Գրելն իմ պայքարն է՝ արդարության հասնելու համար. Մագդա Թախտաճյանը Հայաստանում ներկայացրեց «Ռոջավա» վեպը
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինահայ լրագրող, գրող Մագդա Թախտաճյանը տարիներ շարունակ ոչինչ չի իմացել իր ընտանիքի անդամների ծանր անցյալի մասին, մարդկանց, որոնք փրկվել են Հայոց ցեղասպանությունից:
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինահայ լրագրող, գրող Մագդա Թախտաճյանը տարիներ շարունակ ոչինչ չի իմացել իր ընտանիքի անդամների ծանր անցյալի մասին, մարդկանց, որոնք փրկվել են Հայոց ցեղասպանությունից: Լռությամբ նրա ծնողները փորձել են պաշտպանել դստերը, զերծ պահել ցավալի զգացողություններից: Ապագա գրողը սիրել է Հայաստանը, հայկական խոհանոցն ու մշակույթը այն հարուստ գրականության միջոցով, որը եղել է իրենց տանը:
Իմանալով իր ընտանիքի պատմությունը՝ Թախտաճյանը 2016-ին լույս է ընծայել իր տատիկին նվիրված գիրքը, որին հաջորդել են «Ալմա Արմենիա», «Ռոջավա» և «Արցախ» ստեղծագործությունները: Վեպերը համարվում են եռագրություն, որոնք կարելի է նաև ընթերցել որպես առանձին գործեր:
«Նյումեգ» հրատարակչության ջանքերով գրողի «Ռոջավա» վեպը թարգմանվել ու հրատարակվել է հայերեն: Մագդա Թախտաճյանը ժամանել է Հայաստան՝ այն անձամբ ընթերցողներին ներկայացնելու համար:
«Արմենպրես»-ի թղթակիցը չի կորցրել հեղինակի հետ հանդիպելու, նրա հետ զրուցելու հնարավորությունը:
-Մագդա, ինչպիսի՞ մանկություն եք ունեցել: Ինչպե՞ս է ձևավորվել սերը Հայաստանի նկատմամբ:
-Երբ փոքր էի, Հայոց ցեղասպանությունից ոչ ոք չէր խոսում: Իմ պապը՝ Երվանդ Թախտաճյանը, առհասարակ չէր անդրադառնում այդ թեմային: Նրանից միայն հինգ նախադասություն եմ լսել: Նա կոշկակար էր. կարում էր նաև իմ կոշիկները: Դպրոցում իմ կոշիկները տարբերվում էին մյուս աշակերտների կոշիկներից: Այդ շրջանում ցանկանում էի ունենալ այնպիսի կոշիկներ, ինչպիսիք դասընկերներս էին հագնում, ազգանուն, որը հեշտ է արտասանվում: Հիշում եմ, որ իմ տատիկի՝ Արմենուհու հետ հաճախ էինք հայկական ուտեստներ պատրաստում. նա ևս չէր խոսում Հայոց ցեղասպանության մասին, սակայն տանը շատ էին արվեստի ու պատմությանը վերաբերող գրքերը, որոնց միջոցով բացահայտումներ էի անում:
Տատիս մասին պատմող «Մի մոռացիր ինձ, Արմենուհի» գիրքը գրելիս հայությունն իմ մեջ սկսեց ծաղկել. հետաքրքիր զգացողություններ էին… Արմատներս ճանաչելով՝ գիտակցեցի, թե ինչ հարստություն եմ կրում և կարող եմ գրականության միջոցով աշխարհին պատմել հայի, մեր ժառանգության մասին:
-Հայոց ցեղասպանությունը մեր ազգի մեծագույն ողբերգությունն է, և մենք ճշմարտությունը պատմելու ոչ մի հնարավորություն բաց չենք թողնում: Ձեր տատիկին նվիրված գիրքն արտացոլում է այդ իրականությունը: Ի՞նչ արձագանք այն գտավ:
-Ամեն կիրակի տատիս տանն էի ճաշում: Ճաշերից մեկի ընթացքում նա խորոված էր պատրաստել: Ասացի, որ չեմ ուտի, քանի որ ցանկանում եմ նիհարել. լրջացավ, հուզվեց ու ասաց, որ պարտավոր եմ մինչև վերջ ուտել, քանի որ չգիտեմ, թե սովն ինչ է: Մորաքույրս ևս այդտեղ էր և որոշ դրվագներ պատմեց, թե ինչպես են փախել սպանդից:
Այդ ժամանակ նա մեկ տարեկան է եղել: Երեխաներին թաքցրել են ավանակի ուսապարկի մեջ. գիշերը քայլել են, ցերեկը թաքնվել: Այդ օրը հարցեր չտվեցի: Ինձ հուզող հարցերին անդրադարձա քառասուն տարի հետո՝ գրելով Clarín ամսագրի համար:
Երբ տատիկս յոթ տարեկան է եղել, գիշերը թուրքերը մտել են տուն ու նրանց բարձրացրել են գնացք, որը հայերին տանում էր Դեր Զոր: Տատիս հայրը գնացքի վագոնի ներքևում փոքր անցք է գտել: Նա տատիկիս փաթաթել է շորի մեջ ու գցել է երկաթգծին, որ փրկի: Այդպես փրկվել են ընտանիքի մյուս անդամները ևս: Նրանք քար ու խոտ ուտելով հասել են Հալեպ: Տատիկս 14 տարեկան է եղել, երբ մեկնել է Արգենտինա՝ ամուսնանալու: Երբ իմացա այդ ամենը, հասկացա, թե ինչու է մեր տանը սիրուն զուգահեռ տխրություն եղել, հասկացա, թե ինչու են հարազատներս լռել ու անգամ չեն ցանկացել, որ հայերեն սովորեմ:
Գիրքը գրելիս չէի կարծում, որ այն մեծ արձագանք կարող է ունենալ, քանի որ ընտանեկան պատմություն է, սակայն շատերն էին դա ապրել: Ինձ սկսեցին գրել հայեր, որոնց ընտանիքները ևս վերապրել էին այդ ամենը, նշում էին, որ գիրքը կարդալիս լաց են եղել, իսկ ես պատասխանում էի, որ գրելիս եմ լաց եղել:
-Հետաքրքիր է՝ Ձեր ընտանիքի անդամները չեն ցանկացել, որ հայերեն սովորեք, սակայն չեն հրաժարվել «Թախտաճյան» ազգանունից:
-Իմ ազգանունը դպրոցում դժվարությամբ էին արտասանում, այդ էր պատճառը, որ ուսուցիչները չէին կանչում գրատախտակի մոտ՝ դաս պատասխանելու: Այն դժվարությունները, որոնց բախվել եմ մանկության տարիներին, հետք են թողել ինձ վրա, բայց նպաստել են իմ ինքնության ու ստեղծած գրականության ձևավորմանը:
Հայկական դպրոցում չեմ սովորել, սակայն մեր տանը կային շատ գրքեր, որոնք վերաբերում էին հայկական ճարտարապետությանը, քանի որ հայրս ճարտարապետ էր, իմ ծնողների ննջասենյակում՝ անկողնու կողքին, մի գիրք կար, որը Հայոց ցեղասպանության մասին էր: Կազմի վրա ջարդերի զոհ դարձած կնոջ լուսանկար էր: Ես վախենում էի նայել այդ նկարին: Երբ Հայաստանում էի ու այցելեցի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, այնտեղ տեսա այդ լուսանկարը: Ճիշտ է՝ այդ ամենի մասին չենք խոսել, սակայն ցավը, հայությունը մեր տանն են եղել: Ծնողներս այլևս չկան, և այն գրքերը, որոնք նրանց են պատկանել, այժմ համալրել են իմ գրադարանը, իսկ իմ գրքերը նվիրված են ծնողներիս:
Արմենուհին իմ հայրական տատիկն է, սակայն մայրական կողմի պատմությունը նույնպես տխուր է: Մայրս, որը մահացել է 2020-ին համավարակի պատճառով, ասում էր, որ չգիտի իր տատի անունը, որն սպանվել է ջարդերի ընթացքում: Միշտ գրելու եմ. դա իմ պայքարն է և ամենափոքր բանն է, որ կարող եմ անել արդարության հասնելու համար:
Ճիշտ է՝ մեր տանը չէին պատմում այդ ամենի մասին, որպեսզի ինձ այդ ցավից զերծ պահեն, սակայն ես զգում էի այդ տառապանքը, և երբ հոգիս բացեցի դրա առաջ, կարողացա արտահայտվել ու գրել:
-Նախ գրել եք Ձեր տատին նվիրված գիրքը, այնուհետև «Ալմա Արմենիա», «Ռոջավա» և «Արցախ» վեպերը: Հայերեն կարող ենք կարդալ «Ռոջավա» ստեղծագործությունը: Ինչի՞ մասին է այն: Ի՞նչ իրադարձությունների է անդրադառնում:
-Իսլամական Հանրապետությունը 2014 թվականին հարձակվեց Իրաքի վրա: Այդ շրջանում տեղի քուրդ և այլ ազգությունների կանայք սեռական բռնությունների էին ենթարկվում: Նրանք ինքնակազմակերպվեցին ու ռազմական ջոկատներ կազմեցին: Իմ ուշադրությունը գրավեցին այդ կանայք, որոնք զինվորական համազգեստով էին ու ԱԿ-47 զենք էին կրում: Շատ էի ցանկանում պատմել կանանց մասին, որոնք պայքարում էին հայրիշխանության դեմ, պայքարում էին իրենց ինքնության համար: Սա պատմություն է կանանց մասին, որոնք պայքարում են աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչների դեմ ու դա անում են դիմահարդարված, փայլեցված եղունգներով, հրացանը ձեռքին և մազերն արձակած:
Երբ կարդում էի Ռոջավայի մասին, իմացա, որ այնտեղ նաև հայ զինվորներ կան, դիտեցի հոլովակներ, որոնցում նրանք կոչ էին անում միանալ իրենց ու պայքարել: Հիշում եմ՝ ուշ գիշեր էր. վեր կացա ու սկսեցի գրել՝ պատկերացնելով ամբողջ պատմությունը:
Գրքի հերոսուհին՝ Նանե Բարսեղյանը, Երևանում ծնված և մեծացած հայուհի է: Երբ նրա մայրը հիվանդանում է, գաղտնիք է բացահայտում՝ ասելով, որ աղջկա հայրը քուրդ է, որն այժմ պայքարում է Ռոջավայում: Նա խնդրում է աղջկան գտնել հորը, ու Նանեն իր բարեկամուհու՝ Ալմայի հետ, որին մենք հանդիպում ենք «Ալմա Արմենիա» գրքում, մեկնում է Ռոջավա, որտեղ էլ ծավալվում է պատմությունը:
Ի տարբերություն Նանեի՝ Ալման սփյուռքում է ծնվել: Նրանց միջոցով երկխոսում են Հայաստանն ու սփյուռքը:
-Իսկ ի՞նչը մոտիվացրեց, որ Արցախի մասին գրեք:
-Տատիկիս մասին գիրքը, որը լույս է տեսել 2016-ին, ինչպես արդեն ասացի, իրական պատմություն է, իսկ մյուս գրքերը գրել եմ հորինված պատմությունների հիման վրա: 2020-ի սեպտեմբերին ավարտեցի «Ռոջավա» ստեղծագործությունը, սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը: Այդ ընթացքում ծանր ապրումներ ունեի, անկարող էի օգնել, իմ շատ գործընկերներ որպես թղթակիցներ Արցախում էին, Հայաստանում: Ավելի վաղ ես ևս եղել եմ Արցախում: Հենց պատերազմի օրերին որոշեցի, որ հաջորդ գիրքս Արցախի մասին է լինելու: Հույս ունեմ, որ այն ևս կթարգմանվի հայերեն:
-Վստահ եմ, որ ընթերցողները կսպասեն գրքին: Մագդա, Դուք ակտիվ գործունեություն եք ծավալում Արգենտինայի հայ համայնքում, պայքարում ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության համար, հետևողականորեն բարձրացնում եք Հայկական հարցը և Արցախի հիմնախնդիրը: Ի՞նչ խնդիրներ ունի համայնքը: Գլոբալիզացիայի դարաշրջանում հայերն ինչպե՞ս են կարողանում հայ մնալ:
-Արգենտինայի հայկական համայնքը շատ միասնական է, և ես միշտ մասնակցում եմ համայնքի նախաձեռնած երթերին, տարբեր միջոցառումների: Սոցիալական ցանցերն ու գրականությունն այդ ամենը տարածելու, խնդիրները բարձրաձայնելու, երևալու կարևոր հարթակներ են: «Ռոջավա» վեպից հետո շատ նամակներ եմ ստանում աշխարհի տարբեր ծայրերից: Դա անսպասելի էր. գրում են քրդեր, որոնք շնորհակալություն են հայտնում ինձ: Ընթերցողներից շատերը խոստովանում են, որ գրքերը կարդալուց հետո համարձակվում են ուսումնասիրել իրենց ծագումը, փնտրել արմատները՝ անկախ նրանից՝ հայ են, թե ոչ: Մարդիկ նաև տեղյակ չեն Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի բարդ խնդիրների մասին և այս կերպ հաղորդակից են դառնում նաև դրանց։
-Մենք ևս շնորհակալ ենք Ձեզ՝ բոլորիս հուզող խնդիրները գրականության միջոցով աշխարհին ներկայացնելու համար: Հույս ունեմ՝ հաճախ կտեսնենք Ձեզ Հայաստանում:
-Չորս տարի առաջ սկսել եմ հայերեն սովորել: Մեծ հույս ունեմ, որ մեր հաջորդ հարցազրույցը հայերենով կլինի:
Ինձ համար Հայաստան գալն ու հայերի հետ առնչվելը շատ կարևոր է: Այստեղ ինձ ընտանիքում եմ զգում:
Զրույցը՝ Անժելա Համբարձումյանի
Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի