FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Մեդիալուսաբանում

Հայաստանը միանում է Ֆրանսիայի գլխավոր գրական մրցան

Հայաստանը միանում է Ֆրանսիայի գլխավոր գրական մրցանակաբաշխությանը՝ «Գոնկուր»-ին

09/17/2024

newmag-y-n

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շուրջ 2 տարվա աշխատանքի արդյունքում Հայաստանը միանում է Ֆրանսիայի գլխավոր գրական մրցանակաբաշխությանը։

Այս գրական կարևոր իրադարձությունը հնարավոր է դարձել Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, Newmag հրատարակչության համատեղ աշխատանքի արդյունքում։ Մրցանակաբաշխությունն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1903 թվականից։ Հաղթողը որոշվում է Ֆրանսիայի Գոնկուրյան ակադեմիայի անդամների քվեարկությամբ։ Մրցանակաբաշխությանն ազգային ժյուրիներով միացել է նաև 40-ից ավելի երկիր։ Նրանք ընտրում են իրենց հաղթողին Գոնկուրյան ակադեմիայի ներկայացրած ցանկից։ Միանալով այս կարևոր գրական իրադարձությանն՝ այսուհետ Հայաստանը ևս ազգային ժյուրիի օգնությամբ կընտրի իր հաղթողին։ Տարբեր երկրների կողմից ընտրված հաղթողների անունները կարող են համընկնել Գոնկուրյան ակադեմիայի ընտրած հաղթողի հետ, կարող են նաև չհամընկնել։ Հայաստանի ազգային ժյուրիի կողմից ընտրված հաղթողի ստեղծագործությունը կհրատարակի Newmag հրատարակչությունը։ 

«Ֆրանսիայի գլխավոր գրական մրցանակաբաշխությանը Հայաստանին միանալու իրադարձության պաշտոնական մասը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին «FrancoFest 2024» արվեստի և գրքի փառատոնի շրջանակում։ Այս կարևոր իրադարձությունն ուղեկցվելու է պանելային քննարկումներով, գրքի շնորհանդեսներով։ Մենք ներկայացնելու ենք 5 նոր գիրք։ Առաջինը Շառլ Ազնավուրի անտիպ գործերն են։ Գիրքը կոչվում է «Կյանքն ըստ Շառլի. Անտիպ», այն կազմել է Շառլ Ազնավուրի որդին։ Հաջորդ գիրքը Մելինե Մանուշյանի հուշերն են Միսաք Մանուշյանի մասին, կոչվում է «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով»։ Մենք կներկայացնենք նաև 2021 թվականի «Գոնկուր» մրցանակ ստացած սենեգալցի գրող Մոհամեդ Մբուգար Սառի «Հիշողության թաքստոցում» գիրքը։ Ներկայացվելու է նաև 2 ֆրանկոֆոն բեսթսելլեր՝ Ամելի Նոտոմբի «Թշնամու հարդարանքը», Անյես Մարտեն Լյուգանի «Թելից կախված երջանկություն»-ը»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Newmag հրատարակչության հիմնադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը։ 

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային կցորդ,  Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիդ Տյուրսը տեղեկացրեց, որ այդ օրը հյուրեր են սպասվում Ֆրանսիայից, մասնավորապես, ֆրանսիացի նշանավոր գրող, փիլիսոփա Պասկալ Բյուկները, Գոնկուր ակադեմիայի գլխավոր պատվիրակ-տնօրեն Ֆրանսուազ Ռոսինոն։ 

«Հայաստանի հասարակությունը քաջածանոթ է ֆրանսալեզու գրականությանը, սակայն դեռևս հին դասական հեղինակներին, մասնավորապես գերիշխում են ռուսերենից արված թարգմանությունները։ Այս նախաձեռնության նպատակն է քաջալերել ֆրանկոֆոն ժամանակակից գրականության տարածմանը Հայաստանում։ Սա կարևոր իրադարձություն է հայ-ֆրանսիական գրականության ոլորտում»,-ասաց Դավիդ Տյուրսը։ 

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին նշեց, որ մրցանակաբաշխության ազգային ժյուրիի կազմում լինելու են ոչ թե ոլորտի մասնագետներ, գրականագետներ, այլ ֆրանսախոս ուսանողներ։ Նրանք ընտրվելու են ԵՊՀ-ից, Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանից, Հայաստանում Ֆրանսիական համալսարանից։ 

«Աշխարհի բոլոր երկրներում, որտեղ կա «Գոնկուր» մրցանակաբաշխության ժյուրի, ներգրավված են ուսանողները։ Վերջին տարիներին Ֆրանսիայում ներգրավել ենք նաև ավագ դպրոցի աշակերտներին։ Սրանով մենք ցանկանում ենք երիտասարդությանը մասնակից դարձնել ժամանակակից գրականության զարգացումներին։ Դպրոցում, համալսարաններում ուսումնասիրում են դասական գրականություն, ահա սա լավ առիթ է, որ երիտասարդները ժամանակակից գրականություն կարդան»,-ասաց Սալվա Նակուզին։ 

«FrancoFest 2024» արվեստի և գրքի փառատոնը տեղի է ունենալու հոկտեմբերի 12-ին, Երևանի «Կոնգրես» հյուրանոցում։ 


Տարածել