Չորս նոր գիրք, թատերական ընթերցում, համերգային ծրագիր. կանցկացվի Francofest գրքի փառատոնն ու «Գոնկուր»-ի հայաստանյան փուլը
11/11/2025
Ֆրանսալեզու գրականությունն ավելի մոտ հայ ընթերցասերներին․ նոյեմբերի 15-ին Երևանում անցկացվելու է արդեն սպասված Francofest 2025 միջազգային գրքի փառատոնը և հեղինակավոր միջազգային գրական մրցույթի՝ «Գոնկուր»-ի, ազգային հայաստանյան փուլը։
Ֆրանսալեզու գրականությունն ավելի մոտ հայ ընթերցասերներին․ նոյեմբերի 15-ին Երևանում անցկացվելու է արդեն սպասված Francofest 2025 միջազգային գրքի փառատոնը և հեղինակավոր միջազգային գրական մրցույթի՝ «Գոնկուր»-ի, ազգային հայաստանյան փուլը։ Հայաստանը պաշտոնապես միացել է «Գոնկուր»-ի միջազգային ընտրությանը՝ դառնալով այն իրականացնող 39-րդ երկիրը։ «Գոնկուր»-ը Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցույթն է, որը 1903 թվականից ամեն տարի շնորհվում է ֆրանսերենով գրված լավագույն արձակ ստեղծագործությանը։
««Գոնկուր»-ը Ֆրանսիայի գրական աշխարհի ամենահեղինակավոր մրցույթն է։ Այնքան տարածում է գտել, որ տարբեր երկրներում անցկացվում է ազգային «Գոնկուր»։ Նախորդ տարվանից սերտ համագործակցության արդյունքում այս գործընթացին միացել է նաև Հայաստանը՝ կատարելով իր ազգային ընտրությունը։ Սկզբունքը բոլոր երկրներում նույնն է, ֆրանկոֆոն ուսանողներից բաղկացած ժյուրին ընթերցում է «Գոնկուր» ակադեմիայի կողմից առանձնացված 8 գիրք, որից ընտրվում է հաղթողը»,-ասաց Դավիդ Տյուրսը։
Ընթացիկ տարվա մարտին հայտնի էր դարձել «Գոնկուր» Հայաստանի հաղթող ստեղծագործությունը, այն է Գաել Ֆայի «Ժակարանդա» վեպն է, որը հայերեն թարգմանությամբ ներկայացվելու է հայ ընթերցասերներին Francofest 2025 միջազգային գրքի փառատոնի շրջանակում։ Newmag հրատարակչության հիմնադիր տնօրեն Արտակ Ալեքսանյան նշեց, որ փառատոնին ներկայացվելու է ևս 3 բեսթսելլեր։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիդ Տյուրսը կարևոր իրադարձություն համարեց Հայաստանի՝ «Գոնկուր»-ի միջազգային ընտրությանը միանալը։
«Ներկայացնելու ենք Նիկոլա Մատյոյի «Եվ զավակներն էլ իրենցից հետո» ստեղծագործությունը, որը 90-ականների մասին է և արժանացել է «Գոնկուր» մրցանակի։ Ասեմ, որ այս տարի Հայաստան է ժամանում ֆրանսիացի գրող, փիլիսոփա Պասկալ Բրուկները, որը ներկա կլինի իր՝ «Իմ փոքրիկ ամուսինը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին։ Եվ, իհարկե, քանի որ սա ֆրանկոֆոն գրականության փառատոն է, հետևաբար հեղինակները ոչ միայն Ֆրանսիայից են, այլև ֆրանկոֆոն աշխարհից։ Ըստ այդմ, 4-րդ գիրքը շվերյցարացի գրող Ժոել Դիկերի «Բալթիմորների գիրքը» վեպն է, որը մեգաբեսթսելլեր է եղել ամբողջ աշխարհում»,-ասաց Արտակ Ալեքսանյանը։
Նա ուրախությամբ նշեց, որ Francofest-ի բոլոր գրքերը, որոնք նախորդ տարիներին ներկայացվել են, Հայաստանում ոչ միայն դարձել են բեսթսելլեր, այլև իրենք ստիպված են եղել վերահրատարակել։
Անդրադառնալով «Գոնկուր»-ին Հայաստանի մասնակցությանը՝ Արտակ Ալեքսանյանը նշեց, որ այն կարևոր է մի քանի մակարդակում։ Նախ` ընթերցողների համար, որոնք հնարավորություն են ունենում տեսնել արդեն մրցանակ ստացած հետաքրքիր, որակյալ, նոր ստեղծագործություններ։ Հայ գրողները կարող են տեսնել, թե ինչ նոր բովանդակություն են ստեղծվում ֆրանկոֆոն աշխարհում։ Հաջորդ մակարդակն արդեն ինդուստրիան է։ Արտակ Ալեքսանյանը համոզմունք հայտնեց, որ այս հարթությունում ևս դրական տեղաշարժ կլինի։
Սպասվող միջոցառման շրջանակում նախատեսված են նաև պանելային քննարկումներ, թատերական ընթերցում և համերգ: Թատերական քննարկումը կվարի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը՝ դերասանների մասնակցությամբ, որից հետո կլինի ընթերցում՝ Ամելի Նոտոմբի «Կապույտ մորուքը»-ը: Մյուս պանելային քննարկման թեման է «Նոր կրթությունը Հայաստանում և Ֆրանսիայում»:
Պասկալ Բրուքներ
5800 ֏
Նկարագրություն
Ժամանակակից հեքիաթ՝ մեծերի մասին ու մեծերի համար։ Այս գիրքը սերունդների միջև հավերժական ու ծանր պայքարի մասին է, կյանքի ու մահվան փիլիսոփայական մեկնաբանություն է փոքրիկ տղամարդու ողբերգական ճակատագրի միջոցով։
Կարճահասակ Լեոնն իր ամեն երեխայի ծնվելու հետո կարճանում է 39 սմ։ Չորս երեխաների ծնունդը նրան վերածում է մատնաչափիկ ամուսնու՝ իր փարթամ ու բարձրահասակ կնոջ կողքին։ Պասկալ Բրուքները գեղարվեստական բացառիկ վարպետությամբ բացահայտում է փոքրիկ մարդու տվայտանքը և ի ցույց դնում մարդկանց հարաբերությունների բազմաշերտ հակասականությունը:
Երեխայի ծնվելուց հետո ընտանիքն ինչպես է ձևափոխվում, տղամարդու դերն ինչո՞ւ է հետզհետե նվազում ժամանակակից հասարակության մեջ, և ինչպես են զավակները «կուլ» տալիս ու ի վերջո «սպանում» իրենց ծնողներին։ Պասկալ Բրուքների «Իմ փոքրիկ ամուսինը» վեպը փիլիսոփայական առակ է, փոխաբերական պատմություն՝ էկզիստենցիալ պարադոքսների, հայրերի ու որդիների բախման և տղամարդու դերի մասին։
Նիկոլա Մատյո
7800 ֏
Նկարագրություն
Նիկոլա Մատյոն գրել է ֆրանսիական մեծ վեպ մի սերնդի մասին, որը պետք է իր ուղին գտնի փոփոխվողաշխարհում։ Բայց ինչպե՞ս, եթե կյանքի դրաման սկսվել է պատանեկան մի աննշան որոշումից։
Չորս ամառ, չորս էպիզոդ՝ Nirvana խմբի հիթերից մինչև 1998-ի ֆուտբոլի աշխարհի գավաթը։ Գիրքը պատմում է 1990-ականների Ֆրանսիայի, փոքր քաղաքների ու պանելային թաղամասերի, լողափերի ձանձրույթի ու լքված գործարանների մասին։ Գործազուրկ ծնողների զավակները, որոնց համար մեծ երազանքը շռայլություն է, լսում են Nirvana, մոպեդ քշում, խոտ ծխում ու երազում սեքսի մասին։ Կյանքը սեղմված է հուշերի ու անկման, բարեկրթության ու կոպտության միջև։
«Եվ զավակներն էլ՝ իրենցից հետո» վեպն արժանացել է ֆրանսալեզու գրականության ամենահեղինակավոր Գոնկուր մրցանակին, անգլերեն թարգմանությունը՝ ստացել «Ալբերտին» մրցանակ: Թարգմանվել է 20 լեզվով։ Վեպի հիման վրա 2024-ին նկարահանվել է համանուն ֆիլմը, որը ներկայացվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնում։
Ժոել Դիկեր
7800 ֏
Նկարագրություն
Շվեյցարացի երիտասարդ հեղինակ Ժոել Դիկերի այս նոր վեպն արագորեն գլխավորեց վաճառքի հիթ-շքերթները, քանի որ նրա նախորդ գիրքը՝ «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին», աննախադեպ հաջողություն էր գրանցել, վաճառվել էր միլիոնավոր օրինակներով ու հեղինակին բերել Ֆրանսիական ակադեմիայի Գրան պրի և Գոնկուր դը Լիսեի մրցանակները։
«Բալթիմորների գիրքը» դետեկտիվ վեպում Դիկերը կրկին բեմ է բերում իր հռչակավոր բեսթսելլերի հերոսին՝ երիտասարդ գրող Մարկուս Գոլդմանին։ Մարկուսն այս ընտանեկան սագայում հետաքննում է իր բարեկամ անհատների գաղտնիքները։ Մարկուսը մանկուց հիացած էր Բալթիմորում բնակվող Գոլդման ընտանիքի հարուստ և հաջողակ ճյուղով։ Նա սերում էր Մոնքլերի ավելի համեստ Գոլդմաններից, բայց պատանեկության շրջանում ամառային արձակուրդներն անցկացնում էր հորեղբոր տանը։ Մարկուսն իր ամառները վայելում էր երկու զարմիկների և մի աղջկա հետ, որին երեք տղաներն էլ խենթորեն սիրահարված էին։ Ապագան նրանց համար վարդագույն էր, բայց սարսափելի դրամայի հանգուցալուծումը կանխորոշված էր ի սկզբանե։
Գաել Ֆայ
6800 ֏
Նկարագրություն
Ժակարանդան մանուշակագույն ծառ է, որը խորհրդանշում է վերածնունդն ու հույսը։ Բայց նաև իր ստվերում թաքցնում է լռության ու ցավի մի պատմություն։
Միլանը մեծացել է Վերսալում, վերադառնում է Ռուանդա, որ պարզի մոր լռության գաղտնիքը։ Ստելլան մանկության հավատարիմ «ընկերոջ»՝ ժակարանդայի սաղարթախիտ ստվերում փնտրում է իր իսկ պատմությունը։ Ռոզալին՝ ընտանիքի մատրիարխը, հիշեցնում է. «Չես կարող իմանալ՝ ով ես, եթե չգիտես, թե որտեղից ես գալիս»։
Այս պոետիկ վեպը դարավոր ծառի պես կանգնած է խավարի ու լույսի սահմանագծին։ Այն հիշեցնում է, որ մարդկությունը հակասական է․ ունակ է և՛ դաժանության, և՛ սիրո, բայց նրա էությունը, ի հեճուկս ամենի, ապրելն է։ Գաել Ֆայը 4 սերունդների ճակատագրի միջոցով ներկայացնում է Ռուանդայի մեկ դարի պատմությունն ու տուտսիների ցեղասպանության արհավիրքը։
Կարդա նաև
Newmаg-ը ինտելեկտուալ փակ ակումբ է հիմնում՝ Signature Club
«Նոր գիրք»-37/25. Միքայելյան, Մատյո, Թրամփ, Կիյոսակի
Newmag Signature Club կբացվի սահմանափակ թվով գրքասերների համար
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԱԿՈՒՄԲՈՒՄ ՏԵՂԵՐԸ ԽԻՍՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ՝ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԸՆԴԱՄԵՆԸ ԳԻՐՔ ՍԻՐՈՂ 100 ԱՆՁԻ ՀԱՄԱՐ