Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ խոսել է կրկնակի հայր լինելու երջանկության մասին
07/01/2024
Հայազգի ֆուտբոլիստը խոստովանել է՝ որտեղ էլ լինի, ուժն ու էներգիան իր ընտանիքից, հարազատներից է ստանում։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Երեխաների ծնունդն ամեն ինչ է փոխել։ Այսօր Երևանում Գրքի և արվեստների ամառային 4-րդ փառատոնում Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանի հետ զրույցում խոստովանել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, իտալական «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։
«Երբ ծնվում են զավակներդ, կյանքդ կրկնակի իմաստ է ստանում, իրենց համար ես սկսում ապրել, անում ես ամեն ինչ, որ իրենք իրենց լավ զգան, որ դու էլ քեզ լավ զգաս դրանով»,- ասել է Հենրիխը։
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ շատ ժամանակ է անցկացնում երեխաների հետ։ Վստահ է, որ երեխա դաստիարակելն արվեստ է։
«Ես ուղղակի բավականություն եմ ստանում, որ պետք է ամեն օր երեխաներիս մի բան սովորեցնեմ ու կրկնեմ սովորածս»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ որդին՝ Համլետը, ֆուտբոլ շատ է սիրում, գրեթե ամբողջ օրը ֆուտբոլով է զբաղվում։ Հավելում է՝ ինքն այդ հարցում որևէ ազդեցություն չի ունեցել, որդին ինքն է այդպես որոշել։
«Ինքը թող ընտրի իր ճանապարհն ու կերտի այն, ես կփորձեմ նրան օգնել, մեջքին կանգնել և որպես ծնող կուրախանամ նրա հաջողություններով»,- ասել է ֆուտբոլիստը։
Զրույցի ընթացքում Հենրիխը խոսել է նաև Հռոմից Միլան տեղափոխվելու մասին։ Նրա խոսքով՝ կապ չունի, թե որտեղ ես, կարևոր է, թե ում հետ ես։ Իր դեպքում, որտեղ էլ լինի, էներգիան ընտանիքից է ստանում։
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է 2019 թվականին։ 2020թ․ լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը` որդին՝ Համլետը, իսկ 2023-ին դուստրը՝ Լիլյան։
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է