BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Մեդիալուսաբանում

5 նոր գիրք, որ կներկայացվի Newmag-ի ամառային փառատ

5 նոր գիրք, որ կներկայացվի Newmag-ի ամառային փառատոնին

newmag-y-n

Հունիսի 17-ին Երազ այգում կանցկացվի Newmag հրատարակչության ամառային փառատոնը՝ Summer FEST-ը։

Հունիսի 17-ին Երազ այգում կանցկացվի Newmag հրատարակչության ամառային փառատոնը՝ Summer FEST-ը։ Կեսօրից մինչեւ ուշ երեկո նախատեսվում են գրական տարբեր միջոցառումներ՝ գրքերի շնորհանդեսներ, դասընթացներ, երեխաների համար հատուկ ծրագիր, համերգ, գրքերի տոնավաճառ։

Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանը Մեդիամաքսին  պատմել է այն 5 նոր գրքերի մասին, որ հրատարակչության խմբագրական խորհրդի որոշմամբ ներկայացնելու են ընթերցողին։

1. Լարի Սեն «Տրամադրության վերելակ»

Լարի Սենը կորպորատիվ քոուչ է եւ աշխարհում հայտնի է իր մոտիվացիոն թրեյնինգներով։ Ավելի քան 15 գրքերի հեղինակ է, բայց ամենահայտնին «Տրամադրության վերելակ»-ն է։ Գիրքն անձանական աճի մասին է եւ պատմում է, թե ինչպես կառավարել տրամադրության փոփոխությունները։ Հեղինակը հորդորում է լրջորեն վերաբերվել փոփոխվող տրամադրությանը եւ առաջարկում է պարզ ցուցիչներ, թե ինչպես օգտվես տրամադրության վերելակից, որ միանգամից չբարձրանաս բարձր հարկեր կամ միանգամից չիջնես ներքեւ։

Այս գրքի առանձնահատկությունն այն է, որ թարգմանել են ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի թարգմանական ծրագրի շրջանավարտները։ Սա նրանց ավարտական աշխատանքն է եղել՝ թարգմանիչ, դասախոս Անուշ Սեդրակյանի գլխավորությամբ։

2. Գուզել Յախինա «Սամարղանդ տանող էշելոնը»

Սա Յախինայի երկրորդ գիրքն է, որ հրատարակում է Newmag-ը։ Երկու տարի առաջ տպագրեցինք նրա «Զուլեյխան բացում է աչքերը»։ Գրքերը լույս են տեսնում հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարով։ Յախինան «Յասնայա պոլյանա», «Մեծ գիրք» մրցանակների դափնեկիր է։

«Սամարղանդ տանող էշելոնը» պատմում է 1923 թվականի իրադարձությունների մասին, թե ինչպես Կազանից Սամարղանդ տարհանում են 500 թափառաշրջիկ ու քաղցած երեխաների։

3. Քլայվ Սթեյփլ Լուիս «Զուտ քրիստոնեություն»

Լյուիսը համարվում է 20-րդ դարի ամենահայտնի մտածողներից մեկը,  աստվածաբան է։ «Զուտ քրիստոնեություն»-ը նրա՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ քրիստոնեության մասին ռադիոելույթներն են։ Այն համարվում է Աստվածաշնչից հետո ամենահայտնի գիրքը քրիստոնեության մասին։

Այս գրքով Newmag-ը ներկայացնում է նոր մատենաշար, որը կոչվում «Հուն»։ Մատենաշարը պատրաստում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ, որպեսզի մեր ընթերցողները վստահ լինեն, որ գրքերն աղանդավորական որեւէ տարր չեն պարունակում։

Գիրքը հրատարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական խորհրդի երաշխավորությամբ եւ Գարեգին Երկրորդի օրհնությամբ։ Սա բացառիկ նախագիծ է, երբ մասնավոր հրատարակչությունը Մայր Աթոռի հետ տպագրում է քրիստոնեական պոպուլյար գրականություն։

4. Թիմոթի Սնայդեր «Բռնապետության մասին. 20 դաս XX դարից» 

Սնայդերը համարվում է խոշոր պատմաբան։ Նրա՝ «Բռնապետության մասին. 20 դաս XX դարից» գրքի երկու տարբերակ կա՝ միայն տեքստը եւ տեքստը՝ նկարազարդումներով։ Նկարազարդումներն արել է ամերիկացի նկարիչ Նորա Կրուգը։ Սա բացառիկ հրատարակություն է, որովհետեւ մենք գնել ենք նաեւ նկարազարդումների իրավունքները։

5. Միհրան Գալստյան եւ Նարե Գալստյան «Լոսից եկող կա՞»

Սա «Մինասյան» մատենաշարով լույս տեսած արդեն երրորդ գիրքն է։ Սոցիոլոգիական հետազոտություն է, որը պատասխանում է հարցին, թե արդյոք Լոս Անջելեսի հայերը երբեւէ կգա՞ն Հայաստանում ապրելու։ Դրա համար գրքի վերնագիրն է «Լոսից եկող կա՞», իսկ ենթավերնագիրը՝ «Հայրենադարձման խնդիրները եւ հնարավորությունները Լոս Անջելեսի հայկական համայնքում»։

Հեղինակներն են սոցիոլոգներ Միհրան Գալստյանը եւ նրա դուստրը՝ Նարե Գալստյանը։ Նրանք մոտ մեկ տարի ուսումնասիրել, սոցիոլոգիական հարցումներ են կատարել Գլենդելում։

Լուսինե Ղարիբյան

Տարածել