Համերգ, ներկայացում, ցուցահանդես, ֆուտբոլ․ Երևանում կանցկացվի «Newmag summer fest 2024» գրքի և արվեստի փառատոնը
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի «Երազ» այգում Newmag-ը կհավաքի գրքասերներին ու արվեստասերներին։ Հունիսի 22-ին և 23-ին կանցկացվի «Newmag summer fest 2024» գրքի և արվեստի փառատոնը: Երկու օրերին էլ փառատոնը կսկսվի 16։00-ից ու կշարունակվի մինչև 23։00-ն
«Փառատոնի շրջանակում բավական հագեցած ու բազմաբովանդակ ծրագիր է ներկայացված։ Նախ`ներկայացնելու ենք մեր հրատարակչության գրքերը։ Հատկապես այն գրքերի մեծ մասը, որը մեր ընթերցողների ուշադրության կենտրոնում է եղել։ Շատերը վերահրատարակվել են և փառատոնի այցելուները հնարավորություն կունենան ձեռք բերել։ Ամբողջ տեսականու համար մինչև 50 տոկոս զեղչ է գործելու»,-ասաց Մանու Իրիցյանը։
Բացի արդեն եղած գրքերից, փառատոնի այցելուներին ներկայացվելու է 4 նոր գիրք։ Մասնավորապես, Հենրի Քիսինջերի «Արհեստական բանականությունը և մարդկության ապագան», Քարեն Մակմանուսի «Մեզնից մեկը հաջորդն է», Քրիստինե Գրիգորյանի «Ավանդական ճաշասեղան. բույրեր, համեր, հուշեր Գավառից» գրքերը։ Միջոցառման կազմակերպիչները ուշադրության կենտրոնում են պահել նաև ֆուտբոլասերներին և ընթերցողներին ներկայացնելու են հետաքրքիր բացահայտումներով համեմված Դավիթ Ջիշկարիանի «Կաշվե թիկնոցից մինչև կաշվե գնդակ» գիրքը։
Գրքի շնորհանդեսներից, գրողների հետ հանդիպումներից, պանելային քննարկումներից զատ հետաքրքիր ու բազմաժանր մշակութային ծրագիր է սպասվում այցելուներին։ Համերգ, ներկայացում, ցուցահանդես, պոեզիա, ստենդափ շոու և այլն։ Newmag հրատարակչության ստրատեգիական և հատուկ նախագծերի ղեկավար Գոհար Մանուկյանը նշեց, որ ամենատարբեր նախընտրությունների տեր մարդկանց համար հետաքրքիր միջոցառումներ են նախաձեռնվել։
«Այս անգամ ներկայացնելու ենք Վահան Ստեփանյանի Երևանի մասին պատմող արխիվային լուսանկարները։ Ունենալու ենք պանելային քննարկում, որ նվիրված է լինելու «Եվրո 2024»-ին։ Ներկա են լինելու ոչ միայն ֆուտբոլիստներ, այլև ֆուտբոլային մեկնաբաններ, այնպես որ, ֆուտբոլասերները կարող են ամառային այդ հիասքանչ օրը այցելել ու վայելել անակնկալներով լի հանդիպումները»,-ասաց Գոհար Մանուկյանը։
Փառատոնի ծրագրից անմասն չի մնում համերգային հատվածը։ Բացումը կատարվելու է Կոմիտասի քառյակի և Ջազ տրիոյի համերգով։ Համերգային ծրագրով հանդես կգան նաև Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Մոս Մովսիսյանը, Ինգա Արշակյանը։
Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը նշեց, որ փառատոնի շրջանակում ամփոփվելու են նաև Լեռնային Ղարաբաղի գրողների մրցույթի արդյունքները, ինչպես նաև իր հասցեատիրոջն է գտնելու «Newmag Reader’s Prize 2024»-ը։
«Reader’s Prize-ն այս անգամ մրցանակը հանձնելու ենք Ալավերդիի քաղաքային գրադարանին, որը տուժել է բնական աղետից։ Այն նոր, թարմ, ընթերցելու համար հարմար գրքերի կարիք ունի։ Եվ ահա մեր գրքերի հավաքածուն հանձնելու ենք դրա կարիքն ունեցող գրադարանին։ Հաջորդն Արցախի գրողների մրցույթի արդյունքների ամփոփումն է։ Հաղթողն արդեն կա, ում անունը կհրապարակվի փառատոնի օրերին։ Արցախցի գրողին հնարավորություն է տրվելու հրատարակել իր ստեղծագործությունների ժողովածուն»,-ասաց Գնել Նալբանդյանը։
Կազմակերպիչները նկատեցին, որ փառատոնն իր ցուցահանդեսով, համերգային ծրագրով, երեխաների համար նախատեսված միջոցառումներով հետաքրքիր կլինի նաև զբոսաշրջիկների համար։ Փառատոնի մուտքն ազատ է։