Հայաստանը՝ ֆրանսիական ամենահեղինակավոր Գոնկուր գրական մրցանակաբաշխության ընտանիքի անդամ․ «Վերնատուն»
10/07/2024
Newmag հրատարակչությունն արդեն 2-րդ տարին է կազմակերպում ֆրանսալեզու գրականության ու արվեստի փառատոնը:
Ֆրակոֆեստ 2024 –ը տեղի է ունենալու Թարգմանչաց տոնին զուգահեռ և ստորագրվելու է հուշագիր Ֆրանսիական ամենահեղինակավոր՝ Գոնկուր գրական մրցանակաբաշխության հետ, որը հայտարարելու է Հայաստանում Գոնկուր մրցանակի ազգային ժյուրի ձևավորելու մասին։
Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն ասում է, որ սա հայ գրական կյանքի համար պատմական իրադարձություն է և մշակութային այս իրադարձությունը հնարավոր է դարձել Newmag–ի, Ֆրանսիական ինստիտուտի և Ֆրանսիական համալսարանի համատեղ ջանքերով։ Այդ առիթով Երևան են ժամանելու Գոնկուր ակադեմիայի գլխավոր դելեգատ Ֆրանսուազ Ռոսինոն և Գոնկուր մրցանակի ժյուրիի անդամ, ֆրանսիացի անվանի գրող, փիլիսոփա Պասկալ Բրյուկները։
«Ֆրանսիական կամ ֆրանսալեզու գրականությունն ավելի շատ հայտնի է Հյուգոյի կամ Բալզակի տեսքով ու դրանից այն կողմ չի անցնում, բայց մենք չգիտենք թե 21–րդ դարում, հենց հիմա, ովքեր են ֆրանսալեզու գրականության նորաձևությունն ու տենդենցները թելադրողները», – ասում է Գնել Նալբանդյանը։
Ուսանողներից կազմված հայաստանյան հանձնախումբը հնարավորություն է ունենալու ընտրել իրեն հետաքրքրող ֆրանսալեզու գրականությունն ու հեղինակներին։ Newmag հրատարակչությունը կհրատարակի հայկական ժյուրիի ընտրած հեղինակների ստեղծագործությունները և հայ ընթերցողը հնարավորություն կունենա կարդալու ժամանակակից ֆրանսալեզու գրականության լավագույն ստեղծագործությունները։
Newmag հրատարակչության մուլտիմեդիա բովանդակության պատասխանատու Մանու Իրիցյանը ներկայացնում է հրատարակչության հինգ նոր ֆրանսալեզու գրքերը և փառատոնային ծրագիրը։
Փառատոնի նոր հրատարակություններից են 2021 թ․-ի Գոնկուրի արժանացած աֆրիկացի հեղինակ՝ Մուհամմեդ Մբուգար Սաառի վեպը «Հուշագրություն Շառլ Ազնավուրի մասին», որը կազմված է Ազնավուրի անտիպ մտքերից, հարցազրույցներից, լուսանկարներից, փաստաթղթերից, մյուս գիրքը՝ Միսաք Մանուշյանի կնոջ՝ Մելինե Մանուշյանի երկու մասանոց հուշագրությունն է Միսաք Մանուշյանի մասին և երկու ֆրանսիական բեսթսելլեր՝ ժամանակակից կին հեղինակներ՝ Անիես Մարտեն Լյուգանի և Ամելի Նոտոմբի վեպերը։
Ֆրանսալեզու գրքերից բացի, փառատոնի շրջանակներում կլինի նաև պանելային քննարկումներ, ֆրանսիական նորաձևություն, երաժշտություն և խոհանոց:
Ֆրանսիական գրականության և արվեստի Ֆրակոֆեստ 2024 փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին, Կոնգրես հյուրանոցում, ժամը 12.00-ից մինչև 21:00–ը։
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը