Հեղինակ
Անդրեյ Մակին
Անդրեյ Մակինը (ծնվ. 1957թ.) ապրել է Պենզայում՝ Մոսկվայից մոտ 700 կմ հարավ-արևելք: Ֆրանսիայում ծնված տատիկի շնորհիվ սովորելով ֆրանսերեն ու ծանոթանալով ֆրանսիական մշակույթին՝ երկու լեզվով բանաստեղծություններ է գրել։ Ուսուցիչների փոխանակման ծրագրով 1987-ին մեկնել է Ֆրանսիա ու որոշել է մնալ: Ստացել է քաղաքական ապաստան ու սկսել է գրել ֆրանսերեն: Սակայն ստիպված է եղել իր առաջին ձեռագրերը ներկայացնել որպես ռուսերենից թարգմանություններ, որ փարատի հրատարակիչների թերահավատությունը, քանի որ նրանք չէին հավատում, որ նորահայտ ներգաղթյալը կարող է այդքան լավ ֆրանսերեն իմանալ: Իր առաջին երկու վեպերի նկատմամբ հիասթափեցնող արձագանքներից հետո 8 ամիս հրատարակիչ էր փնտրում իր չորրորդ՝ «Իմ ռուսական ամառների երազանքները» վեպի համար: Այն լույս տեսավ 1995-ին և դարձավ պատմության մեջ առաջին վեպը, որն արժանացել է միաժամանակ և՛ Գոնկուրյան և՛ Մեդիչի մրցանակներին, նաև Լիցեյիստների Գոնկուրյան մրցանակին: 2001-ին Մակինը սկսեց հրատարակվել Գաբրիել Օսմոնդ կեղծանվամբ՝ տասը տարում գրելով չորս վեպ: Նա վերածվեց ֆրանսիական գրականության առեղծվածի, քանի որ շատերը սկսեցին քննարկել, թե ով է իրականում Օսմոնդը: Ի վերջո, 2011-ին մի ընթերցող նկատեց, որ Օսմոնդի «20,000 կին տղամարդու կյանքում» գիրքը ներշնչված է Մակինի «Իմ ռուսական ամառների երազանքները» վեպից, որից հետո Մակինն ընդունեց, որ Օսմոնդն ինքն է: