Գլխավոր Մեդիալուսաբանում

Հինգ նոր գիրք, համերգային ծրագիր. կանցկացվի «Newma

Հինգ նոր գիրք, համերգային ծրագիր. կանցկացվի «Newmag Winterfest 2025. Գրքի և արվեստի փառատոն»-ը

02/12/2025

newmag-y-n

Երևանում փետրվարի 16-ին կանցկացվի «Newmag Winterfest 2025. Գրքի և արվեստի փառատոն»-ը, որն այս տարի ներկայանալու է հագեցած ծրագրով։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը նշեց, որ գրքի փառատոնը լավ առիթ է գրքասերների, արվեստի սիրահարների համար։ 

«Նախ ասեմ, որ փառատոնի շրջանակում ներկայացվելու են Newmag-ի հրատարակած գրքերը և այցելուները հնարավորություն ունեն իրենց նախընտրած գրքերը ձեռք բերել մինչև 40 տոկոս զեղչով։ Դրանից բացի, բավական հետաքրքիր ծրագիր ենք նախատեսել։ Մասնավորապես, լինելու է համերգային ծրագիր Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի, երգիչներ Սյուզանա Մելքոնյանի, Գոռ Սուջյանի, ինչպես նաև «Արցախի ձայն»-ի և այլ խմբերի մասնակցությամբ»,-ասաց Գնել Նալբանդյանը։ 

Ավանդույթի համաձայն գրքի փառատոնի շրջանակում այս անգամ ևս ներկայացվելու են նոր գրքեր։ Newmag հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը նշեց, որ այս անգամ ներկայացվելու է 5 նոր գիրք՝ հայ հեղինակներից։ 

«Ավանդաբար ձմեռային գրքի փառատոնին մենք ներկայացնում ենք հայ հեղինակներին։ Այս տարի կլինեն և նոր հեղինակներ, ինչպես նաև արդեն սիրված հեղինակներ իրենց նոր գրքերով»,-ասաց Անի Հակոբյանը։ 

Մասնավորապես, ներկայացվելու է Սյունե Սևադայի «Արիության մետաղ» քաղաքային վեպն անհայտության մեջ երջանկություն փնտրողների մասին։ Ընթերցասերներին ներկայացվելու է Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը», որը ականտեսի վկայություններ են ծանր գաղթի ճանապարհի ու կորցրած հայրենիքի մասին։ Հաջորդ գիրքը Հերմինե Ավագյանի «Հրաժեշտի աչքեր» պատմվածքների ժողովածուն է արցախյան պատերազմի, լքված հայրենիքի, անքնության ու հանդիպման սպասումների մասին։ Առաջին անգամ երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանը կներկայացնի իր «Հայելիս» պոեզիայի ժողովածուն։ 

Այս փառատոնը նաև լավ հնարավորություն է երիտասարդ գրողների համար։ Տեղում լինելու են հրատարակիչներ, որոնց հետ կարելի է կապ հաստատել՝ հստակեցնելու  համար իրենց գրքերն առաջ տանելու հնարավորությունները։ Մյուս կողմից ընթերցասերները հնարավորություն ունեն նաև հանդիպելու սիրված գրողներին ու բացահայտելու նոր գրողների։ 

Փառատոնի շրջանակում նաև անցկացվելու է գրական մրցույթ։ 

Տարածել

Դյութէ#2
Դյութէ#2

Հասմիկ Գյուլնազարյան

Արևիկ Ուդումյան

3800 ֏

Նկարագրություն

Newmag-ն Արևիկ Ուդումյանի ու «Բուրմունքի» հետ ներկայացնում են մաշկի խնամքի հայկական առաջին ուղեցույց-ամսագրի 2-րդ համարը: Աչքեր, շրթունքներ, պարանոց, դեմք, ձեռքեր...խնամքի ու գեղեցկության պարզ, կարևոր ու արդյունավետ խորհուրդներ ամբողջ մարմինը սնուցելու, պաշտպանելու ու խնամելու համար։ Մեկ տարի անց նորից պրոֆեսիոնալ խորհուրդներ այս անգամ՝ ամբողջ մարմնի համար։ Մաշկի խնամքի հայկական առաջին ուղեցույցի երկրորդ համարը՝ Արևիկ Ուդումյանի նախաբանով, պրոֆեսիոնալ մաշկաբանի տեսական ու գործնական խորհուրդներով և «Բուրմունքի» հատուկ էջով։


Հայելիս
Հայելիս

Ավետ Բարսեղյան

8800 ֏

Նկարագրություն

«Հայելիս» բանաստեղծությունների ժողովածուն Ավետ Բարսեղյանի անդրանիկ գիրքն է: Գրքում յուրաքանչյուր տող ինքնաբացահայտման փորձ է, որը ընթերցողին հնարավորություն է տալիս նայել մարդուն, կյանքին և սիրուն Ավետի հայացքով։ Գիրքը բացահայտում է հեղինակի հոգու ամենանուրբ անկյունները՝ անկեղծությամբ և առանց զարդարանքի։ «Ազնիվ»` այդպես է բնորոշում Ավետի պոեզիան Ընթերցողը։

Արիության մետաղ
Արիության մետաղ

Սյունե Սևադա

5800 ֏

Նկարագրություն

Մնալ ցավի մե՞ջ, թե՞ դուրս գալ թեկուզ սողալով։ Անցյալը բերե՞լ ներկա՝ փորձելով լուծումներ գտնել, թե՞ փակել ու շարժվել առաջ։ Որոշ իրավիճակներում այս հարցերի պատասխանները հստակ չեն, ու թվում է՝ հուշերի խեղդող ալիքներն արդեն հեռվում են, բայց հանկարծ պարզվում է, որ դառը օրերի համառ ու սառը ցնցուղը մշտապես գլխավերևում է՝ պատրաստ փայտացնել կամ էլ... սթափեցնել։

Որտե՞ղ սկսվեց ու որտե՞ղ կավարտվի ներքին կռիվը։ Այս հարցերի պատասխաններն են փնտրում «Արիության մետաղ» վեպի հերոսները, որոնք այսօր բախվել են անցյալի ծանր փորձություններին, որոշումներին ու թուլություններին և պետք է հասկանան, թե ինչ է պետք անել ապագայի հետ։

Այս վեպը փորձում է հիշեցնել, որ ամեն ոք իր ներսում ունի արիության սեփական մետաղը, բայց թե ինչպես այն կկիրառի, ի՛ր ընտրությունն է։


Գլխավոր գործընկեր՝ «Սպարսիս» ընկերություն։ 

Գործընկեր՝ «Բ-պլազա»

Վերջին կարմիր շրթներկը
Վերջին կարմիր շրթներկը

Ծովինար Բարխուդարյան

5800 ֏

Նկարագրություն

Արցախի հայաթափման հաջորդող տարում Ծովինար Բարխուդարյանը բազմաթիվ վկայություններ է հավաքել՝ ցնցող, ցավեցնող, սարսափելի, հուզիչ, ապրելու ուժ տվող։ Մեկ գրքում Ծովինարն ամփոփել է իր և 12 կանանց ճշմարտությունը, պատմել իրենց ցավն աննկարագրելի արժանապատվությամբ կրող մարդկանց մասին։ Գիրքն ականատեսի ճշգրիտ, փաստական վկայությունների և հուզիչ համալրումների ամբողջացում է։ Հեղինակը պատմում է սեփական ու արցախցի իր հայրենակիցների պատմությունը՝ նկարագրելով արցախցու անկոտրում կամքը և ծանր գաղթի մղձավանջային ճանապարհը։ 

Հրաժեշտի աչքերը
Հրաժեշտի աչքերը

Հերմինե Ավագյան

4800 ֏

Նկարագրություն

Մարդկային խեղված ճակատագրեր, ժամանակից շուտ մեծացած երեխաներ, հայրենի տունը լքելու պարտադրանք, կարոտ. սա այն է, ինչ իր հետ բերում է պատերազմը։ Այն մարդիկ, ովքեր անցել են այս ամենի միջով, շատ նման են իրար. նրանց հոգիներում դատարկ անկյուններ կան, որոնք ոչ մի բանով հնարավոր չէ լրացնել, ամբողջացնել։  Պատերազմից հետո մնում է ծանր լռություն, որով իրար հետ հաղորդակցվում են երազանքները կորցրած մարդիկ։ Նրանք իրար հետ խոսում են աչքերով, որովհետև ընկերոջ, հարևանի, որդու, ամուսնու հայացքում նրանք ամեն օր գտնում են իրենց հիշատակները, կորուստները և խաղաղության հավատը: