FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Մեդիալուսաբանում

Հայաստանը՝ ֆրանկոֆոն քարտեզի վրա. «Գոնկուրը» գալիս

Հայաստանը՝ ֆրանկոֆոն քարտեզի վրա. «Գոնկուրը» գալիս է Հայաստան

09/17/2024

newmag-y-n

Ֆրանկոֆոն աշխարհի գրական ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը՝ «Գոնկուրը», գալիս է Հայաստան։ Այսուհետ մրցանակաբաշխությանը կներկայացվի նաև Հայաստանի ընտրությունը։

Ֆրանկոֆոն աշխարհի գրական ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը՝ «Գոնկուրը», գալիս է Հայաստան։ Այսուհետ մրցանակաբաշխությանը կներկայացվի նաև Հայաստանի ընտրությունը։ Գրական մեծ իրադարձությունը հնարավոր է դարձել Newmag-ի, Ֆրանսիական ինստիտուտի և ֆրանսիական համալսարանի ավելի քան 2 տարվա աշխատանքի շնորհիվ։ Հինգ նոր ֆրանսալեզու գիրք, պանելային քննարկումներ, հատուկ հյուրեր, ֆրանսիական երաժշտություն, նորաձևություն և խոհանոց․ գրական միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին ֆրանկոֆոն արվեստի փառատոնի շրջանակում։

Եթե մինչ այժմ հայ ընթերողին ֆրանսիական գրականությունը ծանոթ է դասական հեղինակների միջոցով և հիմնականում ռուսերեն թարգմանությամբ, ապա շուտով ավելի հասանելի կդառնա նաև ժամանակակից գրականությունը հայերեն թարգմանությամբ։ Ֆրանկոֆոն աշխարհի ամենահեղինակավոր Goncourt մրցանակը հոկտեմբերի 12–ին կհայտարարի hայաստանյան մասնաճյուղ հիմնելու մասին։ Այս առիթով հատուկ փառատոնի համար Երևան կժամանեն Գոնկուր ակադեմիայի գլխավոր դելեգատ Ֆրանսուազ Ռոսինոն և Գոնկուր մրցանակի ժյուրիի անդամ, ֆրանսիացի անվանի գրող, փիլիսոփա Պասկալ Բրյուկները` ասում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային կցորդ, Ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիդ Տյուրսը։

«Նախաձեռնության հիմնական նպատակներից մեկն այն է, որ քաջալերենք ֆրանկոֆոն ժամանակակից գրականության տարածումը Հայաստանում արդեն հայ հրատարակիչների միջոցով, որի առաջին շարքերում է Newmag-ը։ Որպեսզի թարգմանեն, տարածեն ևհայ ընթերցողի սեղանին, դատին հանձնեն նաև ֆրանսիական ժամանակակից գրականությունը։

Մրցանակաբաշխությունն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1903 թվականից։ Հաղթողը որոշվում է Ֆրանսիայի Գոնկուրյան ակադեմիայի անդամների քվեարկությամբ։ Մրցանակաբաշխությանն ազգային ժյուրիներով մասնակցում է  նաև 40-ից ավելի երկիր։ Նրանք ընտրում են իրենց հաղթողին Գոնկուրյան ակադեմիայի ներկայացրած ցանկից։ Այսուհետ Հայաստանը ևս ազգային ժյուրիի օգնությամբ կընտրի իր հաղթողին։ Տարբեր երկրների կողմից ընտրված հաղթողների անունները կարող են համընկնել Գոնկուրյան ակադեմիայի ընտրած հաղթողի հետ, կարող են նաև չհամընկնել։

Մրցանակաբաշխության ազգային ժյուրիի կազմում լինելու են ոչ թե ոլորտի մասնագետներ, գրականագետներ, այլ ֆրանսախոս ուսանողներ։ Նրանք ընտրվելու են ԵՊՀ-ից, Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանից, Հայաստանում Ֆրանսիական համալսարանից՝ ասում է Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին։ 

«Ընտրությունը կամավորության սկզբունքով է  կատարվելու։ Հաշվի կառնվի մասնակիցների՝ ֆրանսերենին տիրապետելու մակարդակը։ Յուրաքանչյուր համալսարանից կընտրվի 10 ուսանող։ Գոնկուրյան մրցանակակրի ընտրությունը կատարվում է 2 փուլով․ սկզբում Գոնկուրի ակադեմիան ընտրում է 10 ստեղծագործություն, այնուհետև 2-րդ փուլով ընտրվում է 8  գործ։ Հայաստանը կմիանա արդեն 2-րդ փուլից։

Հայ ուսանողները 8 ստեղծագործությունները կընթերցեն մինչև հաջորդ գարուն, ապա կհայտարարեն իրենց դափնեկրի անունը։ Կլինեն նաև քննարկումներ, բանավեճեր ընտրված ստեղծագործության վերաբերյալ։ Հաղթող գիրքը կթարգմանվի հայերեն։ Սա աննախադեպ իրադարձություն է, որի արդյունքում Հայաստանը կհայտնվի ֆրանկոֆոն քարտեզի վրա՝ նկատում է Newmag հրատարակչության հիմնադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը։

«Ֆրանկոֆեստի շրջանակում տեղի կունենան նաև այլ միջոցառումներ։ Մենք ներկայացնելու ենք 5 նոր գիրք։ Առաջինը Շառլ Ազնավուրի անտիպ գործերն են։ Գիրքը կոչվում է «Կյանքն ըստ Շառլի. Անտիպ», այն կազմել է Շառլ Ազնավուրի որդին։ Հաջորդ գիրքը Մելինե Մանուշյանի հուշերն են Միսաք Մանուշյանի մասին, կոչվում է «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով»։ Մենք կներկայացնենք նաև 2021 թվականի «Գոնկուր» մրցանակ ստացած սենեգալցի գրող Մոհամեդ Մբուգար Սառի «Հիշողության թաքստոցում» գիրքը։ Ներկայացվելու է նաև 2 ֆրանկոֆոն բեսթսելլեր՝ Ամելի Նոտոմբի «Թշնամու հարդարանքը», Անյես Մարտեն Լյուգանի «Թելից կախված երջանկություն»-ը»։

Դեռ պարզ չէ, թե ինչ ազդեցություն կունենա Գոնկուրյան մրցանակի հայկական ընտրությունը գրական ոլորտում։ Հստակ է մի բան․ սա ֆրանսիական ամենահեղինակավոր մրցանակն է, որով չափվում է հրատարակիչների կշիռը տվյալ գրական տարում, իսկ հեղինակների համար դառնում նշանակալի  տող գրական կենսագրության մեջ։

Տարածել