Կարող է մոռացության մատնվել ու փոշու տակ մնալ, կարող է օգտակար լինել առանձին անհատներին. Սամվել Ֆարմանյանը՝ իր հեղինակած գրքի մասին
Կարող է մոռացության մատնվել ու փոշու տակ մնալ, կարող է օգտակար լինել առանձին անհատներին. Սամվել Ֆարմանյանը՝ իր հեղինակած գրքի մասին
Պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ինչպես ծնողը չգիտի, թե ինչպես կդասավորվի լույս աշխարհ բերած իր երեխայի ճակատագիրը, այդպես էլ հեղինակը չգիտի, թե ինչ ճակատագիր կունենա իր գիրքը: Կարող է մոռացության մատնվել ու փոշու տակ մնալ, կարող է օգտակար լինել առանձին անհատներին: Կարող է և ավելին:
Այսօրվանից իմ «Միայնակ ընդդեմ ճակատագրի. ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» գիրքն ապրում է իր կյանքով: Իմ անկեղծ ցանկությունն է, որ այն դառնա վերջին մեկ ու կես տասնամյակի իրադարձությունների, հատկապես հայ-թուրքական ու արցախյան բանակցությունների պատմության ուսումնասիրության աղբյուրներից մեկը, դառնա մեր երկրում քաղաքական մտածողության ռեալիզմի ուղղության առաջմղման լրացուցիչ կաթիլ: Դառնա, կարծրատիպերից դուրս, Հայաստանն առաջնորդած մարդկանց իրական կերպարն ու մեր պետական-ազգային իրական շահերը հասկանալու գործիք:
Ես չգիտեմ անգամ, թե արդյո՞ք գրքում ներկայացված իրադարձությունների հիմնական դերակատարները՝ նախագահ Սարգսյանն ու արտգործնախարար Նալբանդյանը, մյուսները հիշում են գրքի առանձին դրվագներ այնպիսի ճշգրտությամբ ու մանրամասնությամբ, ինչպես ես, որպես այդ հսկայական նյութը բառ առ բառ գրի առած վկա: Չգիտեմ, ինչպես կարձագանքեն նրանք՝ ծանոթանալով բովանդակությանը, կհավանե՞ն, չե՞ն հավանի, կվիճարկե՞ն, կհամաձայնե՞ն: Բայց մեկ բան ակնհայտ է. ես շարադրել եմ իրականությունն ու փաստերը, որոնց հետ չեն կարող վիճել ո՛չ իրենք, ո՛չ իրենց ընդդիմախոսները ու ո՛չ էլ այս կամ այն երկրի արտգործնախարարությունը: Ու դա արել եմ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ համար՝ ընդդեմ դրա չիմացության, ընդդեմ դրա նենգափոխման, ընդդեմ դրա ուրացման ու երեկվա անցյալի աղետաբեր խեղաթյուրման:
Մեկ անգամ ևս, շնորհակալ եմ նրանց, ովքեր ներկա գտնվեցին գրքիս շնորհանդեսին: Առավել շնորհակալ կլինեմ, եթե ուշադրությամբ ընթերցեք գիրքս, կիսվեք ձեր կարծիքով և տպավորություններով:
Գիրքը հրատարակել է Newmag-ը: Այն կարող եք ձեռք բերել առցանց(https://newmag.am/book/alone-vs-fate) կամ Հանրապետության բոլոր գրախանութներում երեքշաբթի օրվանից սկսած:
Բարի ընթերցում»,- գրել է նա: