Մարգարիտա Գրիգորյան. Ես պրոֆեսիոնալ եմ, որովհետև վաստակում եմ իմ գիտելիքով

Մարգարիտա Գրիգորյան. Ես պրոֆեսիոնալ եմ, որովհետև վաստակում եմ իմ գիտելիքով

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը կարծում է, որ երբեք պետք չէ վախենալ սխալվելուց. դա շատ դժվար է, բայց արժանապատիվ, քան ոչինչ չանելը:

Իմ մասնագիտության ամենամեծ գաղտնիքը

Լրագրողի՝ իմ առաջին մասնագիտության ամենամեծ գաղտնիքն անկեղծությունն է: Լինել անկեղծ ինքդ քեզ հետ ու քո լսարանի. հետաքրքրված լինել այն պատմություններով, որոնց մասին գրում ես, անկեղծորեն պատմել քո հերոսների մասին, սիրել քո մասնագիտությունը: Լրագրությունը հնարավոր չէ կեղծել, առավել ևս` թաքցնել: Մենեջերի՝ իմ երկրորդ մասնագիտության հաջողության, արդյունավետության բանալին հստակ տեսլական ունենալն է և դրա իրագործման ճանապարհները գտնելը. ի՞նչ անել, ո՞ր ռեսուրսներով և ի՞նչ ժամանակահատվածում:

Ես պրոֆեսիոնալ եմ…

… որովհետև վաստակում եմ այն գիտելիքով, որը ստացել եմ համալսարանում, այլ բուհերում, աշխատում եմ իմ մասնագիտությամբ, իմ կարիերայի ընթացքում փոխել եմ աշխատավայրեր ու պաշտոններ, բայց առանցքը մնացել է նույնը:

Պարտքի զգացում

Սա ուղղակի արտահայտություն չէ. պարքի զգացում՝ ընտանիքիդ, հարազատներիդ, ընկերներիդ նկատմամբ, պարտքի զգացում՝ աշխատանքում: Որպես մայր ու կին միշտ ընտանիքիս կողքին եմ՝ կյանքի բոլոր մարտահրավերների ժամանակ: Որպես ընկեր` ընկերներիս աչքերին շիտակ նայելու հնարավորություն: Իսկ աշխատավայրում փորձում եմ լինել պարտաճանաչ, բարեխիղճ և կանխատեսելի:

Պատվի մարդ

Ինքն իրեն չդավաճանող, իր տեսակը չկորցնող, իր սկզբունքներին հավատարիմ մարդն է: Սեփական բնությանն ու վարքին տիրապետելու կարողությունը:

Կշեռքի մի նժարին պատիվն է, մյուսին…

… իսկ մյուսին ամեն անգամ ինքը կյանքն է որոշում, թե ինչն է: Դրան հակակշիռ հեշտ ճանապարհ ընտրելու մարդու մշտական գայթակղությունը իմ դեպքում երբեք չի գործել:


ՄՈՆՈԼԳՆԵՐ


Ներողություն խնդրելու արվեստը

Չեմ վախենում ասել, որ սա ամենաբարդ արվեստներից է, բայց այն ոչինչ է առանց անկեղծության: Միշտ հիշում եմ Ստանիսլավսկու «Չեմ հավատում» արտահայտությունը թե՛ այն ժամանակ, երբ ես եմ ներողություն խնդրում, թե՛ երբ ինձնից են խնդրում: Պետք է զղջալ, հետո ներողություն խնդրել: Հակառակ դեպքում, անիմաստ է:

Ներում

Ներելը մարդու ամենահզոր ունակությունն է, բայց և այնպես, միշտ խնդրում եմ Աստծուն, որ այս հարցում ինձ փորձության չենթարկի:

Լռելու պահը

Լռելը շատ կարևոր հատկություն է, որը վերջերս եմ ձեռք բերել: Անսովոր է, բայց օգտակար: Եվ կա մի լռություն, որ հուսով եմ մի օր կխախտեմ: Ես վաղուց լռում եմ որպես լրագրող, որովհետև աշխատում եմ որպես ղեկավար: Հուսով եմ՝ կգա այն օրը, երբ նորից խախտեմ լռությունս:

Երբեք

Երբեք չվախենալ սխալվելուց: Դա շատ դժվար է, բայց արժանապատիվ, քան ոչինչ չանելը:

Կորուստ

Եթե չխոսենք մարդու անդառնալի կորստի մասին, ապա ինձ համար անդառնալի է ողջամտության, վստահության, հիշողության և սիրո կորուստը, սրանցից յուրաքանչյուրի կորուստն իմաստազրկում է կյանքը:


Քաղաքավարությունը սկսում է…

Քաղաքավարությունը սկսվում է դիմիացինի նկատմամբ հարգանքից: Քաղաքավարությունը դաստիարակությունն է` գործողության մեջ: Միայն դաստիարակված մարդը կարող է լինել քաղաքավարի: Քաղաքավարությունը նաև բարեկրթություն է, երբ ամենածայրահեղ իրավիճակներում չի փոխում իր դրսևորման ձևը: Քաղաքավարությունը նաև քաղաքակրթվածության պատկանելիությունն է: Մարդու քաղաքավարության մակարդակից կարելի է դատել նրա դաստիարակության, կրթության, աշխարհայացքի ու բնավորության մասին:

IMG_9493+ (1)Իմ քաղաքը

Թումանյան, Տերյան, Փարպեցի… Իմ սիրելի փողոցները… Կասկադ, Օպերա…Դեռևս պահպանված սև քարից շենքերը… Բուսաբանական այգին, Հրազդանի կիրճը (առանց սրճարանների)… Սա է իմ փոքրիկ քաղաքը…

Նոր սերունդ

Երբ նայում են իմ երեխաներին, նրանց ընկերներին, համադասարանցիներին, հասկանում եմ՝ նրանք մեզնից շատ տարբեր են, մեզնից ավելի տեղեկացված են, ավելի ինքնաբավ և գիտեն, թե ինչ է իրենց պետք:

Մանկություն

Գաթայի բույրը, քանոնի ձայնը (մայրս քանոնահարուհի է ու հրաշալի խոհարար), առավոտյան սուրճի և լոլիկով ձվածեղի հոտը (հայրս ամենալավն է պատրաստում), աղմկոտ տանն արթնանալը (ես եղել եմ վեց երեխաներից առաջինը):

Հաճոյախոսություն կանանց

Հստակ տարբերում եմ շողոքորթությունը հաճոյախոսությունից. առաջինն ատում եմ, երկրորդին վերաբերում եմ ժպիտով:

Ապրելու բանաձև

Սիրել կարողանալը, դրան հավատալը, ապրել կարողանալ «հանունի» համար և ոչ թե «ընդդեմի»…

Գրել կարծիք