրանց համար է, որոնք սոցիալական խնդիրների լուծման ոլորտում են ու ձգտում են աշխատել դաշտային պայմաններում: Կուրսը ենթադրում է հետևյալ թեմաները.

  1. Ինչպե՞ս վերափոխել փողոցային խումբը բասկետբոլի թիմի ու հակառակը

  2. Սպորտային հրապարակը, որպես անչափահասների հանցագործությունների միջոց

  3. Պոտենցիալ մարդասպանների գրավման մեթոդները ջրային դահուկների մարզումների համար նախատեսված ջրավազանում

  4. Խտրականություն

  5. Փլուզված ընտանիքներ

  6. Ի՞նչ է պետք անել, եթե քեզ ծեծում են հեծանիվի շղթայով


Ուեյթսն ու հիգիենան. Համեմատական ուսումնասիրություն. Ուիլյամ Բաթլեր Ուեյթսի պոեզիան վերլուծվում է ատամների ճիշտ խնամքի ֆոնին (կուրսը նախատեսված է սահմանափակ թվով ուսանողների համար):

Աղբյուրը