«Գրքարվեստ» միջազգային մրցույթում հաղթած հայկական գրքերի հրատարակիչներին հանձնվեցին մրցանակներ. գլխավոր պարգևը տրվել է «Դադիվանք» պատկերագրքի համար
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գրքարվեստ» 19-րդ միջազգային մրցույթին, որն անցկացվել է 2022 թվականի հունիսի 23-24-ը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում, Հայաստանն ինը գիրք է ներկայացրել: Գրքերից ութն արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի։
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գրքարվեստ» 19-րդ միջազգային մրցույթին, որն անցկացվել է 2022 թվականի հունիսի 23-24-ը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում, Հայաստանն ինը գիրք է ներկայացրել: Գրքերից ութն արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 14-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում:
«Իմ երկիրը» անվանակարգում «Երկրորդ մրցանակ»-ի է արժանացել Պողոս Պողոսյանի «Լեռան հառաչանքը և լճի մրմունջները» հայերեն և անգլերեն հրատարակությունը (Երևան, «Տիգրան Մեծ», 2021 թ.):
«Մշակութային երկխոսություն» անվանակարգում «Երկրորդ մրցանակ»-ի է արժանացել Սերգեյ Գալստյանի «Փելեշյան։ Մեր ժամանակների լեգենդը» հայերեն և ռուսերեն հրատարակությունը (Երևան, «Էդիթ Պրինտ», 2021 թ.):
«Մանկապատանեկան գիրք» անվանակարգում «Առաջին մրցանակ» է ստացել Երազիկ Գրիգորյանի «Կախարդին գումարած ագռավ» գիրքը (Երևան, «Զանգակ», 2021 թ.):
«Գիտություն և կրթություն» անվանակարգում «Առաջին մրցանակ»-ի է արժանացել Արտակ Մովսիսյանի «Հայաստանի նախամաշտոցյան գրավոր մշակույթի պատմություն» մենագրությունը (Երևան, «Զանգակ», 2021 թ.):
«Արվեստի գիրք» անվանակարգում «Երկրորդ մրցանակ»-ի է արժանացել Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» հայերեն և իտալերեն հրատարակությունը (Երևան, «Ակտուալ արվեստ», 2022 թ.):
«Նկարազարդումների արվեստ» անվանակարգում «Երկրորդ մրցանակ»-ը շնորհվել է «Հին հայկական լեգենդներ և ավանդույթներ» հրատարակությանը (Երևան, «301 պրոյեկտ», 2022 թ.):
«Փոխադարձ բարեկամություն» անվանակարգում «Առաջին մրցանակ»-ի են արժանացել «Հայաստան-Ռուսաստան բարեկամություն, համագործակցություն և փոխադարձ օգնություն», «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդի վիճակն ու տեսանելի հեռանկարները», «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության յոթ տարին. եվրասիական ինտեգրման հաջողությունները, դասերն ու հեռանկարները» հայերեն և ռուսերեն հրատարակությունները (Երևան, «Նահապետ», 2022 թ.):
«Հատուկ մրցանակ» է ստացել Կարեն Բալյանի «Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» հրատարակությունը (Երևան, «Նյումեգ», 2020 թ.):
Գլխավոր մրցանակը «Դադիվանք» պատկերագրքի համար տրվել է «Տիգրան Մեծ» հրատարակչությանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհակալություն հայտնեց մրցանակակիրներին նրանց կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով, որ այն շատ բարձր են գնահատում: Ըստ Խզմալյանի՝ հաջողության բացատրությունն այն է, որ գրահրատարակչության ավանդույթները Հայաստանում խորը արմատներ ունեն:
«Ակնհայտ է, որ վերջին ժամանակաշրջանում գրահրատարակչության ոլորտում նկատելի աշխուժություն և առաջընթաց կա: Ոլորտի մասնագետները, պատասխանատուները, չնայած բնագավառի դժվարություններին, որոնք օրենսդրական են, նյութատեխնիկական և այլ, կարողանում են առաջ մղել այն: Այն, ինչ այսօր տեղի է ունենում, դրա վառ վկայություններից է»,-նշեց փոխնախարարը:
Խզմալյանը հիշեցրեց, որ վերջերս ոլորտային մի քանի հետաքրքիր միջոցառումներ են անցկացվել երկրում: Հայաստանի ազգային գրադարանը նախաձեռնել է միջազգային մեծ համաժողով, որի շրջանակում գրքին, գրահրատարակչությանը, գրքի պահպանմանն ու տարածմանը վերաբերող լայն օրակարգ է ձևավորվել, հետաքրքիր ու հագեցած քննարկումներ են ծավալվել: Նա կարևորեց Գրքի երևանյան փառատոնի անցկացումը, որը տարեցտարի ընդլայնում է իր շրջանակները, իսկ 2022-ին միջազգային է եղել:
Փոխնախարարի հավաստիացմամբ՝ Գրքի երևանյան փառատոնը դառնում է գրահրատարակչական արդյունքը ներկայացնելու լավագույն հարթակը: Առաջիկայում հայ մասնագետները մեկնելու են Ֆրանկֆուրտի գրքի փառատոնին:
«Գրքարվեստ» 19-րդ միջազգային մրցույթին ներկայացվել է յոթանասունյոթ հրատարակություն ԱՊՀ ութ երկրից (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան և Ադրբեջան):
Մրցույթին Հայաստանի մասնակցության աշխատանքները համակարգել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Հայաստանի ազգային գրադարանի կողմից ստեղծված համապատասխան հանձնաժողովը նախապես ընտրել է մրցույթին ներկայացվող գրքերը: Միջազգային մրցույթի ժյուրիի հայաստանյան ներկայացուցիչը Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն է եղել:
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է