12 գիրք և խրախուսական մրցանակ. մեկնարկում է «Գրքապտույտ» մրցույթ-նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիրք նվիրելու օրվան ընդառաջ «Արմենպրես»- լրատվական գործակալությունը գործընկեր հրատարակիչների հետ սկսում է «Գրքապտույտ» մրցույթ-նախագիծը: Այն բաղկացած է 4 փուլից: Յուրաքանչյուր ուրբաթ՝ ժամը 20:00-ին, «Արմենպրես»-ի ֆեյսբուքյա
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիրք նվիրելու օրվան ընդառաջ «Արմենպրես»- լրատվական գործակալությունը գործընկեր հրատարակիչների հետ սկսում է «Գրքապտույտ» մրցույթ-նախագիծը: Այն բաղկացած է 4 փուլից: Յուրաքանչյուր ուրբաթ՝ ժամը 20:00-ին, «Արմենպրես»-ի ֆեյսբուքյան էջում կհրապարակվի մրցույթի առաջադրանքը: Համակարգը ճիշտ պատասխաններից պատահականության սկզբունքով կընտրի 3-ը: Գործընկեր հրատարակիչների աջակցությամբ մրցութային կարգով խաղարկվելու է ընդհանուրը 12 գիրք, ևս 3 գիրք կտրվի որպես խրախուսական մրցանակ: Այս նախաձեռնությունը միտված է գրքի հանրահռչակմանը՝ կարևորելով գիրքն ու ընթերցանությունը:
«Newmag» հրատարակչության առաջխաղացման եւ զարգացման ծրագրերի ղեկավար Գոհար Մանուկյանը, կարևորելով նման նախաձեռնությունները, նշեց, որ դրանք նպաստում են գրքի տարածմանը:
«Երբ, սովորաբար, հայտարարվում է մրցույթի մասին, սոցիալական ցանցերում արդեն ակտիվություն է նկատվում: Առցանց պատվերների թիվն է ավելանում, գրախանութներում հարցումներն են շատանում: Գիրքը շատերի համար, կարծես, դարձել է շատ հարմար նվեր: Շատ հարցումներ վկայում են այն մասին, որ երբ գրքերը գնում ենք, դրանց 25 տոկոսն ենք կարդում: Միևնույն է, նման միջոցառումները նպաստում են գրքի առաջխաղացմանը, հրատարակիչների վերաբերյալ ընթերցողներն ավելի շատ ինֆորմացիա են ստանում»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Գոհար Մանուկյանը:
«Անտարես» հրատարակչության PR ղեկավար Ռոզա Գրիգորյանի խոսքով՝ «Արմենպրես»-ը թե «Երևանյան բեսթսելեր», թե «Նոր գիրք» նախագծերով նպաստել է գրքի, գրականության հանրահռչակմանը, հետաքրքրության մեծացմանը:
«Գրքի տոնը, նման նախաձեռնությունները նպաստել են, որ գիրքը դարձել է ոչ միայն գրքի տոնի, այլև ամանորյա, ծննդյան առիթների նվեր, ինչը շատ ողջունելի է: Վերջին շրջանում իսկապես նկատվում է այն հանգամանքը, որ մարդիկ սկսել են ավելի շատ գիրք կարդալ: Մասնավորապես, կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների շրջանում, երբ մարդիկ տանն էին, և շատ անելիք չկար»,-ասաց Ռոզա Գրիգորյանը:
«Զանգակ» հրատարակչության գրական ծրագրերի համակարգող Հայկ Համբարձումյանի խոսքով՝ որքան շատ լինեն գրքին նվիրված միջոցառումները, գրքի տոները, այնքան հասարակությունն ավելի մոտ կլինի գրքին:
«Այստեղ միայն գիրք գնելը չէ, հասարակությունն իր առօրյայի, կենցաղի մեջ պետք է տեսնի գիրքը: Եթե տարիներ առաջ հատ ու կենտ տոներ էինք ունենում, ապա հիմա տեսնում ենք, որ հաճախակիացել են նման նախաձեռնությունները, ինչը շատ ուրախալի է: Շնորհակալություն Լևոն Անանյանին՝ այն ժամանակ Գրողների միության նախագահին, ով գրքի տոնի սկիզբը դրեց, որից հետո ավելացան գրքի հանրահռչակմանն ուղղված միջոցառումներն արդեն ամբողջ տարվա ընթացքում»,-ասաց Հայկ Համբարձումյանը:
Հրատարակիչները նշեցին, որ Գիրք նվիրելու օրն արդեն իր ուրույն տեղն է գտել հասարակության շրջանում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ սովորաբար տոնին նախորդող օրերին գրքերի վաճառքներն ավելանում են:
«Բուկինիստ» ընկերության փոխտնօրեն Լորիս Վարդանյանը նշեց, որ իրենց գրախանութներում Գիրք նվիրելու օրվանից մեկ շաբաթ առաջ արդեն բավական ակտիվություն է լինում:
«Որպես գրքի տոն փետրվարի 19-ը կայացել է: Այդ օրերին պահանջարկ են ունենում ամենատարբեր ժանրերի գրքերը, սակայն առավելապես վաճառվում է մանկական, գեղարվեստական գրականությունը: Այդ օրերին մյուս օրերի համեմատ գրքերի վաճառքը կրկնակի ավելանում է»,-ասաց Լորիս Վարդանյանը:
«Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի և վաճառքի գլխավոր մասնագետ Դավիթ Սամվելյանի խոսքով՝ Հայաստանում այս պահին որպես մեծամասշտաբ գրական տոն, ըստ էության, երկուսն են՝ Գիրք նվիրելու օրը, Երևանյան գրքի փառատոնը: Իրադարձություններ, որոնք լավ իմաստով ստիպում են հրատարակիչներին պատրաստվել:
«Ոչ միայն լայն սպառում ունեցող գրքերն են ներկայացվում, այլև հրատարակիչները փորձում են նորույթով հանդես գալ: Ակնհայտ է, որ գրքերի սպառումը քանակական առումով նկատելի ավելանում է: Մյուս ամիսների համեմատ, գրքի տոնի շրջանակում ամենաքիչը 20-30 տոկոսով գրքի սպառումը մեծանում է»,-հավելեց Դավիթ Սամվելյանը:
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է