Գիրքը ընթերցելուց անհնար է չհուզվել և չարտասվել

Քաղցկեղով հիվանդի համար ամենադժվարը վախերից ձերբազատվելն է, հավատալը, որ վերջնականապես փրկվել ես, հավատալը, որ ապրելու ես ու դեռ հարյուր, հազար անգամ ես կարողանալու երեխայիդ ուրախացնել։ Մենք կարծում ենք, թե կյանքն առջևում է, որ դեռևս մի ամբողջ հավերժություն էլ ունենք ապրելու, այնինչ մենք հաջորդ վայրկյանի տերն էլ չենք ու չգիտենք էլ՝ մյուս ժամն ունենք ապրելու։

Անի Քոչարը(ծնվ․ 1986թ․) հայտնի հայ լրագրող և մոդել է, ում մոտ 2018թ․ մայիսին գերմանական կլինիկաներից մեկում հայտնաբերում են արյան քաղցկեղ։ Արյան քացկեղի հազվադեպ պատահող և ամենավատ տեսակներից մեկը՝ սուր միելոիդային լեյկոզ, որի դեպքում լիարժեք առողջանալու հավանականությունը 20-ից 45տոկոս է։ Սակայն ագրեսիվ բուժումների և Անիի ունեցած մեծ հավատի շնորհիվ հիվանդությունը նահանջում է։

3 տարի է անց Անին առողջ է և իր միակ զավակի կողքին է։ Շատ հիվանդներ ախտորոշումը հաստատվելուց հետո աշխատում են բոլոր հնարավոր միջոցներով թաքցնել իրենց հիվանդությունը և քիմիոթերապիայի թողած հետևանքները, փակվում են իրենք իրենց մեջ և սկսում են անհավասար պայքար նենգ հակառակորդի դեմ: Իսկ Անին իր մեջ գտել է ուժ և համարձակություն ամենայն մանրամասնությամբ գրի առնելու բուժման և հետո արդեն ապաքինման ընթացքը, ինչպես նաև իր հույզերը, զգացմունքները և մտքերը կիսել ընթերցողների հետ։

Շատերիս քաղցկեղի դեմ պայքարը թվում է կռիվ հողմաղացների դեմ, շատերից ենք լսում նմանատիպ արտահայտություն՝ անիմաստ փող, ժամանակ ու էներգիա ծախսել չարժե, միևնույն է քաղցկեղն անբուժելի է։ Իսկ այս աղջիկը իր օրինակով բոլորիս ապացուցում է, որ նույնիսկ անելանելի իրավիճակներից կա ելք ու կա փրկություն։ Պետք է հավատալ Աստծուն, վստահել սեփական ուժերին, լինել խելացի, դատող և անպայման լինել լավատես։ Այս գիրքը պետք է կարդան բոլորը, քանի որ գիրքը ապաքինման հույս կտա նրանց, ովքեր հենց հիմա անցնում են Անիի անցած ճանապարհով, բազմաթիվ պետքական խրոհուրդներ նրանց, ովքեր տնային կամ հիվանդանոցային պայմաններում խնամում են իրենց հարազատին, և ինչ-որ չափով թեթևություն նրանց, ովքեր վախենում են այս հիվանդությունից։ Եվ գիրքը պարտադիր է նրանց համար, ովքեր չեն հավատում հրաշքներին, իսկ հրաշքներ լինում են։

Գիրքը ընթերցելուց անհնար է չհուզվել և չարտասվել։ Ես, որ ինձ համարում եմ շատ ամուր բնավորություն ունեցող մարդ, չէի կարող զսպել ինձ, արցունքներս ինքնաբերաբար հոսում էին։ Կարդում էի ու հիշում ծնողներիս հետ ապրած դաժան ժամանակները։ Մելանոման 48 տարեկանում խլեց մորս կյանքը, իսկ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը 64 տարեկանում՝ հորս կյանքը։ Երևի Աստված ստվերում է մեր կյանքը, որպեսզի գնահատենք կյանքի լույսը, նկատենք այն, ձգտենք դեպի լույսը։