Հայ կին գրողները կմեկտեղվեն «Զապել» գրական ֆորումում
Ստեղծվում է «Զապել» կին գրողների միջազգային ֆորումը: «Զապելն» ի սկզբանե որպես փառատոն էր նախատեսվում: Անցյալ տարի միտքը ծնվեց ԱՐԻ գրականության հիմնադրամի եւ Newmag հրատարակչության հետ համատեղ, սակայն անցյալ տարվա պայմաններից ելնելով` փառատոնը չկայացավ: Իրավիճակը ստիպեց վերանայել մեր գաղափարը եւ փառատոնը դարձնել օնլայն ֆորում»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում ասաց ԱՐԻ գրականության հիմնադրամի գործադիր տնօրեն Արևիկ Աշխարոյանը:
Նրա խոսքով, տարին մեկ անգամ տեղի ունեցող միջոցառման փոխարեն, այժմ ստեղծվում է մշտական գործող մի հարթակ, որի նպատակն է առաջին հերթին հայ կին գրողներին բերել ուշադրության կենտրոն, արտասահմանյան երկրների կին գրողներին եւս ներկայացնել հայաստանցի ընթերցողին, ինչպես նաեւ ստեղծել երկխոսություն նրանց միջեւ: «Զապելի» նախաձեռնողները հույս ունեն, որ Հայաստանը մի օր կհյուրընկալի կայացած, հայտնի կին գրողների ամբողջ աշխարհից: Իսկ ինչու «Զապել», որովհետեւ, Արեւիկ Աշխարոյանի ձեւակերպմամբ, Զապել Եսայանը 20-րդ դարի ամենաականավոր հայ կանանցից է` որպես գրող եւ հասարակական գործիչ: Միջազգային ֆորումը հենց նրա անունն է կրում եւ յուրատեսակ հարգանքի տուրք է նրա հիշատակին:
Newmag հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Գոհար Մանուկյանը նշեց, որ արդեն գործարկվել է zabel.am կայքը, որի միջոցառումներ էջից նախապես կարելի է տեղեկանալ, թե ինչ դասախոսություններ, պանելային քննարկումներ ու միջոցառումներ կարող են կայանալ առաջիկայում, իսկ հոդված բաժնում հնարավոր կլինի կարդալ դասախոսության կամ պանելային քննարկման վերաբերյալ հրապարակումները, դիտել տեսանյութեր, հեղինակներ բաժնում էլ ներկայացված են լինելու «Զապելի» հետ համագործակցող բոլոր գրողները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ