Զլատան. ֆուտբոլը տարիք չի հարցնում

June 15, 2022

11 տարվա դադարից հետո այս տարի Միլանը կրկին կարողացավ նվաճել Իտալիայի չեմպիոնի տիտղոսը: Ինչպես 2011-ին, այնպես էլ այս տարի թիմի կազմում խաղում էր արդեն 40-ամյա շվեդ վետերան Զլատան Իբրահիմովիչը: Նա ապացուցեց, որ նույնիսկ կյանքի 5-րդ տասնամյակում կարող է բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել:

Ամբողջ մրցաշրջանի ընթացքում Զլատանը 8 գոլի հեղինակ է դարձել: Այս տարիքում պահպանել մարզավիճակը հեշտ գործ չէ: Այդ հարցում Իբրահիմովիչին օգնում են յուրատեսակ մարզումները, որոնք այնքան էլ բնորոշ չեն ֆուտբոլիստին: Իբրահիմովիչը զբաղվում է մարտարվեստով, որն ազդում է ոչ միայն նրա մարզավիճակի, այլև խաղի ոճի վրա:

Երիտասարդ տարիքում Իբրան զբաղվել է թեքվոնդոյով: Նրա երկրպագուները հաճախ են համոզվել, որ Զլատանը խաղադաշտում կատարում է թեքվոնդոյի հնարքներ գնդակին հասնելու, նույնիսկ հարվածելու համար: Նրա մանկության կուռքերը եղել են ոչ թե ֆուտբոլիստներ, այլ Բրյուս Լին ու Մուհամեդ Ալին:

Իբրան նույնիսկ թեքվոնդոյի սև գոտի ունի: Թեև արդարության համար պետք է նշել, որ սև գոտին ստացել է ոչ թե թեքվոնդոյում ունեցած հաջողությունների համար, այլ այդ սպորտաձևը հանրայնացնելու համար: Սև գոտի ստացել է 2010-ին, իսկ այդ ժամանակ արդեն ֆուտբոլային աստղ էր ու խաղում էր Միլանի կազմում:

Իբրան հաճախ է սոցցանցերում հրապարակում իր խելահեղ մարզումների կադրերը, որոնք դառնում են մեմերի ու կատակների թեմա: Հատկապես UFC պրոֆեսիոնալ մարզիկները, ինչպես օրինակ՝ Հաբիբ Նուրմագամեդովը, նրան կատակով հրավիրում են մենամարտերի: Այս արտասովոր ֆուտբոլիստի կյանքի, ֆուտբոլային ամենավառ դրվագների մասին է Newmag-ի հրատարակած «Ես Զլատանն եմ»  գիրքը: