Բազմաժանր գրականություն, հանդիպումներ, շնորհանդեսներ. մեկնարկել է «Նյումեգի» ամառային փառատոնը
«Նյումեգ» հրատարակչությունը, որը հիմնադրվել է 2018 թվականին, տարիների կատարած լայնածավալ աշխատանքն ամփոփում է գրական միջոցառմամբ՝ «Նյումեգի» ամառային փառատոնով, որի շրջանակում ընթերցողները կարող են զեղչերով գրքեր ձեռք բերել, մասնակցել հետաքրքիր քննարկումն
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնը, որի հիմնական նպատակն է խոսել գրականության մասին, անմիջական շփում ունենալ հայ հեղինակների հետ, ներկայացնել նոր բեսթսելերներ, մեկնարկեց հուլիսի 16-ին «Երազ» այգում:
«Նյումեգ» հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը, ներկայացնելով իրենց ձեռքբերումները, շեշտեց, որ հրատարակել են 50-ից ավելի գիրք, ունեն ավելի քան 40 հեղինակ, որոնցից 5-ը՝ տեղացի, իսկ 35-ը՝ արտասահմանյան: Թարգմանում են ավելի քան տասը լեզվով և վաճառել են արդեն 70 000-ից ավելի գիրք:
«Այսօր աշխատում ենք ավելի քան 50 գրավաճառի հետ, կառուցել ենք շատ առողջ, ջերմ ու սրտացավ հարաբերություններ և հենց նրանց շնորհիվ «Նյումեգը» ունի այն, ինչ ունի, հասել է այստեղ և կարող է խոսել ապագայից»,-ասաց նա:
Ալեքսանյանը հույս ունի, որ այդ ապագայում կարող են հանդիպել հրատարակչության 5-ամյակին կամ 100-րդ գրքի շնորհանդեսին:
Հրատարակչության տնօրենը հիշեցրեց՝ երբ հիմնել են «Նյումեգը», խմբագրությունը բաղկացած է եղել հինգ հոգուց, իսկ հիմա մեծ ընտանիք են: Նա նշեց, որ «Նյումեգը» չէր լինի առանց գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի, որի շնորհիվ կարողացել են և կարող են չամաչել տպագիր հայերենից: «Ամեն գրքի հետ մենք անում ենք առավելագույնը հայերենը սիրելի դարձնելու համար: Գնելի հետ պայքարում ենք, որ չհնչի մեզ համար այն վիրավորական նախադասությունը, թե հայերենը հարմար չէ թարգմանությունների, ժամանակակից տերմինաբանության, դիսկուրսի համար»,- շեշտեց Ալեքսանյանն ու հավելեց, որ կա հարուստ, խորը, ճկուն, ու զարմանալի դիպուկ հայերեն, որը պետք է իմանալ, իսկ Նալբանդյանը այն գիտի ու փոխանցում է գրքերի միջոցով:
Ալեքսանյանն անդրադարձավ նաև արտ տնօրեն Էդիկ Պողոսյանին, որի հետ աշխատում են 12 տարի: «Նա կիսում է գրքերի դիզայնի և՛ պատասխանատվությունը, և՛ պատիվը, և՛ միտքը, և կատարումը: Հենց նրա ջանքերով մեր գրքերը ոչ միայն հաճելի է ընթերցել, այլև ձեռք բերել, լուսանկարել, ցուցադրել և այլն»,- ասաց Արտակ Ալեքսանյանը:













Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է