«Սիմոն»-ը սիրո մասին է, անվերադարձ հեռացող ինչ-որ անհրաժեշտ միջավայրի մասին

Չնայած Goodreads-ում էլ եմ կարծիքս գրել, նույնը պատճենում եմ այստեղ ։) Նարինե Աբգարյանի հետ ծանոթացա «Սիմոն»-ի շնորհիվ, ու անկեղծ ասած, անչափ ուրախ եմ, որ հենց ա՛յս անմոռանալի և անչափ գեղեցիկ ստեղծագործությունը հիմք դրեց այդ ծանոթությանը։ «Սիմոն»-ը սիրո մասին է, անվերադարձ հեռացող ինչ-որ անհրաժեշտ միջավայրի մասին է, որին մայրաքաղաքաբնակներս այդքան օտար ենք։ Եվ իզուր։ Չնայած ստեղծագործությունը «Սիմոն» է կոչվում, սակայն հիմքում կանանց՝ միմյանցից առհասարակ տարբեր, սակայն մեկ ընդհանրություն ունեցողների ճակատագրեր են։ Այն, թե ինչպես է կարողանում հեղինակը ներկայացնել մարդկային պատմությունները, նկարագրել Բերդում ապրողների միջավայրը, զգացմունքները, լրիվ ուրիշ պատմություն է և կարելի է անվերջ գրել։ Թե ինչպես է այդքան հոգի, բարություն, ժպիտ, հուզմունք և հումոր ներդրել ստեղծագործության մեջ, ինձ համար մինչև այս պահը անհասկանալի է։ Բոլոր այս կոմպոնենտներն այնքան ճիշտ համամասնություններով էին։ Չգիտեմ՝ Նարինեն գրառումս կկարդա, թե չէ, բայց ես անկեղծորեն կցանկանայի նաև Շաշ Վարդանուշի կյանքի պատմությանը նույնպես ծանոթ լինել։ Այս կնոջ ներկայությունը բոլոր պատումներում կարմիր թելով անցնում է, և վերջում տխրեցի, երբ ինձ համար նա այդպես էլ չբացահայտված մնաց, չնայած, որ համարում եմ Սիմոնից հետո վեպի գլխավոր կերպարը։ Իմ կարծիքով։ ՀԳ. Հիմա ես հասկանում եմ, թե ինչ է ասել «տրագիկոմեդիա», երբ մի պարբերությունը կարդալիս թուքը կոկորդումդ ես պահում, իսկ հաջորդին՝ ծիծաղը հազիվ զսպում։

Տարածել

Սիմոն
Սիմոն

Նարինե Աբգարյան

4800 ֏

Նկարագրություն

Հայկական փոքրիկ գյուղաքաղաքում՝ Բերդում, մահանում է որմնադիր Սիմոնը: Նա երկար կյանք է ապրել, վայելել է շրջապատի հարգանքը և հայտնի եղել սիրային արկածներով: Սիմոնը շատ էր սիրում կանանց։ Յուրաքանչյուր նոր սիրավեպի տրվում էր անմնացորդ, հրապուրվում էր, աստվածացնում, խանդում, բայց կարողանում էր արժանապատվորեն հրաժեշտ տալ:

Սա է պատճառը, որ թաղմանը հանդիպում են նրա սիրելի կանայք՝ պճնված Սև-Մուշեղանց Սոֆյան, Ամերիկայից որդիների ուղարկած հագուստով Թևոսանց Էլիզան, քիթը տնկած Բոչկանց Սուսաննան, դստերը Ռուսաստանում բարեհաջող ամուսնացրած Որբևայրի Սիլվան և, իհարկե, Սիմոնի օրինական կինը՝ Մելանյան, որը տարիներ շարունակ համբերատար դիմացել էր ամուսնու սիրառատ բնավորությանը:

Այս բոլոր կանայք շատ տարբեր են, բայց շուտով պարզ է դառնում, որ նրանցավելի շատ բան է միավորում, քան ուղղակի նույն տղամարդուն սիրելը, և որ յուրաքանչյուրի համար Սիմոնի հետ հանդիպումը բախտորոշ է եղել:

Այլ կարծիքներ