IDBank-ը հովանավորել է «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գիրքը
Newmag հրատարակչությունը լույս է ընծայել Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանի «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գիրքը:
Գրքի եւ 2019-ին կազմակերպված Rock Aid Armenia նախաձեռնության 30-ամյակի միջոցառման հովանավորը IDBank-ն է։
«Կարծում ենք, որ նման գործ արած մարդկանց պետք է շնորհակալություն հայտնել: Մինչ Սպիտակի երկրաշարժը նրանք որեւէ կապ չեն ունեցել Հայաստանի հետ, սակայն ցուցաբերեցին սրտացավ վերաբերմունք, մեծ ջանք ու եռանդ: Գիրքն էլ այս ամբողջ աշխատանքի յուրօրինակ ամփոփումն է», - ասել է IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը:
«Արա Թադեւոսյանն անկեղծորեն ու մանրամասն նկարագրում է նորանկախ Հայաստանի թերեւս ամենաաստղային նախաձեռնության ետնաբեմը, որը կարող է հետաքրքրել ոչ միայն ռոքի սիրահարներին, այլեւ բոլոր նրանց, ովքեր ունեն անիրագործելի թվացող երազանքներ, դրանց հասնելու աննահանջ կամք ու անսպառ եռանդ», - նշում է Newmag-ը:
«Հուշագրությունը Հայաստանի համար կարեւոր ակցիայի վերածված երազանքի խրոնոլոգիան է: Պատմություն է այն մասին, թե ինչպես մեկ մարդ իր համախոհների հետ կարող է իրականություն դարձնել անհավանական թվացող ծրագրերը, համաշխարհային մեծության աստղերի հետ մտերմիկ կապեր հաստատել եւ նպաստել, որ նրանց հետ կապերը Հայաստանի հետ դառնան նույնքան մտերմիկ: Յուրաքանչյուր ոք կարող է որեւէ կերպ դեպի լավը փոխել իրեն եւ շրջապատող աշխարհը, եթե գնա իր երազանքի հետեւից», - ասել է գրքի խմբագիր Գնել Նալբանդյանը:
Գրքի շնորհանդեսը կայացել է հուլիսի 31-ին՝ «Արմենիա» հեռուստաընկերության առավոտյան հաղորդման ուղիղ եթերում: Հեղինակից բացի, շնորհանդեսին մասնակցել են Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, ջութակահար Արամ Ասատրյանը, Հայ Օգնության Ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանը, լրագրող եւ լեռնագնաց Աշոտ Լեւոնյանը, գրքի գործընկեր IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը:
Գիրքը օգոստոսի 3-ից վաճառվելու է Երեւանի գրախանութներում, այն կարելի է ձեռք բերել նաեւ այս հղումով. https://newmag.am/book/Rockstar: Կայքից գնելու դեպքում գիրքը Երեւանում եւ մարզերում առաքվում է անվճար:
Արա Թադևոսյան
2900 ֏
Նկարագրություն
Այս գիրքն ամենախենթ երազանքն իրականություն դարձնելու մասին է։ Երազանքն այնքան համարձակ էր, որ անիրագործելի էր թվում։ Այդպես լրագրող Արա Թադեւոսյանը մի օր որոշում է Հայաստան հրավիրել համաշխարհային այն ռոք աստղերին, որոնք ժամանակին օգնեցին Սպիտակի երկրաշարժից տուժած երկրին։
Այս գիրքը երազանքը կյանքի կոչելու յուրօրինակ ճանապարհային քարտեզ է. ինչպե՞ս սկսել, ինչի՞ց, ի՞նչ անել, երբ հեռախոսազանգերն ու էլնամակները մնում են անպատասխան, երբ բոլորը՝ ընկերներից մինչեւ հովանավորներ, թերահավատ են քո գաղափարի հանդեպ, երբ նախապես ծրագրվածը վերջին 24 ժամում գլխիվայր փոխվում է։
Ինչ է պետք անմիջապես անել, եթե աստղը, ի վերջո, ժամանել է, բայց ատամնացավով։
Արա Թադեւոսյանն անկեղծորեն ու մանրամասն նկարագրում է նորանկախ Հայաստանի թերեւս ամենաաստղային նախաձեռնության ետնաբեմը, որը կարող է հետաքրքրել ոչ միայն ռոքի սիրահարներին, այլեւ բոլոր նրանց, ովքեր ունեն անիրագործելի թվացող երազանքներ, դրանց հասնելու աննահանջ կամք ու անսպառ եռանդ։