Քեթի Լիչ. Կարևորը՝ զրուցակիցդ հավատա, որ դու անկեղծ ես

October 5, 2015

իմ աշխատասեղանը
Մեր դեսպանատանը խրախուսվում է մաքուր գրասեղանի քաղաքականությունը: Ես հիանում եմ մարդկանցով, որոնց սեղանը մշտապես մաքուր ու հավաքված է: Ես էլ եմ ձգտում դրան: Բայց իմն այդպիսին չէ: Իմ գրասեղանին բազմաթիվ թղթեր կան, քանի որ աշխատում եմ միաժամանակ տարբեր նախագծերի վրա ու չեմ սիրում դրանց նյութերը դարակում պահել: Միշտ մտավախություն ունեմ, թե կմոռանամ կարդալ: Այդ բոլորը տպում, դնում եմ սեղանիս՝ հույս ունենալով, թե մի օր կարդալու ժամանակ կգտնեմ: Կուտակում-կուտակում եմ և ի վերջո մի օր դեն նետում: Կյանքը շատ կարճ է, որպեսզի ժամանակ ծախսեմ ու դասավորեմ այդ բոլոր թղթերը:
առավոտյան սուրճ
Այստեղ՝ Հայաստանում, սուրճը հատուկ նշանակություն ունի: Ինչպես Բրիտանիայում թեյն է մշակույթի մի մաս, այնպես էլ այստեղ հատկապես առավոտյան սրճելը մի իսկական արարողություն է: Մեր դեսպանատանը առավոտյան մեկ գավաթ սուրճի շուրջը քննարկում ենք նախորդ օրվա անցուդարձը: Ես սիրում եմ քիչ քաղցր հայկական սուրճ: Բայց խմում եմ նաև այլ տեսակի սուրճեր: Սարսափելի չեմ սիրում սերուցքով, ֆրապուչինոյի տիպի սուրճեր. դրանք կարծես 1000 կալորիա ունեցող ըմպելիք լինեն:
մասնագիտության նրբություններ
Խոսքերն ու հնչերանգները՝տոնայնությունը, անչափ կարևոր են, բայց իրականում ամենակարևորն այն է, թե զրուցակիցդ հավատում է արդյոք, որ դու անկեղծ ես կամ առնվազն վստահություն ներշնչող: Հաջորդ կարևոր հարցը ժամանակայնությունն է: Միտքն արտահայտելու ճիշտ պահի ընտրությունը, իրավիճակի անսպասելի փոփոխությունների ընկալումն ու դրանց արձագանքելու կարողությունը կարող են մեծ նշանակություն ունենալ:



ՄՈՆՈԼԳՆԵՐ



ներողություն խնդրելու մշակույթը
Ես չեմ դժվարանում «ներողություն» ասել: Մարդը կարող է ափսոսել իր արարքի համար կամ նրա համար, որ նեղացրել է ինչ-որ մեկին: «Ներողություն» ասելու համար պետք է կարողանաս հաշտվել, պետք է պատրաստ լինես ընկալել այլոց տեսանկյունը և ընդունել, որ դու անսխալական չես: Որոշ մարդիկ դժվարանում են դա անել: Ես պարբերաբար հասկանում եմ, որ ինձ համար ներողություն խնդրելը շատ հեշտ է: