1 ամիս «Գրքապտույտ»՝ գրքի տոնին ընդառաջ․ «Արմենպրես»-ը նոր նախագիծ է սկսել
Քայլ դեպի գիրքը․ «Արմենպրես» լրատվական գործակալությունը՝ գրքի տոնին ընդառաջ, գործընկեր հրատարակիչների հետ սկսել է «Գրքապտույտ» մրցույթ-նախագիծը: Ամեն օր «Արմենպրես»-ի ֆեյսբուքյան հարթակում կկազմակերպվեն խաղ–մրցույթներ, որոնց հաղթողները որպես նվեր գրքեր
Քայլ դեպի գիրքը․ «Արմենպրես» լրատվական գործակալությունը՝ գրքի տոնին ընդառաջ, գործընկեր հրատարակիչների հետ սկսել է «Գրքապտույտ» մրցույթ-նախագիծը: Ամեն օր «Արմենպրես»-ի ֆեյսբուքյան հարթակում կկազմակերպվեն խաղ–մրցույթներ, որոնց հաղթողները որպես նվեր գրքեր կստանան։ «Newmag» հրատարակչության առաջխաղացման եւ զարգացման ծրագրերի ղեկավար Գոհար Մանուկյանի խոսքով՝ նախագիծը մարդկանց ավելի կմոտեցնի գրքերին։
«Նման մրցույթները սոցիալական կայքերում ակտիվություն են առաջացնում, օնլայն պատվերներն են շատանում, մարդիկ ծանոթանում, իմանում են, որ նման գիրրք կա»,-ասում է Գոհար Մանուկյանը։
«Արմենպրես» լրատվական գործակալությունը միշտ եղել է գրքի հանրահռչակման ծրագրերի կողքին՝ ասում է «Անտարես» հրատարակչության հանրային կապերի պատասխանատու Ռոզա Գրիգորյանը և հիշեցնում գործակալության մյուս նախաձեռնությունները։
««Գրքապտույտ» նախագիծը միակը չէ, «Երևանյան բեսթսելլեր» և «Նոր գիրք» նախագծերն էլ վկայում են այն մասին, որ Արմենպրեսը մշտապես կանգնած է գրքի կողքին և նպաստում է դրա հանրահռչակմանը»,-ասում է Ռոզա Գրիգորյանը։
Հունվարի 19-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տրվեց «Գրքապտույտ» մրցույթ-նախագծի մեկնարկը։ Ասուլիսին ներկա տարբեր հրատարակչությունների ներկայացուցիչները համոզված են՝ նման նախագծերը հասարակությանը իրազեկում, հիշեցնում և ավելի են մոտեցնում գրքին։ «Բուկինիստ» ընկերության փոխտնօրեն Լորիս Վարդանյանը փաստեր է նշում, թե ինչպես են նման նախագծերն օգնում գրքերի վաճառքին։
«Դեռ տոնից մեկ ամիս առաջ ակտիվություն է նկատվում, մարդիկ նախընտրում են գնել գեղարվեստական և հատկապես մանկական գրականություն»,-ասում է Լորիս Վարդանյանը։
«Զանգակ» հրատարակչության գրական ծրագրերի համակարգող Հայկ Համբարձումյանը նույնպես փաստում է, որ տոնին ընդառաջ ավելանում է հատկապես մանկական գրականության վաճառքը։ «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի և վաճառքի գլխավոր մասնագետ Դավիթ Սամվելյանն էլ նկատում է՝ գրքին նվիրված մրցույթները, նախագծերը պետք է ավելի շատ լինեն։
«Կարևորում եմ նման նախագծերը, որովհետև որպես այդպիսին ամբողջ տարվա ընթացքում երկու գրքային փառատոն է լինում․ մեկը՝ Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, մյուսը՝ Երևանյան գրքի փառատոնն է»,-ասում է Դավիթ Սամվելյանը։
«Գրքապտույտ» մրցույթ-նախագծի ընթացքում խաղարկվելու է 12 գիրք, լինելու են նաև խրախուսական մրցանակներ։