«Երբ լսեցի երգի պատմությունը, պատասխանատվությունս ավելի մեծացավ»․ Ազնավուրի «Մեռնել սիրելով» երգը հայերենով՝ Սյուզաննա Մելքոնյանի կատարմամբ
«Երբ լսեցի երգի պատմությունը, պատասխանատվությունս ավելի մեծացավ»․ Ազնավուրի «Մեռնել սիրելով» երգը հայերենով՝ Սյուզաննա Մելքոնյանի կատարմամբ
«Մեռնել սիրելով»՝ այսպիսին է լեգենդար Շառլ Ազնավուրի «Mourir d'aimer» երգի հայերեն տարբերակը, որը հնչում է Սյուզաննա Մելքոնյանի կատարմամբ։ Երգն ու տեսահոլովակը հայերենով են ներկայացվել Newmag-ի նախաձեռնությամբ, որն արդեն հանրությանը ծանոթացրել էր հանրահայտ շանսոնյեի երգերի եւս երեք հայլեզու տարբերակներ՝ Էրիկի («Մնա»), Շուշան Պետրոսյանի («Տարեք ինձ») եւ Սոֆի Մխեյանի («Ով») կատարումներով։
Սյուզաննա Մելքոնյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց, որ մեծ պատասխանատվություն է զգացել երգը ներկայացնելիս, հատկապես, որ դրա հիմքում հուզիչ պատմություն է:
«Իրականում, ժամանակին մրցանակաբաշխությունների շրջանակներում երգել եմ Ազնավուրի «Une vie d'amour» երգը նվագախմբի ուղեկցությամբ, իսկ անցած տարի նրա ծննդյան առթիվ պատիվ ունեցա կատարելու հայերեն թարգմանությամբ «Երբ սիրում ես ինձ» երգը, բայց այդ ժամանակ պատկերացում անգամ չէի կարող ունենալ, որ երբեւէ կստանամ նման առաջարկ։ Newmag-ի երաժշտական նախագծին, իրականում, ծանոթ եմ եղել, եւ երբ ամիսներ առաջ ինձ ասացին, որ հաջորդ երգի կատարման մեջ ինձ են տեսնում ու պատմեցին երգի նախապատմությունը, որը տարեց ուսուցչի եւ իր աշակերտի սիրո մասին է, որը ժամանակի բարքերի պատճառով տխուր ճակատագիր է ունեցել, պատասխանատվությունս ավելի մեծացավ։ Միանշանակ, Ազնավուր երգելը մեծ պատիվ է, հատկապես, երբ նման նախագծի շրջանակում ես դա անում՝ հատուկ թարգմանված ու մշակած երգով։ Շատ պրոֆեսիոնալ թիմի հետ ենք աշխատել ամիսներ շարունակ, որոնց ընթացքում սովորեցի նոր բաներ ու նորից ճանաչեցի Ազնավուրին»,-նշեց երգչուհին, որը ցավով հավելեց, որ Ազնավուրին երբեւէ հանդիպելու հնարավորություն չի ունեցել, բայց նրան փորձել է ճանաչել գրքերի ու երգերի միջոցով:
«Աշխարհում իմ ամենասիրելի երգը «She»-ն է․ տխրության, հուսահատության պահերին առանձնանում եմ եւ լսում հենց այդ երգը։ Ազնավուրը, կարծում եմ, լեգենդար է նաեւ նրանով, որ կարողանում է մարդկանց հոգին մաքել բացասականից։ Իհարկե, փոքրուց ծանոթ էի Ազնավուրին ու նրա արվեստին, բայց ինձ համար նրան ավելի ցայտուն բացահայտեցի 6 տարի առաջ, երբ առաջին անգամ կարդացի «Ազնավուրը Ազնավուրի մասին» գիրքը։ Պետք է խոստովանեմ, որ այդ շրջանում ինձ բավական լճացած վիճակում էի, ու այդ գիրքն ինձ շատ օգնեց դրանից դուրս գալ, մանավանդ, որ այն գրված էր արտիստի կողմից․․․ Այնպիսի տպավորություն էր, թե նստած իր հետ էի զրուցում․․․»։
«Մեռնել սիրելով» տեսահոլովակի ռեժիսորը Պետրոս Հովհաննիսյանն է, երգը հայերեն է թարգմանել Սամվել Գասպարյանը։
Սյունե Առաքելյան