«Սկզբունքներ». Բիզնեսում ու կյանքում հաջողության մասին գիրք՝ «Արմբրոկ»-ի աջակցությամբ
01/21/2025
«Արմբրոկ» ներդրումային ընկերության հովանավորությամբ Newmag-ը հայերեն է թարգմանել եւ հրատարակել ֆինանսիստ, ներդրող ու ձեռներեց Ռեյ Դալիոյի «Սկզբունքներ» գիրքը:
Դալիոն իր ներդրումային Bridgewater Associates ընկերությունը հիմնել է Նյու Յորքի երեք սենյականոց բնակարանում։ 40 տարի անց այն դարձել է պատմության մեջ ամենաշատ գումար վաստակած հեջ ֆոնդն ու ԱՄՆ-ում 5-րդ խոշոր մասնավոր ընկերությունը:

Time ամսագիրը Դալիոյին ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում:
Banks.am-ը ներկա է եղել գրքի շնորհանդեսին ու առանձնացրել դրա հետաքրքիր դրվագները:«Մեզ պակասում են հաջողության պատմությունները»«Դալիոյի «Սկզբունքներ» գիրքը հիմնված է հաջողության պատմության վրա ու ներկայացնում է՝ ինչպես զրոյից հիմնել կայուն ընկերություն: Սա շատ է ոգեւորում: Այս գիրքը հայերեն թարգմանելու առաջարկն անելիս հույս ունեինք, որ ոգեւորությունը վարակիչ կլինի նաեւ մյուսների համար», - Banks.am-ի հետ զրույցում ասել է «Արմբրոկ» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Արամ Կայֆաջյանը. «Գրքում տեղ գտած որոշ գաղափարներ փորձել ենք կիրառել նաեւ մեր ընկերությունում»:
Նրա խոսքով՝ շուկայում գործելով 30 տարի՝ «Արմբրոկ»-ը եւս ունի սեփական փորձը, հաջողության պատմությունն ու սկզբունքները: «Դրանք բացարձակ թափանցիկությունն ու ազնվություն են: Այս մոտեցումներն օգնում են, որ մեր եւ հաճախորդների միջեւ ձեւավորվի վստահության միջավայր», - ասել է Արամ Կայֆաջյանը: Նա ընդգծել է՝ գիրքը ոչ միայն հաջողությունների, այլեւ ձախողումների ու դրանցից քաղած դասերի մասին է: Փորձելու, չստացվելու, նորից ու նորից փորձելու ճանապարհով է միայն հնարավոր հասնել ցանկալի արդյունքի.
«Կարեւոր է ասել, որ սա միայն մասնագիտական՝ ֆինանսիստներին կամ ներդրողներին ուղղված գրականություն չէ։ Այն ներկայացնում է կյանքում երջանիկ լինելու եւ հաջողության հասնելու սկզբունքները եւս։ Հետեւաբար, հասանելի է ընթերցողների լայն շրջանակի: Կարծում եմ՝ մեզ որոշ առումով պակասում են հաջողության պատմությունները:
Հույս ունեմ՝ Դալիոյի օրինակը կոգեւորի հասարակության այն անդամներին, որոնք ունեն գաղափարներ, բայց կարծում են, որ իրենց միջոցները բավարար չեն դրանք իրականություն դարձնելու համար: Ինչպես Սթիվ Ջոբսը սկսեց ավտոտնակից կամ Ռեյ Դալիոն իր բնակարանի մեկ սենյակից, իրենք եւս կարող են մինչեւ վերջ գնալ դեպի ցանկալի հաջողություն՝ սկսելով զրոյական կետից»: «Բծախնդիր հետազոտական աշխատանք՝ հիմնված սեփական փորձի ու պատմության վրա»Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի կարծիքով՝ գիրքն առավել օգտակար կլինի բիզնեսներ, տնտեսություններ կառավարողների համար, բայց շատ հետաքրքիր՝ ընթերցողների լայն շրջանակի: «Սա անձնական աճի, առաջնորդության, ռեսուրսների կառավարման մեծ շտեմարան է։ Օրինակ՝ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները գրքում կարող են բազմաթիվ կիրառական խորհուրդներ գտնել», - Banks.am-ին ասել է Գնել Նալբանդյանը:
Նրա խոսքով՝ գրքում տեղ է գտել հեղինակի անձնական փորձառությունը. «Այստեղ տրվող ցանկացած խորհուրդ հիմնված է տասնյակ, նույնիսկ՝ հարյուրավոր փորձերի, սխալների ու հաջողությունների վրա։ Դալիոն կառավարել է տարբեր ֆոնդեր եւ հեղինակություն ձեռք բերել բծախնդիր հետազոտական աշխատանքի շնորհիվ։ Բացի այդ, Ռեյ Դալիոն, լինելով պատմության սիրահար, ուսումնասիրել է վերջին մի քանի հարյուրամյակի աշխարհի կարեւորագույն տնտեսությունների օրինաչափությունները։ Այսինքն, սա գիրք է թե անձնական փորձառության, թե պատմության հիման վրա»: Գնել Նալբանդյանը նշել է՝ հայ ընթերցողի համար գիրքը կարեւոր է հատկապես հիմա, երբ մենք, օրինակ, առնչվում ենք կենսաթոշակային ֆոնդերին. «Մարդկանց պետք է հետաքրքրի՝ ինչպես են աշխատում նրանց ֆոնդերի կառավարիչները, ինչպես է աշխատում գումարը, առհասարակ՝ ներքին խոհանոցը: Կարող ենք ասել, որ այս գիրքը ֆինանսական միջնորդի հանդեպ վստահության ցուցանիշների հավաքածու է»:
Խմբագրի խոսքով՝ գիրքը գրված է պարզ լեզվով, ինչը պահպանվել է նաեւ հայերեն թարգմանության դեպքում: Հետևաբար` այն հասանելի եւ հասկանալի է ոչ միայն ոլորտի մասնագետներին, այլեւ՝ բոլոր հետաքրքրվողներին: «Լինել ազնիվ եւ ադեկվատ»«Դուք հաճույք կստանաք հայերեն թարգմանությունից», - գրքի շնորհանդեսի ժամանակ ասել է Newmag հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը. «Մեզ համար շատ կարեւոր է, որ ընթերցողներից որեւէ մեկը չասի՝ «ամեն դեպքում անգլերենով կամ ռուսերենով կկարդամ»»:

Արտակ Ալեքսանյանի խոսքով՝ Newmag-ը հրատարակում է գրքեր, փնտրում գործընկերներ, բայց Ռեյ Դալիոյի գիրքն այս առումով հաճելի բացառություն էր: «Այս գիրքը թարգմանելու առաջարկը մեզ արեց Արամ Կայֆաջյանը: Դալիոյի մասին գիտեինք, բայց անկեղծորեն զարմացանք, որ այսքան լավ գիրքը դուրս է մնացել մեր տեսադաշտից: Արդյունքում՝ հաճույքով համագործակցեցինք: Որպեսզի ընթերցողներին առավել հասկանալի լինի նման գործընկերության կարեւորությունը, ասեմ, որ հիմա Ռեյ Դալիոյի «Սկզբունքներ» գիրքը կարող ենք վաճառել 7800 դրամով, իսկ առանց «Արմբրոկի» աջակցության դրա արժեքը 18 000 դրամ կլիներ», - ասել է Արտակ Ալեքսանյանը:
Նա առանձնացրել է գրքի կարեւորագույն սկզբունքներից մեկը՝ «լինել ազնիվ եւ ադեկվատ». «Կարծում եմ՝ այս սկզբունքը շատ կարեւոր է նաեւ այսօրվա Հայաստանի համար: Պետք է ազնիվ լինել ինքդ քո, թիմիդ, հաճախորդներիդ հետ ու ադեկվատ լինել կայացված որոշումներում ու դրանց հետեւանքներում»:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Ռեյ Դալիո
7800 ֏
Նկարագրություն
Հեղինակը ներկայացնում է իր մշակած սկզբունքները, որոնք իրեն օգնել են հասնել բացառիկ արդյունքների կյանքում և բիզնեսում: Գիրքը արժեքավոր ուղեցույց է թե՛ անհատների, թե՛ կազմակերպությունների համար: Դալիոն բացահայտում է ճշմարտության և թափանցիկության վրա հիմնված յուրահատուկ մշակույթի ստեղծման գաղտնիքները: Նա ցույց է տալիս, թե ինչպես կարելի է համակարգել կյանքի տարբեր ոլորտները՝ դրանք դարձնելով հասկանալի և կառավարելի: Գիրքը հարուստ է որոշումների կայացման, թիմերի ղեկավարման և խոչընդոտների հաղթահարման գործնական խորհուրդներով:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը