Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Մեդիալուսաբանում

«Նոր գիրք»-26/25. Բունին, Սաղաբալյան, Մենդոսա

«Նոր գիրք»-26/25. Բունին, Սաղաբալյան, Մենդոսա

08/04/2025

newmag-y-n

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը:

Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն

Իվան Բունին, «Նզովյալ օրեր: Օրագրային նոթեր- խոստովանություններ»

Փիլիսոփայական-հրապարակախոսական շնչով գրված այս գիրքը, որտեղ վավերականությունն ու գեղարվեստականությունն ի մի են եկել, հենված է մեծ գրողի օրագրային նշումների վրա, որոնք արվել են 1918-20 թթ․ Մոսկվայում և Օդեսայում: Ռուսական հեղափոխությունը Բունինն ընկալում էր որպես ազգային աղետ և մռայլ վհատությամբ է նկարագրել երկրի համար ճակատագրական շրջանը: Առաջին անգամ գրքից հատվածներ են հրապարակվել 1925-27 թթ․ Փարիզում լույս տեսնող «Վոզռոժդենիե» թերթում, ապա «Նզովյալ օրերն» ընդգրկվել է Բունինի երկերի ժողովածուի մեջ (Բեռլին, 1935): ԽՍՀՄ-ում, գիրքն արգելված մնալով մինչև գորբաչովյան Վերակառուցումը, հատվածաբար հրատարակվել է միայն 1988-ին։ Խորհրդային երկրի փլուզումից հետո «Նզովյալ օրերը» մեծ ճանաչում է ստացել՝ ավելի քան 15 անգամ վերահրատարակվելով Ռուսաստանում: Թարգմանությունը ռուսերենից՝ Լեոնիդ Զիլֆուղարյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն 

Ռուսլան Սաղաբալյան, «Յոթ գալակտիկաների դպրոցը»

Գրքի երազկոտ հերոսը հայտնվում է տիեզերական դպրոցում, որը նման է մեր երկրային դպրոցներին։ Սակայն այս դպրոցում սովորում են յոթ գալակտիկաների ներկայացուցիչներ՝ տարբեր արարածներ, որոնք օժտված են բացառիկ ունակություններով։ Նրանք ընկերանում են և միմյանց օգնում դժվար իրավիճակներից դուրս գալ։ Յոթ գալակտիկաների դպրոցի աշակերտները մշտապես հայտնվում են անհավատալի իրավիճակներում և ամեն անգամ հաղթահարում են արգելքները՝ խելամտության, համառության, հավատարմության, երևակայության և երազելու շնորհիվ։ Նրանց արկածներն ամփոփված են հեղինակի այս արտասովոր գրքում, որը նախատեսված է 9 տարեկանից բարձր երեխաների համար։

Դպրոց, ուր գալակտիկաների սահմանները միավորվում են, և ուր ամեն պատմություն նոր սկիզբ է։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

Փաստավավերագրական գրականություն 

Վիրխինա Մենդոսա, «Քամու վերքերը. հայկական քրոնիկներ»

Լույս է տեսել իսպանուհի մարդաբան, լրագրող Վիրխինա Մենդոսայի «Քամու վերքերը. հայկական քրոնիկներ» գիրքը: Հայաստանի մասին պատմող այս յուրահատուկ ստեղծագործությունը Վիրխինա Մենդոսայի առաջին գիրքն է, որը ներկայացվել է Իսպանիայի տարբեր քաղաքներում՝ ամենուրեք արժանանալով ընթերցողների դրական արձագանքներին։ Հեղինակը հայտնվել էր Հայաստանում, երբ երկրում դեռ սակավ էին օտարերկրացի ուղևորները, սիրահարվել էր աշխարհի՝ վաղնջական մշակույթով այս անկյանն ու որոշել գրքի վերածել այստեղ անցկացրած մեկ տարվա ընթացքում բազմաթիվ ուղևորությունների պատմությունը։
Թարգմանիչ՝ Հասմիկ Ամիրաղյան։ Գիրքը լույս է ընծայել «Ակտուալ Արվեստ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Տարածել