87 տարեկանում մահացել է հանրահայտ ամերիկահայ Վարդան Գրեգորեանը
87 տարեկանում մահացել է Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, նախկինում Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահ, Բրաունի համալսարանի առաջին օտարազգի նախագահ, Ամերիկայի նախագահի «Ազատության» մեդալակիր Վարդա
Թավրիզից Բեյրութ, հետո Կալիֆոռնիա, ապա Նյու Յորք՝ ամբողջ աշխարհը նվաճած մեծանուն հայի մահը սգում է ամերիկյան մտավորականությունը: Նյու Յորքի Հանրային գրադարանի փրկիչը մահացավ 87 տարեկանում: Սա Նյու Յորք Թայմսի այսօրվա գլխագիրն է: Հոդվածում ներկայացվում է նրա ամբողջ կյանքը, անգնահատելի ծառայությունները ամերիկյան ժողովրդին: Այն ուղեկցվում է բացառիկ լուսանկարներով: Այստեղ Վարդան Գրեգորյանը գլխավորում է կործանման եզրին հասած, իսկ այսօր Նյու Յորքի պարծանքը դարձած Հանրային գրադարանը: Այստեղ էլ նախագահ Ջորջ Բուշը նրան հանձնում է Ամերիկայի բարձրագույն մեդալը Ազատության նախագահական շքանշանը:
Նյու Յորք Թայմս. Դոկտոր Գրեգորյանը մարտիկ էր՝ հպարտ, խորաթափանց, հմայիչ, փայլուն պատմաբան և ուսուցիչ, մարդ, որն ուներ համեստ ծագում ու խոսում էր 7 լեզվով: Նրան առաջարկել էին նախագահել Կոլումբիայի, Միչիգանի ու Մայամիի համալսարանները: Բայց նա ընտրել էր Բրաունի համալսարանը և այն դարձրել լավագույն կթօջախներից մեկը երկրում ու աշխարհում:
Կրթության համաշխարհային մակարդակի կազմակերպիչ Վարդան Գրեգորյանը հայաստանյան իրականության մեջ հայտնվեց որպես Ավրորա մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր: Նա Ավրորայի հոգին ու պարծանքն էր, գլխավոր գաղափարախոսներից մեկը:
Վարդան Գրեգորյան. Ավրորան հայերի ամենամեծ նախաձեռնությունն է: Ընդգծելով, որ գնում ենք մարդկությանը, ընդգծում ենք, որ օգնում ենք ինքներս մեզ: Ավրորան ստիպում է, որ հայությունը հայացքը ձգի ապագա: Ուր ել գնանք տուն ենք վերադառնալու: Սա չոչնչանալու միակ ճանապարհը:
Ընդամենը անցած ամիս լույս տեսավ Վարդան Գրեգորյանի Տուն տանող ճանապարհը գրքը՝ հայերեն: Գիրք, որտեղ Վարդան Գրեգորյանն ամփոփել է իր ամբողջ կյանքը՝ պատմել իրեն հանդիպած և օգնած մեծանուն հայերի մասին: Ներկայացրել բացառիկ մանրամասներ Սիմոն Վրացյանի կյանքից, որի աշակերտն ու վստահորդն էր դարձել Բեյրութում:
Վարդան Գրեգորյան. Մենք հայերով մեծ ուժ ենք սփյուռքում և փորձում ենք արժանին մատուցել նրանց, որոնք մեզ փրկեցին: Պետք է հանդես գանք հալածանքների դեմ, հանուն արդարության: Պետք է հանդես գանք հանուն արժանապատվության և արթնացնենք աշխարհի խիղճը:
Վարդան Գրեգորյանի գիրքը կրթության կազմակերպիչների համար իսկական ուղեցույց է, թե ինչպես կառուցել համալսարանական կրթությունը, ինչպես կազմակերպել հանգանակություններ ու փրկել գրքեր, ստեղծել գիտելիք ու նոր կարողություններ: Տասնամյակների ընթացքում իր ձեռք բերած ազդեցիկ կապերով ու վաստակած հարգանքով Վարդան Գրեգորյանը ապրեց կյանք-ապացույց, որ հաջողության կենսունակ հենարանը միայն գիտելիքն է: