«Քամուց քշվածները» դասական անգերազանցելի վեպ է

«Քամուց քշվածները» ֆենոմենալ հաջողություն բերեց Միտչելին՝ դառնալով Ամերիկայի խորհրդանիշներից մեկը։ Վեպի վերնագիրը հղում է անգլիացի պոետ Էռնեստ Դոուսոնի «Կինարա» բանաստեղծությունից, որում հեղինակը գեղեցիկ նկարագրություններով թվարկում է իր երբեմնի ունեցածը, որը «քամին քշել-տարել է»։ Այդպես, Միտչելն իր վեպում նկարագրում է Ամերիկայի հարավի փառահեղ ժամանակները, որ ոչնչացրեց 1861 թ․ Քաղաքացիական պատերազմը ու իր հետ բերեց անխուսափելի փոփոխություններ։ Այն, որ պատմության այդ էջն առաջին անգամ էր գրականության մեջ նման ծավալով ներկայացվում կնոջ տեսանկյունից, չէր կարող ֆուրոր չառաջացնել ու չհետաքրքրել ընթերցողին՝ դարավոր փառք ապահովելով վեպի համար։ «Քամուց քշվածները» հնի ու նորի պայքարի, կյանքի վերափոխման ու նորոգման մասին է։ Այդ դժվարին գործընթացում դիմակայում ու հաղթում են ուժեղները, ովքեր կարողանում են ճկվել իրադարձությունների կաղապարին համապատասխան, չեն խնայում ոչինչ իրենց նպատակին հասնելու ճանապարհին ու, որ ամենակարևորն է, չեն թեքվում ամեն թեթև քամուց։ Առաջին հայացքից վեպը սիրային բազմանկյուն հիշեցնող երկարաշունչ մի պատմություն է՝ համեմված ժամանակի քաղաքական իրադարձությունների նկարագրությամբ։ Բայց, բավական է միայն պատկերացնել ու վերապրել հերոսներից յուրաքանչյուրի զգացմունքները, վախերն ու թաքնված ցանկությունները, կարելի է հասկանալ, թե բացի զուտ սենտիմենտալ կողմից այլ ինչ արժանիքներ ունի գիրքը։ Վեպի ստեղծման պատմությունն իր հերթին մի առանձին նշանավոր իրողություն է։ Ասում են, թե Միտչելը սկզբում գրել է գրքի վերջին գլուխը ու հետո մնացածը կառուցել մի կարևոր նախադասության շուրջ․ «Նա այդպես էլ չկարողացավ հասկանալ այն երկու տղամարդկանց, որոնց սիրում էր, և կորցրեց երկուսին էլ»։ Ինչ-որ չափով «Քամուց քշվածները» ազգային վեպ է, որում 19-րդ դարի Ամերիկայի հարավի բարքերն ու սովորույթներն են, տիրող ստրկատիրական կարգերը, բարձրերի ու ցածրերի մշտական պայքարը, փողի ու պատվի մրցակցությունը, իսկ այդ ամենին զուգահեռ հյուսիսի ու հարավի միջև տեղի ունեցող քաղաքացիական պատերազմն է, դրա ավերող ուժն ու խաղաղ կյանքի, պատրանքների անէացումը։

Հեղինակն իր վեպում մի քանի կարևոր հայեցակետեր է ներկայացնում։ Դրանցից մեկը պատերազմի կործանարար հետևանքների մասին է։ Միտչելը նույնպես, ինչպես հերոսներից շատերը, կողմ է այն գաղափարին, որ պատերազմում հաղթողներ չկան, որովհետև պատերազմը թշվառություն, հիվանդություն ու կարիք է։ Իզուր չէ, որ այդ միտքը Միտչելն ընթերցողին է հասցնում գաղափարային կարևոր հերոսի՝ Էշլի Վիլքսի շուրթերով։ Վառ են կերտված Միտչելի հերոսները։ Հեղինակը կարծես անմիջական հակադրության մեջ է դնում նրանց՝ վերջիններիս բնավորության ակնհայտ հակադրությամբ էլ ավելի ընդգծելով նրանց կերպարային առանձնահատկությունները։ Վեպի գլխավոր հերոսը Սքարլեթ Օ'Հարան է՝ «Երես առած, անհոգ մի աղջնակ, որին չհաջողվեց միայն դառնալ Էշլիի կինը»։ Սքարլեթը իրականության ու երազների բախման մարմնավորումն է։ Նա զգացմունքային է ու պրակտիկ միաժամանակ։ Նա իր հոր աղջիկն է՝ իռլանդացու տաքարյուն ու հաստատակամ բնավորությամբ, որը, թեպետև, անծանոթ էր աղջկան, երբ ինքն ապրում էր հայրական անվտանգ ու հարմարավետ տանը։ Բայց կյանքն առաջ է գնում, ու խստաբարո մոր պատվիրաններով մեծացած աղջկա առջև միանգամից ծառանում է իրականությունն իր ողջ թշվառությամբ՝ պատերազմ, մահ, հիվանդություններ, դրանց կողքին նաև անպատասխան, քմահաճ սեր, զոհված ամուսնուց մնացած չսիրված երեխա, հոգսեր, վախեր, կորուստներ։ Այդ ամենին դիմակայելու, չծնկելու ու չհանձնվելու, պատասխանատվությունից չխուսափելու, բայց և միաժամանակ դրա ամենակարող ուժի առջև զինաթափ չլինելու ու հետ չնայելու («Ես այս մասին չեմ մտածի այսօր, ես այդ մասին վաղը կմտածեմ») օրինակն է Սքարլեթը։ Հայտնի է, որ վեպը մինչ հրատարակվելը այլ վերնագրեր է ունեցել՝ «Կրիր քո բեռը» և «Վաղը նոր օր կբացվի», ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ վեպը միալար չէ, ու հեղինակի ասելիքն էլ հնարավոր չէ ամփոփել մեկ կամ մի քանի նախադասությամբ։ Սա վեպ է կյանքի մասին, այն մասին, որ մարդկանց հնարած բարոյական աշխարհն ու այն երանելի կյանքը, որոնցում շատ ծնողներ ցանկանում են մեծացնել իրենց երեխաներին, բացարձակ անօգուտ են, եթե երեխան չգիտի ինչպես որոշում կայացնել դժվար իրավիճակներում, ինչպես հաց վաստակել, ինչպես ապրել առհասարակ։ Հենց այս մտահոգություններն է արտահայտում Սքարլեթ Օ’Հարան ու ելքեր որոնում իրեն բաժին հասած կանխահաս փորձություններից։

Վստահաբար կարող ենք ասել, որ Սքարլեթ Օ'Հարան համաշխարհային գրականության փայլուն կերպարներից է։ Միտչելը հաշվի է առել նրա բնավորության, համոզմունքների, քմահաճույքների, անգամ ամենաանշան թվացող զգացմուքների մանրամասները։ Սքարլեթի մասին պատմող բազմաթիվ տողերում տեսնում ենք բոլոր այն ծայրահեղ հակասությունները, որ մի մարդ կարող է կրել իր ներսում։ Մենք կարող ենք Սքարլեթին համարել ինքնահավան, եսակենտրոն, շահամոլ, գուցեև լկտի, բայց չսիրել նրան չենք կարող։ Մեզանից յուրաքանչյուրի մեջ մի քիչ Սքարլեթ կա՝ ցանկասեր ու համառ աղջնակ, որ չի կարողանում հավասարեցնել զգացմունքի ու բանականության նժարները։ Հետաքրքրիր է, որ յուրաքանչյուր հերոսի մասին ընթերցելիս իրարամերժ զգացողությունները հաջորդում են մեկը մյուսին, ու անհնար է դառնում վերջիններիս որպես լավ կամ վատ որակելը, որովհետև նրանք հեքիաթի չար կամ բարի հերոսներ չեն։ Նրանցից յուրաքանչյուրը գոյություն ունեցող որոշակի երևույթի մարմնավորումն ու արտացոլումն է՝ Էշլի Վիլքսն ու Մելանի Համիլթոնը՝ հին, արիստոկրատ կարգերի, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել հնի տապալմանն ու արդեն գործող իրականությանը, Սքարլեթ Օ'Հարան ու Ռեթ Բաթլերը՝ որպես նոր, հընթացս ձևավորվող բուրժուական աշխարհի մերկության, Մելանի Համիլթոնն ու Սքարլեթ Օ'Հարան՝ կանացիության ու տոկունության, Ջերալդ Օ'Հարան՝ հայրենասիրության ու պայքարի։ Հայրենասիրության ու պայքարի տեսանկյունից խորհրդանշական է աղջկան՝ Սքարլեթին ասված Ջերալդ Օ'Հարայի այն միտքը, թե հողը միակ բանն է, որը նշանակություն ունի։ Հարավի արգասաբեր ժամանակների համար այս միտքն անհեթեթ էր։ Բայց պատերազմի թոհուբոհի, բազմաթիվ կորուստների, չդադարող ներքին անհամաձայնությունների ու հոգեկան խռովքների վերջում այդ մի բուռ կարմիր հողը դառնում է Սքարլեթի կարկատած հոգու միակ սփոփանքն ու հանգրվանը։ Սա ամբողջ վեպի կենտրոնական թեմաներից մեկն է, որը, կարծում եմ, առավել քան հասկանալի է հայերիս համար։

«Քամուց քշվածները» դասական անգերազանցելի վեպ է, որտեղ, բացի պատմական ու գեղարվեստական նյութից, բազմաթիվ աղջիկներ ու տղաներ կգտնեն իրենց հուզող հարցերի պատասխանները։

Այլ կարծիքներ