Այս գործը պարտադիր ընթերցանության ցանկում պետք է լինի հանրակրթական համակարգում

Չնայած հենց առաջաբանում հեղինակն ասում է՝ «Սույն աշխատանքը չի հավակնում ներկայանալ որպես համապարփակ, Ցեղասպանության բոլոր շերտերը ներառող ուսումնասիրություն», այնուամենայնիվ, իմ տպավորությամբ, այս աշխատությունը հավակնում է ներկայանալ որպես Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության դեմ պայքարելու համապարփակ ուսումնասիրություն։ Թաներ Աքչամը հսկայական և մանրակրկիտ աշխատանք է կատարել, աշխատությունն ունի ավելի քան 1800 ծանոթագրություն (գրքի միայն 84! էջ զբաղեցնում են ծանոթագրությունները)։ Հեղինակը հղումներ է անում օսմանյան, բրիտանական, ֆրանսիական և իտալական բազմաթիվ գաղտնի փաստաթղթերի, ինչն է՛լ ավելի է ընդգծում գործի հավաստիությունը և լրջություն հաղորդում։ Պիտի խոստովանեմ, որ կարդալը բավականին բարդ էր՝ սուբյեկտիվ և օբյեկտիվ մի շարք պատճառներով։ Առաջինը՝ գրքում կան ահռելի քանակությամբ պատմական կերպարների միմյանց շատ նման անուններ, որոնց հիշելը ոչ միայն դժվար է, այլև անհնար՝ հաշվի առնելով, որ օսմանյան կոչումները (բեյ, փաշա և այլն) կցվում են գրեթե բոլոր անվանումներին։ Իսկ սուբյեկտիվ պատճառը պատմագիտական գրականության ժանրի յուրահատկությունն է, պետք է կարողանալ և սիրել կարդալ այս ժանրի ստեղծագործությունները. ինձ մոտ մի փոքր դժվար է ստացվում։ Անկախ վերը նշվածից, այս գործը, իմ կարծիքով, պարտադիր ընթերցանության ցանկում պետք է լինի առնվազն հանրակրթական համակարգում, որի թուլությանը վերստին կհամոզվեք գործը կարդալուց հետո։

Տարածել

Խայտառակ արարք
Խայտառակ արարք

Թաներ Աքչամ

5800 ֏

Նկարագրություն

Հայոց ցեղասպանության մեջ Թուրքիայի հանցավորության հիմնաքարային առաջին գնահատականը՝ թուրք պատմաբանից:

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը ծավալուն ուսումնասիրություններից հետո ներկայացնում է մանրակրկիտ մշակված, օսմանյան և այլ աղբյուրների առատությամբ աչքի ընկնող աշխատություն, որը նաև թուրքական իշխանություններին ուղղված մեղադրանք է։ Աքչամն առաջին գիտնականն է, որը հավաքել է թուրքական ռազմական և դատական փաստաթղթերում, ականատեսների նամակներում և վկայություններում ցրված կարևորագույն ապացույցները։ Նա հետևել է Ցեղասպանությանը նախորդած իրադարձություններին և ցույց տվել, թե ինչպես են Ցեղասպանությունը համակարգված կերպով կազմակերպել Օսմանյան կառավարությունը, իշխող քաղաքական ուժը և բանակը։ Աքչամը նաև հետաքննում է կարևորագույն հարցը, թե Թուրքիան ինչպես խուսափեց պատասխանատվությունից՝ օգտագործելով տարածաշրջանում գերտերությունների շահերի բախումը, մեղավորներին պատժելու համար միջազգային հանրության ոչ համարժեք փորձերը և թուրք ազգայնականների առաջնահերթությունները։

Հիմա, երբ Թուրքիան մեծ ջանքերով փորձում է միանալ Եվրամիությանը, Աքչամի աշխատանքը նույնիսկ ավելի կարևոր և անհրաժեշտ է դառնում։ Արդիականությունը չկորցնող այս գիրքը Հայոց ցեղասպանության թեմայով դասական և առաջնային աշխատություն է։

Այլ կարծիքներ