ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՆՈՒՄ Է «ԳՈՆԿՈՒՐ»-ԻՆ
09/18/2024

Շուրջ 2 տարվա աշխատանքի արդյունքում Հայաստանը միանում է Ֆրանսիայի գլխավոր գրական մրցանակաբաշխությանը։
Այս գրական կարեւոր իրադարձությունը հնարավոր է դարձել Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, Newmag հրատարակչության համատեղ աշխատանքի արդյունքում։
Մրցանակաբաշխությունն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1903 թվականից։ Հաղթողը որոշվում է Ֆրանսիայի Գոնկուրյան ակադեմիայի անդամների քվեարկությամբ։ Մրցանակաբաշխությանն ազգային ժյուրիներով միացել է նաեւ 40-ից ավելի երկիր։ Նրանք ընտրում են իրենց հաղթողին՝ Գոնկուրյան ակադեմիայի ներկայացրած ցանկից։ Միանալով այս կարեւոր գրական իրադարձությանը՝ այսուհետ Հայաստանը եւս ազգային ժյուրիի օգնությամբ կընտրի իր հաղթողին։ Տարբեր երկրների կողմից ընտրված հաղթողների անունները կարող են համընկնել Գոնկուրյան ակադեմիայի ընտրած հաղթողի հետ, կարող են նաեւ չհամընկնել։ Հայաստանի ազգային ժյուրիի կողմից ընտրված հաղթողի ստեղծագործությունը կհրատարակի Newmag հրատարակչությունը։ Ի դեպ, մրցանակաբաշխության ազգային ժյուրիի կազմում լինելու են ոչ թե ոլորտի մասնագետներ, գրականագետներ, այլ ֆրանսախոս ուսանողներ։
Նրանք ընտրվելու են ԵՊՀ-ից, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանից, Հայաստանում Ֆրանսիական համալսարանից։
«Ֆրանսիայի գլխավոր գրական մրցանակաբաշխությանը Հայաստանին միանալու իրադարձության պաշտոնական մասը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին՝ «FrancoFest 2024» արվեստի եւ գրքի փառատոնի շրջանակում։ Այս կարեւոր իրադարձությունն ուղեկցվելու է պանելային քննարկումներով, գրքի շնորհանդեսներով։ Մենք ներկայացնելու ենք 5 նոր գիրք։ Առաջինը Շառլ Ազնավուրի անտիպ գործերն են։ Գիրքը կոչվում է «Կյանքը՝ ըստ Շառլի. Անտիպ»։ Այն կազմել է Շառլ Ազնավուրի որդին։ Հաջորդ գիրքը Մելինե Մանուշյանի հուշերն են Միսաք Մանուշյանի մասին, կոչվում է «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով»։
Մենք կներկայացնենք նաեւ 2021 թվականի «Գոնկուր» մրցանակ ստացած սենեգալցի գրող Մոհամեդ Մբուգար Սառի «Հիշողության թաքստոցում» գիրքը։ Ներկայացվելու է նաեւ 2 ֆրանկոֆոն բեսթսելլեր՝ Ամելի Նոտոմբի «Թշնամու հարդարանքը», Անյես Մարտեն Լյուգանի «Թելից կախված երջանկություն»-ը»,- նշել է Newmag հրատարակչության հիմնադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը։
Կարդա նաև

«Երևանյան բեսթսելեր». «Քեզնից հեռու, քեզ հետ»-ն՝ առաջատար. հայ գրականություն. մարտ, 2025

2020-ի Ղարաբաղյան պատերազմը և ԱՄՆ քրիստոնեական կառույցների լռությունը. հետազոտություն

Skill ընկերության և Newmag հրատարակչության միջև կնքվել է համագործակցության հուշագիր. CAREER CITY FEST-ում առաջին անգամ կանցկացվի Newmag Fair CCF edition-ը (լուսանկարներ)

Ես ներողություն եմ խնդրում Տիգրան Հայրապետյանի ընկերներից, որ 25 տարի տեւեց պրոցեսը. Նազենի Ղարիբյան
