Հայաստանը կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին
Հայաստանը կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերի 19-23-ը առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, նշելով, որ Հայաստանի տաղավարն այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:
Ցուցահանդեսում կներկայացվեն վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված օտարալեզու հայ գրականություն, ինչպես նաև համագործակցային մի շարք ծրագրեր:
Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում ազգային տաղավար ունենալու նպատակն է, որ գրական գործակալները և հրատարակիչները կարողանան իրենց հանդիպումներն անցկացնել հայաստանյան տաղավարում, ներկայացնել իրենց հրատարակությունները, գրողներին, գնել և վաճառել ստեղծագործությունների գույքային իրավունքներ:
Ֆրանկֆուրտի հայկական տաղավարում, ինչպես նաև մյուս ազգային տաղավարների և օտարերկրյա հրատարակչությունների ներկայացուցիչներին կներկայացվի «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով նախարարությունն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական և ժամանակակից գրականություն: Ծրագրի նպատակը հայ գրականությունը մեր երկրի սահմաններից դուրս հայտնի դարձնելն է: Այն նպաստում է նաև մեր մշակույթի և երկրի ճանաչելիության մակարդակի բարձրացմանը: «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ վերջին 4 տարում արտերկրում լույս է տեսել (և ընթացքում է) 67 գիրք՝ 20-ից ավելի լեզուներով:
Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության նպատակներ են՝ գրատարածման բնագավառում միջազգային համագործակցությունը, արտերկրում հայ գրականության հանրահռչակումը, գրական դաշտի բոլոր օղակների զարգացումը, գրական արտադրանքի միջոցով գրական մշակութային ժառանգության պահպանումը, զարգացումը և տարածումը, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման համար պայմանների ստեղծումը:
Հայկական պատվիրակության կազմում Ֆրանկֆուրտ կմեկնեն «Արի», «Առաջին» գրական գործակալությունները, «Անտարես», «Բուկինիստ», «Նյումեգ», «ԵՊՀ», «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին», «Վերնատուն», «Էդիթ պրինտ», «Ջի Էս Էմ» հրատարակչությունները, «Զանգակ» գրատունը:
Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում Հայաստանի ազգային տաղավարի հասցեն է՝ հոլ 4.0, տաղավար C90:
Ֆրանկֆուրտի՝ աշխարհի ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ ցուցահանդեսինՀայաստանը մասնակցում է քսան տարուց ավելի: Հինգ օրում այդ միջոցառմանըմասնակցում են ավելի քան 7 հազար ցուցադրողներ՝ աշխարհի 100 երկրից:
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է