Նելլի Դուրյան. Մեր համակարգում դավաճանները տեղ չունեն

Նելլի Դուրյան. Մեր համակարգում դավաճանները տեղ չունեն

Ոստիկանության կին գնդապետը փողի կարևորության, հռչակի ու մեղքի զգացման, սիրո ու մատնության մասին:

հռչակ և հեղինակություն

Հռչակ ունենում են մարդիկ, որոնք ունեն համբավ, փառք ու բարի անուն: Անցնում են տարիներ, դարեր, և նրանց հիշում են: Նրանց օրինակներով դաստիարակվում են սերունդներ: Իսկ հեղինակություն ունեցող մարդկանց հատկանիշներից է հնազանդություն պահանջելը: Հեղինակությունները կշիռ ունեցող անձինք են: Նրանք մեծ ազդեցություն են ունենում մարդկանց վրա: Լավ կլիներ, որ յուրաքանչյուր ծնող հեղինակություն լիներ իր երեխայի համար:

իմ մասնագիտության ամենամեծ գաղտնիքը

Մասնագիտությանս սիրահարված եմ առ այսօր: Գաղտնիքն այն է, որ դու հասկանում ես քո արած աշխատանքի կարևորությունը, պիտանիությունը, կարողանում ես սիրել քո գործն ու նվիրվել նրան:

քաղաքավարությունը սկսվում է…

Մանուկ հասակից: Ծնողները մեզ սովորեցնում են դրսևորել քաղաքավարի վարմունք, հարգալից վարվելակերպ, լինել բարեկիրթ: Իսկ դու տեսնում նրանց վարքը և ընդօրինակում ես հենց իրենց:


ՄՈՆՈԼԳՆԵՐ


իմ սեղանը

Սիրում եմ իմ սեղանը: Կարևոր չէ` ինչ կլինի իմ սեղանին` սև հա՞ց, թե՞ սև խավիար: Կարևորը, որ կողքիս լինեն մարդիկ, որոնց հետ հաճելի է, նաև հաճույք է հաց կիսելը: Նախընտրում եմ մեր թոնրի լավաշը` պանիր-կանաչիով:

ճամփորդություն

Անչափ շատ սիրում եմ ճամփորդել: Ցանկացած ճամփորդություն` թեկուզ ընդամենը մի քանի օրով, ինձ հնարավորություն է տալիս ծանոթանալ հյուրընկալ երկրի մշակույթին, ճարտարապետությանը և հանգստանալ:

քննադատությունից մինչև մատնություն

Յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի քննադատությանը: Առողջ քննադատությունը միշտ տեղին է լինում: Եթե քննադատության մեջ խորհուրդ կա, շնորհակալություն եմ հայտնում ու հետևություն անում: Մատնություն, դավաճանություն չեմ կարող ընդունել: Ի վերջո, դավաճանել հայրենիքին, սկզբունքներին, ընտանիքի անդամներին, ընկերներին` անընդունելի է: Իսկ մեր համակարգում հատկապես` դավաճանները տեղ չունեն:

print-58-70նոր սերունդ

Նոր սերնդի հետ աշխատում եմ երկար տարիներ: Լավ սերունդ ունենք: Հետաքրքիր է հետևել տեղի ունեցող փոփոխություններին: Կարևոր է, որ մենք` մեծերս, մեր սեփական վարքագծով լավ օրինակ ծառայենք մեր երեխաներին և օգնենք նրանց աշխարհայացքի ձևավորմանը, մտավոր, բարոյական և ֆիզիկական դաստիարակությանը:

փող

Իհարկե, լավ է, որ փող կա. նորմալ ապրել, ճամփորդել: Սակայն փողի մեջ չէ երջանկությունը: Իմ կյանքում եղել են պահեր, որ ես ու ամուսինս փող չենք ունեցել, բայց դա չի ազդել մեր երջանկության վրա: Ինձ համար առավել կարևոր է ունենալ ընտանիք, որը, անկախ փող ունենալուց կամ չունենալուց, համերաշխ ու սիրով է ապրում:

մեղքի զգացում

Յուրաքանչյուրիս կյանքում լինում են պահեր, որ տարբեր արարքների պատճառով մեղքի զգացում ենք ունենում. ի վերջո, դա մարդկային զգացում է: Կարևոր է սեփական մեղքերը, սխալները գիտակցելը, իրեն և ուրիշներին խոստովանելը:

սեր

Սիրուց ավելի վեհ զգացում չկա. խորը, անձնուրաց նվիրվածություն: Առաջին հերթին պետք է լինի սեր առ Աստված, հայրենիք, ծնող, ընտանիք, երեխա, աշխատանք: Սիրել նշանակում է ապրել սրտով: Կյանքն առանց այն էլ կարճ է, պետք է ապրել սիրելով:

Գրել կարծիք