Մահաբեր ընտրություն. Newmag-ը հրատարակել է ամերիկացի բժիշկ Փոլ Օֆիթի բժշկագիտական բեսթսելլերը
«Մահաբեր ընտրություն. ինչ սպառնալի հետևանքներ ունի պատվաստանյութերի դեմ շարժումը» բժշկագիտական բեսթսելլերը քողազերծում է պատվաստանյութերի հետևանքների մասին տարածված սարսափելի պատմությունները:
Ի՞նչն է իրականում ճիշտ ու ո՞ր պնդումն է սխալ։ Newmag-ը հրատարակել է ամերիկացի գիտնական, մանկաբույժ, վարակաբան Փոլ Օֆիթի գիրքը: «Մահաբեր ընտրություն. ինչ սպառնալի հետևանքներ ունի պատվաստանյութերի դեմ շարժումը» բժշկագիտական բեսթսելլերը քողազերծում է պատվաստանյութերի հետևանքների մասին տարածված սարսափելի պատմությունները: Newmag -ն այս գրքի վրա աշխատել է մեկուկես տարի:
Հայերեն հրատարակությունը պահպանել է Փոլ Օֆիթի բոլոր ծանոթագրությունները: Եթե որևէ միտք կամ հետազոտության տվյալ է պետք, դրանց սկզբնաղբյուրները գրքի վերջում են: Սա գիտական և միևնույն ժամանակ հանրամատչելի գիրք է:
68-ամյա ամերիկացի բժիշկը հեղաշրջեց պատվաստանյութերի մասին բոլոր միֆերն ու 25 տարվա քրտնաջան ուսումնասիրությունից հետո հայտնագործեց ռոտավիրուսի դեմ պատվաստանյութը, որը միլիոնավոր մանուկների փրկեց: Հայերեն հրատարակության առիթով հայ ընթերցողներին ողջույնեց հենց նա՝ գրքի հեղինակ Փոլ Օֆիթը:
Հայերեն հրատարակության գրքի նախաբանը գրել է Հայաստանի առողջապահության նախկին նախարարը: Լևոն Ալթունյանի խոսքով, անտեղյակ լինելու պատճառով է, որ ծնողները խուսափում են պատվաստումներից՝ մահացու ռիսկի ենթարկելով եւ տառապանքների դատապարտելով իրենց երեխաներին:
Գիրքը պատմում է Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում պատվաստանյութերի ստեղծման, դրանց դեմ պայքարի և այդ պայքարն առաջնորդողների մասին: «Մահաբեր ընտրություն» գրքի շնորհիվ հասարակությունը հասկացավ, թե իրականում ինչ են պատվաստումներն ու ինչքան կարևոր են մարդկանց համար:
Հայերեն հրատարակությունն օգտակար կլինի ոչ միայն հայ մասնագետներին, այլ նաև բժշկությամբ ու հատկապես պատվաստանյութերով հետաքրքրվող մարդկանց: Վաչե Գաբրիելյանի խոսքով, բժշկագիտական բեսթելլերը համաշխարհային գիտության նվաճումները ներկայացնում է պարզ և հասկանալի լեզվով։
Փոլ Օֆիթը գիրքը գրել է դետեկտիվ ժանրին բնորոշ դինամիկայով: Այն թարգմանվել է ավելի քան 10 լեզվով, ճանաչվել տարվա գիրք ու գլխավորել բժշկական բեսթսելլերների ցուցակը: Այս գրքով Փոլ Օֆիթը վերջակետ է դնում հակապատվաստումների մասին բոլոր պատմություններին: Սա դժնի համաճարակների վերադարձը կանխելու և մահաբեր ընտրությանը չտրվելու ուղեցույց է:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը