Գրքերի վաճառքներն ավելացել են. հրատարակիչներն ամփոփում են 2021 թվականը
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետպատերազմյան ու հետքովիդյան ժամանակահատվածը հրատարակիչների համար վերականգնման, ձեռքբերումների ու նոր ծրագրերի մեկնարկի տարի էր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Զանգակ» հրատարակչության գրական ծրագրերի հ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետպատերազմյան ու հետքովիդյան ժամանակահատվածը հրատարակիչների համար վերականգնման, ձեռքբերումների ու նոր ծրագրերի մեկնարկի տարի էր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Զանգակ» հրատարակչության գրական ծրագրերի համակարգող Հայկ Համբարձումյանը նշեց, որ 2021-ն իրենց համար բավական արգասաբեր էր:
«Մենք մեր հիմնական ուղղություններով բազմաթիվ գրքեր ենք հրատարակել: Արձանագրել ենք, որ հասարակությունն իսկապես գրքի կարիքն ունի ու ոչ միայն մոտիվացնող գրքերի, այլև մանկական գրականության: Այդ մասին են վկայում մեր վաճառքները: Պահանջված են մնում դասական գրական գործերը, թարգմանական գրքերը և այլն»,-ասաց Հայկ Համբարձումյանը:
Նախորդ տարին «Newmag» հրատարակչության համար եղել է վերականգնման ու նախաձեռնությունների մեկնարկի տարի: Համեմատելով քովիդյան սահմանափակումների շրջանի հետ՝«Newmag» հրատարակչության առաջխաղացման եւ զարգացման ծրագրերի ղեկավար Գոհար Մանուկյանը նշեց, որ 2021-ը բավական ակտիվ տարի է եղել, ներկայացրել են 30 գիրք: Դրանից բացի, նախորդ գրքերից 16-ի վերահրատարակումներ են եղել:
«Համավարակը նաև թելադրում էր, թե ինչ գրքեր կարելի է հրատարակել, ինչ պահանջարկ կա: Այդ համատեքստում ասեմ, որ մենք հրատարակեցինք «Համավարակ» գիրքը: 2021-ը մեզ համար կարևոր էր այն առումով, որ առաջին անգամ անցկացրինք նաև Ամառային փառատոնը: Այնպես, որ տարին մեզ համար ոչ միայն վերականգնվելու, այլև նոր ծրագրեր սկսելու շրջան էր»,-ասաց Գոհար Մանուկյանը:
Տարին «Բուկինիստ» ընկերության համար ևս բեղմնավոր էր: Փոխտնօրեն Լորիս Վարդանյանը նշեց, որ այն նշանավորվել է գրախանութների ցանցի ընդլայնմամբ: Գրախանութներ են բացել նաև մարզերում:
«Կարող եմ ասել, որ 2021-ը թե հրատարակչության, թե վաճառքների գծով ռեկորդային տարի էր մեզ համար: 2020-ի դժվարի ժամանակահատվածից հետո անհավանական թվեր գրանցեցինք, որոնք ավելի բարձր էին, քան 2019 թվականի ցուցանիշները: Ինչը շատ ուրախացնում է»,-ասաց Լորիս Վարդանյանը:
2021 թվականի ընթացքում «Անտարես» հրատարակչությունը հրատարակել է 128 գիրք: Հրատարակչության PR ղեկավար Ռոզա Գրիգորյանի խոսքով, նախորդ տարի շեշտը դրվել է հայ հեղինակների ստեղծագործությունների վրա:
«Պետք է ասեմ, որ հայ հեղինակների ստեղծագործությունների վաճառքը բոլորովին չի զիջում արտասահմանցի հեղինակների գեղարվեստական գրքերի վաճառքին, ինչը շատ ուրախացնող է: Կարող եմ անուններ նշել, մասնավորապես, Հովիկ Աֆյան, Հուսիկ Արա, Արտավազդ Եղիազարյան: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ նշեմ, որ «Անտարես» հրատարակչությունն Առաջին գրական գործակալության հետ համագործակցությամբ խթանում է, որ հայ հեղինակները հրատարակվեն ու թարգմանվեն արտասահմանյան մի շարք երկրներում: 2022 թվականին սպասվում է, որ 22 գիրք է լույս տեսնելու» ,-ասաց Ռոզա Գրիգորյանը:
2020 թվականի անկումային շրջանից հետո, 2021 թվականը «Էդիթ Պրինտ» հրատարակչության համար ևս հաջողված տարի էր: Հրատարակչության մարքեթինգի և վաճառքի գլխավոր մասնագետ Դավիթ Սամվելյանը նշեց, որ վաճառքի ցուցանիշները ոչ միայն վերականգնվել են, մոտեցել են 2019-ի տվյալներին, այլև վերջիններից անցել են:
«Նախորդ տարի մենք 40 անուն նոր գիրք ենք հրատարակել, երեք նոր մատենաշար է ներկայացվել: Բեսթսելերի առումով ամենամեծ իրարանցումն առաջացրեց Վահան Թոթովենցի եռահատոր «Բաքու» վեպի վերահրատարակումը՝ մեկ գրքով: Նորություններ սպասվում են 2022 թվականին: Դետեկտիվի սիրահարներին ասեմ, որ այս տարվա ընթացքում Ագաթա Քրիստիից 15-ից ավելի նոր գիրք են ունենալու: Անակնկալ է սպասվում նաև Ռեմարկի սիրահարներին»,-ասաց Դավիթ Սամվելյանը:
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է